Անցյալ տարի Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակը եւ դիպլոմն էր շահել երեւանցի երիտասարդ կինոբեմադրիչ Ռուբեն Խաչատրյանի սցենարով եւ բեմադրությամբ նկարահանված «Աղոթեք ինձ համար» վավերագրական կինոնկարը (արտադրությունՙ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի): Այս հուզիչ կինոասքը պատկերում է հիմնականում արցախյան պատերազմում որբացած եւ այսօր Երեւանում ռազմական կրթություն ստացող դեռահասների առօրյան, նրանց բաժին հասած ծանր ճակատագիրը: Հատկապես տպավորիչ է ֆիլմի ավարտը, որտեղ կադր առ կադր երեւում են մարտի դաշտում ընկած պատանի ազատամարտիկներըՙ առատ թափվող ձյան ֆոնին նրանց շիրմանկարների միջոցով:
Քանի որ Ռուբեն Խաչատրյանը ներկա չէր գտնվել «Լիստոպադին», նրա մրցանակի եւ դիպլոմի հանձնման արարողությունը տեղի ունեցավ միայն վերջերսՙ ապրիլի 22-ին, Հայաստանում Բելոռուսիայի դեսպանատանը, անձամբ դեսպանի կողմիցՙ մի խումբ հայ կինոգործիչների ներկայությամբ:
Ա.Բ.