«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2008-04-29 | #81, 2008-04-30 | #82, 2008-05-01


ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀԱՐՈՒԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարական մի շարք մարզական լրատու աղբյուրներ, ինչպես նաեւ «Bieler Tagblatt»-ը տեղեկացնում են, որ վտանգվել է 37-ամյա նախկին ֆուտբոլային աստղՙ «Լոզանի», YB-ի, «Զերվեթթեի», «Աարաուի» կազմում սուպերլիգայի 150 խաղի մասնակցած Հարութ Վարդանյանի մարզական կարիերան:

Գյումրեցի ֆուտբոլիստը, որը 6 ժամ բետոնե սալի տակ էր մնացել երկրաշարժի ժամանակ, ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլեւ ճանաչված ֆուտբոլիստ դարձել:

Վարդանյանը կարիերան սկսել է «Շիրակից», տեղեկատու այլ աղբյուրների հաղորդմամբՙ Կիրովականի «Լոռի» ակումբից, 1989-ին է տեղափոխվել Լենինական, ուր մնացել է մինչեւ 1997-98: 1989-99-ին առաջին անգամ մեկնել է արտասահմանՙ Քյոլնի «Ֆորտունա»ՙ ֆուտբոլի 2-րդ բունդեսլիգա: 1998-2006-ին Վարդանյանը հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում:

2000, 2003-ին Արթուր Պետրոսյանի հետ խաղացել է YB (Young boys), թիմում եւ նշանակալի դերակատար են եղել: Հետո Վարդանյանը տեղափոխվել է Ժնեւի «Զերվեթթե», մեկ խաղաշրջան անցՙ «Աարաու»: Խաղացել է Բիիլի առաջին լիգայում: Այնուհետեւ առողջական վիճակը թույլ չի տվել շարունակել մարզական կարիերան: «Աարաուի» հետ պայմանագիրը վերջանալուց հետո նա ֆինանսական խնդիրներ է ունենումՙ պիտի խնամեր 6 հոգանոց ընտանիքը: Ընտրում է զարտուղի ճանապարհ: 2007-ի ապրիլի 25-ին կանտոնալ ոստիկանությունը հայտնվում է Վարդանյանների տանը: Այստեղ էին գտնվում կողոպուտով զբաղվող Վարդանյանի 3 համերկրացիներ, ում ֆուտբոլիստը ոչ միայն օթեւանել էր, այլեւ արցունքն աչքերում խոստովանել է, թե նրանց հարկադրանքի պայմաններում ինքն էլ անօրեն գործողություններ է կատարել: Ըստ դատախազության, մի շարք կանտոններում Վարդանյանը մասնակցություն է ունեցել գողության 4 դեպքերի, իսկ 2-ում մեղավոր է ճանաչվել: Հարութ Վարդանյանին երկու տարվա բանտարկություն են տվել: Ըստ շվեյցարական կայքէջերի, Վարդանյանն արդեն 290 օր անցկացրել է նախնական կալանքի տակ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4