«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2008-04-29 | #81, 2008-04-30 | #82, 2008-05-01


ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջըՙ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատարներից մեկըՙ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդր Մոտիլյովի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Նույնքան միավոր ունեն աղյուսակը գլխավորող մյուս երկու շախմատիստներըՙ Էմիլ Սուտովսկին եւ Պավել Տրեգուբովը:

Հայաստանցի շախմատիստներից առջեւում է Վլադիմիր Հակոբյանը (5,5 միավոր): Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան Էմանուել Բերգի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Սարգսյանն ու Պերունովիչը, Գրիգորյանցն ու Ասրյանը: Սարգսյանը, Տեր-Սահակյանը, Ասրյանն ու Պետրոսյանը վաստակել են 5-ական միավոր: Պետրոսյանը հաղթեց Զորան Ջովանովիչին: Տուրը հաղթական էր նաեւ Աշոտ Անաստասյանի, Սամվել Տեր-Սահակյանի ու Արտաշես Մինասյանի համար: Իսկ ահա Տիգրան Քոթանջյանն ու Դմիտրի Հարությունյանը պարտվեցին:

Կանանց մրցաշարում առաջատարներից մեկըՙ Էլինա Դանիելյանը երկրորդ պարտությունը կրեց: Նա սպիտակներով զիջեց Պիա Կրամլինգին: Էլինան 5,5 միավորով 13-րդ տեղում է: Իսկ աղյուսակը գլխավորում են Կատերինա Լահնոն, Աննա Ուշենինան եւ Պիա Կրամլինգը: Անհաջողության մատնվեց նաեւ Լիլիթ Մկրտչյանըՙ պարտվելով Էլմիրա Սպրիպչենկոյին: Լիլիթն ունի 5 միավոր: 4,5 միավոր է վաստակել Լիլիթ Գալոյանըՙ ոչ-ոքի խաղալով Մոնիկա Ցիգանովայի հետ: Նելլի Աղինյանը հաղթեց Մառա Շելիցային, իսկ Սիրանուշ Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց Սիլվիա Կոլասի հետ: Մեր երկու շախմատիստները 4-ական միավոր են վաստակել: Մոնիկա Կալզետային հաղթելուց հետո նրանց միացավ նաեւ Աննա Հայրապետյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4