«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2008-04-30 | #82, 2008-05-01 | #83, 2008-05-02


ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՕՐ Է

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Իսրայելում երեկ Հոլոքոսթի օրն էր, կամ ինչպես հրեաներն են ասումՙ Շոայի օրը (եբր. Յոմ հա Շոա, որ նշանակում է Ողջակիզման օրը): Ընդունված կարգի համաձայն, առավոտյան ժամը 10-ին ամբողջ երկրում հնչեց սգո շչակըՙ յուրաքանչյուր հրեայի կոչելով 2 րոպե լռությամբ հարգելու զոհերի հիշատակը: Այդ րոպեների ընթացքում երկրում գրեթե բացարձակ լռություն պահպանվեցՙ կանգ առավ երթեւեկությունը, վարորդները դուրս եկան մեքենաներից ու կանգնեցին գլխահակ, այդպես նաեւ զոհերի հիշատակը հարգող յուրաքանչյուր ոքՙ ներսում, թե դրսում:

Լռության րոպեից ուղիղ մեկ ժամ անց երկրի խորհրդարանՙ Քնեսեթ մտան Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Եհուդ Օլմերտը, խորհրդարանի խոսնակ Դալյա Իցիկը, արդարադատության գերագույն դատարանի նախագահ Դորիտ Բեյնիշը, նախարարներ, պաշտոնական այլ դեմքերՙ մասնակցելու «Յուրաքանչյուր ոք անուն ունի» հիշատակի արարողությանը, որի ժամանակ ընթերցվում են զոհերի անունները: 1989-ից ավանդույթ դարձած այս միջոցառումն ուղիղ եթերով հեռարձակվեց ամբողջ երկրում:

Ոգեկոչման գլխավոր արարողությունը ամեն տարվա պես սկսվեց նախորդ օրը երեկոյան, Երուսաղեմի «Յադ վա Շեմ» Հոլոքոսթի թանգարանում, դարձյալ պետական այրերի ներկայությամբ: Այս տարի նրանց զրույցի առանցքային թեման Իսրայելի անկախության 60-ամյակին նվիրված միջոցառումներն էին: Թանգարանի տնօրեն Յոսեֆ Լապիդը վառեց հիշատակի ջահը, այն փոխանցելով Հոլոքոսթը վերապրած եվրոպաբնակ 6 հրեաներին, որոնք իրենց հերթին վառեցին 6 մլն զոհերի հիշատակը խորհրդանշող 6 ջահերը: Դրանից հետո եվրոպական թեմերիՙ աշքենազի եւ սֆարադի ռաբբիները սաղմոսներ կարդալով աղոթք հղեցին առ Աստվածՙ զոհերի հիշատակը հավերժ պահելու եւ նոր աղետներից փրկելու աղերսով:

Զուգահեռներ նույն օրվա հանդեպ պետական մոտեցումների

Հոլոքոսթի օրվան նվիրված պետական միջոցառումներին հանգամանորեն անդրադառնալուց հետո փորձենք հետահայաց զննելով գտնել մեր ու հրեաների մոտեցումների նմանություններն ու տարբերությունները, մանավանդ որ հայերս հրեաներին օրինակ բերելու վաղեմի սովորույթ ունենք:

Մեզանումՙ ապրիլի 24-ի նախօրեին պետական մակարդակի միջոցառում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մենք կառուցել ենք սքանչելի հուշակոթող, որով հպարտանում ենք եւ հիշատակի օրվա պաշտոնական արարողությունը սկսում ենք հենց այնտեղՙ ուղիղ ժամը 10-ին, մեր պետական եւ հոգեւոր առաջնորդների ներկայությամբ: Ծաղկեպսակ ենք դնում, աղոթում, հուզվում, վերապրում, դառնությամբ լի խոսքեր ասում, զգոնության կոչեր անում... Ու մինչեւ ուշ գիշեր չի դադարում մարդկանց երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դիտում ենք ուղիղ եթերով ու սփոփվում, որ տարեցտարի չի նվազում մարդկանց հոսքը, բայց ամեն տարի դառնորեն համոզվում ենք, որ Ապրիլի 24-ին պետականորեն տեր չենք կանգնում, ինչպես դա արվում է Իսրայելում: Ասվածը չափազանցություն համարողները թող մատնացույց անեն այն իշխանավորին, որն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ տանող կամ հարակից ճանապարհներին օրենքի ողջ խստությամբ արգելել է չարչիության որեւէ դրսեւորում:

Գիտակցության եւ բարոյականության ի՞նչ անկում պիտի ապրի հայ մարդը, որ այդ օրն արթնանա սեփական գրպանը լցնելու մասին մտածելով, Ծիծեռնակաբերդի տարածք հասնի սեփական կապկի հետ, մարդկանց հրավիրի նրա հետ նկարվելու: Ինչքա՞ն պիտի հեռացած լինի մաքուր կենցաղով ապրելուց, որ ծարավը պարպելուց հետո դատարկ շշերը թողնի հուշահամալիրի տարածքում, ինչքա՞ն պիտի վարժված լինի հենց փողոցում պատրաստվող բամբակ եւ այլ բաներ ուտելուն, արեւածաղիկ չրթելու հոռի սովորույթին, որ նույնը անի նաեւ Ապրիլի 24-ին, անհարմարության որեւէ զգացում չունենալով: Չգիտեմ, նրանցից գոնե մեկը ամոթից կարմրե՞ց հաջորդ օրը հուշահամալիրի տարածքը մաքրող դիվանագետ կանանց հեռուստատեսությամբ տեսնելիս, թե՞ հորթի հրճվանք ապրեց այն զգացումից, որ իր թափած աղբը իր փոխարեն հավաքելու էին գնացել օտար կանայք: Ապրիլի 24-ին ոստիկանների պահվածքից գոհ էին բոլորը, հատկապես ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները, նույնիսկ գովեստի խոսքեր հնչեցրին, թե բարեկիրթ էին, մեղմ ու հանգիստ: Գիտի՞ արդյոք ընտրությունից ընտրություն ասպարեզ եկող մեր ընդդիմությունը, որ քաղաքական գերլարված վիճակում ապրող Իսրայելում երբեք գովեստի խոսք չէր հնչի այն ոստիկանի հասցեին, որը կարող է հանդուրժել չարչիության ու փնթիության որեւէ դրսեւորում, այն էլՙ Հոլոքոսթի թանգարանի տարածքում: Մեր քաղաքական գիտակցության աստիճանը պետք չէ փնտրել միտինգներում եւ երթերում, այլ մեր ամենօրյա կենցաղում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4