«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2008-04-30 | #82, 2008-05-01 | #83, 2008-05-02


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Երեկ «Ուրբաթ» ակումբում «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը խոսեց Հայաստանի կառավարության նոր ծրագրից: Ըստ Մարտիրոսյանի` կառավարության նոր ծրագիրը նման է եվրոծրագրի. «Սա ավելի շատ կսազեր եվրոպական երկրներին: Առաջին հերթին հաշվի չենք առել 2 ռեալ վիճակ, ինչը շատ խոցելի է դարձնում: Հայաստանը ներկայումս գտնվում է հասարակական եւ քաղաքական ճգնաժամի փուլում, իսկ իրավակիրառական դաշտը, որ գոյություն ունի ՀՀ-ում` քաղաքական, իրավական եւ տնտեսական առումներով, գտնվում է ասիական վատթարագույն դաշտերից մեկում: Որեւէ օրինաչափություն չի գործում քաղաքական գործընթացներում»:

«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ հասարակությունը եւ քաղաքացիները գտնվում են ծայրահեղ բեւեռացման վիճակում, որ հարուստների մի շատ փոքր խումբ տնօրինում է համախառն արդյունքի գրեթե 70 տոկոսը. «Այսպիսով, եկամուտների վերաբաշխումը ծայրահեղ վիճակում է: Երկրի աղքատության հաղթահարումը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի: Կառավարության բերված թվերը չեն համապատասխանում ծրագրերին, այն էՙ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին: Մեծ հակասություն կա հենց ծրագրի ներսում: Ըստ կառավարության ծրագրի` 2012-ին աղքատության ընդհանուր մակարդակը 11,2 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը 1,6 տոկոս: Սակայն, երբ ծրագիրն ավելի մանրամասն ենք ուսումնասիրում, նշված է, որ աղքատության շեմը համարվելու է նվազագույն սպառողական բյուջեն: Իրականում դա ճիշտ է, երբ աղքատության շեմը համարվում է նվազագույն սպառողական բյուջեն: Սակայն աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով 2012-ին, այդ դեպքում, աղքատության ընդհանուր մակարդակը կկազմեր 20,9 տոկոս, գրեթե 10 տոկոսով ավելին, քան նշված է այս ծրագրում, եւ 2,8 տոկոս ծայրահեղ աղքատությունը, այսինքնՙ մոտ 1 ու 2 տոկոս էլ ավելի, քան ծայրահեղ աղքատությունը, ընդ որում նվազագույն սպառողական բյուջեն սահմանված է 39940 դրամ 2012-ի համար: Այսինքն, եթե այսօրվա գնաճը նայում ենք, ինձ թվում է, տարին ոչ թե 39-ով կփակենք, այլ տարին 40 եւ ավելի տոկոսով կփակենք»: Մարտիրոսյանի համար 2-րդ բացասական երեւույթը նոր ծրագրի ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունն է. «Աճն, ըստ էության, նախատեսում ենք 0,3-0,4 տոկոս, այսինքնՙ 4 տարվա ընթացքում աճել է 1,2-1,6 տոկոս: Ներկա օրենսդրական դաշտում ՀՀ-ում ՀՆԱ- հարկեր հարաբերակցությունը պետք է կազմի 38 տոկոս: 2006-ի կառավարության հաշվետվության մեջ` բյուջեի հետ կապված կատարողականի մասին, նշված է, որ ՀՆԱ -հարկեր հարաբերակցությունը 16,2 տոկոս է: Այսինքնՙ 17 տոկոս, որը 2008-ի բյուջեում է սահմանված, եւ տարեկան 0,3 տոկոս աճն ինձ համար անբավարար է, գրեթե տնտեսության կեսը ստվերի մեջ է: Կառավարությունն այստեղ շատ մեծ քայլերի պարտադրանք ունի, որ պետք է կատարի»:

ԱԺ պատգամավորին չեն բավարարում նաեւ մամուլի եւ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, որ ձեւակերպել է կառավարությունը. «Խնդիրը բաց է մնալու այնքան ժամանակ, մինչեւ «Ա1+» ու «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները չվերականգնվեն: Շատ կարեւոր բաժին է կոռուպցիայի հետ կապված խնդիրը: Կառավարության ծրագրում հոգեբանական բարդույթի տեսքով է այն ներկայացված: Կառավարությունը շատ հավակնոտ ծրագիր է ներկայացնում, ասելով, որ Հայաստանը ցանկանում է տեսնել ֆինանսական կենտրոն: Հայաստանն ինքը ֆինանսական խնդիր ունի եւ այժմ դառնում է ֆինանսական կենտրոն: Ֆինանսական կենտրոն ունենում են այն երկրները, որոնք բարիդրացիական հարաբերություններ ունեն հարեւան պետությունների հետ, գումարած դրան, ունեն կայուն ժողովրդավարական պետություն: Մի քանի այլ կետեր, որոնք նպատակադրման խոսքեր են, ոչ մի գործնական քայլեր չեն նախատեսում: Ճաղատ վիճակում է արտաքին հարաբերությունների բաժինը: Ես ինքս բացասական եմ վերաբերվել այս ծրագրին եւ իմ գործընկերները նույնպես: Դանիայի նման պետության համար է այս ծրագիրը: Պետք է շեշտը դնենք լեռնամետալուրգիայի, տարածքային անհամաչափ զարգացման վրա, գյուղացուն պետք կապենք հողին`գյուղը զարգացնելու համար»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4