«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2008-04-30 | #82, 2008-05-01 | #83, 2008-05-02


«ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՀՆՉՈՒՄ ԶԱՆԳԸ»

Երբ մեր կյանքը հագեցավ հեռուստատեսային աստղերի ու ադամանդների շքերթներով ու սերիալներով, հասկացանք, որ հեռուստատեսությունը վտանգ է ներկայացնում, իսկ երբ դրան ավելացնում ենք զանազան սադիզմ, ատելություն, պոռնկություն քարոզող ֆիլմեր, ապա դա դառնում է մարդուն ոչնչացնող լավագույն զենքերից մեկը: Լրատվածրագրերի կեղծ կարծրատիպերն ու քաղաքական թոք-շոուներն էլ մարդկանց հասցրին նեւրոտիկ զանազան հիվանդությունների: Լեզվական պատշաճությունը շատ երկրորդական է, որովհետեւ ամեն կարգ ու սահման հատվել է: Բայց այս ռեպլիկի առիթը դրանց հետ կապ չունի, այլ մի զրույցի առիթով է` կայացած «Կենտրոն»-ի «Ուրվագծի» հյուր Արծրուն Պեպանյանի եւ հաղորդավար Պետրոս Ղազարյանի միջեւ:

Համոզված եմ, որ ժամանակը մեր առաջ դրել է լուրջ խնդիրներ եւ խոր ու ճշմարիտ խոսքի ու գործի կարիք ունենք բոլորս` առանց սեթեւեթանքի ու շպարի: Գրող, հրապարակագիր Արծրուն Պեպանյանը մի շարք գրքերի հեղինակ է եւ ընթերցող հանրությանն ու հեռուստալսարանին ծանոթ է իբրեւ երեւույթների ու դեպքերի` խորը պատճառահետեւանքային ուսումնասիրող` պատմական անցյալի քննական փորձառությունը նկատի առնելով: Նա ընկալվում է իբրեւ ազգի, իր ժամանակի համար լրջորեն մտահոգված անձնավորություն: Բարեբախտորեն, բացի վերլուծել, արձանագրելուց նա ներկայացնում է բանալի-լուծում` անդրադառնալով հոգեւոր հիմնախնդրին: Այս իրավիճակից դուրս գալու ելքը, ըստ նրա, հանրային գիտակցության արմատական փոփոխությունն է, դրա վրա որոշակի արժեքային ազդման համակարգ մշակելու միջոցով: Հարցազրույցը բնականոն ընթացավ մինչեւ այն պահը, երբ Արծրուն Պեպանյանը սկսեց խոսել ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ մեխանիզմներ կիրառելու մասին: Ասվածի էությունն այն էր, որ դա բացատրվում-պայմանավորվում է տիեզերակարգում տեղի ունեցող շրջափուլային փոփոխություններով եւ դրա` մարդկային քաղաքակրթության վրա ունեցած ազդեցությամբ, որոնք մշտապես, տարբեր դարաշրջաններում փոփոխվել, հերթագայել են միմյանց` սկսած հին եգիպտական, հնդկական, հելլենիստական շրջաններից մինչեւ այսօր` տարբեր արժեքային չափանիշներով դրոշմված: Ըստ նրա, ներկայիս` մարդու վրա նյութական արժեքների գերակայության շրջափուլն ավարտվում եւ փոխարինվում է հոգեւոր արժեքների շրջափուլի գերակայությամբ: Ժամանակակից մարդուն այս խոսքերը արտասովոր, երեւակայական բաներ են թվում, իսկ երբ հյուրը օգտագործեց «վերին ուժեր» արտահայտությունը, այն դարձավ գրեթե անհասկանալի, նույնիսկ մերժելի` արժանանալով զրուցավարի հեգնանքին: Ասելիքի շարունակությունը մնաց առկախ եւ անորոշ ակնդրի համար, այն դեպքում, երբ Պեպանյանը իրականության հանգուցալուծման առանցքային խնդիրը կապում է վերերկրյա իրողությունների հետ եւ դրանցով պայմանավորում նախընթաց ու հետագա գործողությունները: Թեպետ հյուրը քանիցս նշեց, որ իր ասելիքը միայն պատրաստված լսարանի համար է, որովհետեւ տասնյակ տարիների քարոզչության հետեւանքով ձեւավորվել է աթեիստական միջավայր, որի կրողը կամ առաջին վկայությունը արեց հե՛նց հաղորդավարը:

Մենք շատ հպարտանում ենք մեր քրիստոնյա` 1700-ամյա պատմությամբ եւ մեր հոգեւոր մշակույթով: Չնայած 70-ամյա աթեիստական մտածողության պատերը ճաք տվեցին, ու մարդիկ որեւէ կերպ փորձեցին դուրս գալ հոգեւոր վակուումից, թեկուզեւ աղանդավորական խմբեր մտնելով, նաեւ առաջացավ կանոնավորապես եկեղեցի գնացող, ժամերգություն-պատարագներին պարտադիր մասնակցող քրիստոնյաների համայնք, նաեւ տարերային այցելուները շատ են` մոմավառության, աղոթքի, խղճի հանգստության համար, բայց միեւնույն է հասարակությունը ապրում է անաստվածության խոր շրջան: Չմոռանանք, որ, ցավոք, քաղքենիական մի խավ էլ մոդա է դարձրել անգամ պահեցողությունը, եկեղեցական պսակադրությունը եւ այլն: Այսու այս մարդիկ մտնում են եկեղեցի, Աստծո տաճար ու դա ոչ հեռուստատեսությամբ, ոչ մամուլով չի հեգնվում: Ի վերջո, նրանց աղոթքը հոգեւոր կամ աշխարհիկ զանազան խնդրանքներով` առ Աստված է: Ի՞նչ են ուզում մարդիկ «վերին ուժերից»` ենթագիտակցական, գիտակցական, թեկուզ կույր հավատով, ակնկալիք ունեն, չէ՞, փրկության հույս: Չէ՞ որ դրանք բոլորը աղերսվում են երկրային դրսեւորումներին, մեր ամենօրյա կյանքին` ինչպես անձնական, ընտանեկան, նաեւ հանրային, ազգային-քաղաքական: Թե՞ քաղաքական գործընթացները մեր կյանքից անջատ, քաղաքական գործիչներն էլ ինչ-որ արտոնյալ, ազդեցությունների չենթարկվող անձեր են: Նրանք եւ բոլորս էլ ինչպես երկրային, նաեւ վերերկրային ուժերի ազդեցության ոլորտում ենք: Այնպես որ զանգը հնչում է նրանց համար, ովքեր լսելու ու գերզգայելու ունակություն ունեն, եւ սա` առանց հեգնանքի:

Ասված է, չէ՞. «Ով ականջ ունի, թող լսի»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4