«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2008-05-01 | #83, 2008-05-02 | #84, 2008-05-03


Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԼՂՀ ՀԱՐՑՈՎ

Խորհրդարանն ընդունեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը: Երեկ այդ հարցի շուրջը «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ներկայացրին «Ժառանգություն»-ից Լարիսա Ալավերդյանը եւ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի` առաջինը Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն, եւ որքան շուտ ճանաչվի այդ գործընթացը, այնքան ավելի հեշտ կլինի բանակցային գործընթացում նպատակներին հասնելը. «Իսկ մեր նպատակները պետք է հետեւյալը լինեն: Դրանք պետք է հստակ ձեւակերպված լինեն որպես քաղաքականություն: Արտաքին քաղաքականություն մենք չենք ունեցել: Արտաքին քաղաքականության մասը կառավարության նոր ծրագրում նշված է չորս տողով: Այսինքն` շարունակում ենք մնալ հարաբերությունների մակարդակով: Առաջնային պետք է ճանաչվի ԼՂՀ-ն, հետո նոր տրվի խորհրդարանի հաստատմանը: Այս ծրագրի մեջ քաղաքականությունը` որպես այդպիսին, ներառված չէ: Այսինքն` կարելի է արտաքին տնտեսական քաղաքականություն ունենալ առանց արտաքին քաղաքականության: Այսպես կոչված հայտարարություն ընդունելը ԱԺ-ում նույնպես որեւէ կերպ չի նպաստելու քաղաքականության մշակմանը: Ես «Ժառանգության» նախաձեռնությունը ողջունում եմ այնքանով, որ իշխանության մեջ լինելով ընդդիմության մի հատված` ասում է, որ Հայաստանը անհապաղ պետք է ճանաչի ԼՂՀ-ն»:

Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, որ Ղարաբաղը ինքնիշխան պետություն դառնալով արդեն իսկ դարձել է միջազգային հանրության լիիրավ անդամ. «Ընդհանրապես ՀՀ-ում ո՞վ է իրականացնում արտաքին քաղաքականությունը: Կա վիճելի մի հարց, եւ վիճելին քաղաքականացված մի հարց է. ճանաչել-չճանաչելը քաղաքական խնդիր է: Այնինչ պետության կայացումը իրավական մի խնդիր է, որ ես կցանկանայի ընդգծել. ԼՂՀ-ն հենց այն պահից, երբ ինքն իրեն հռչակել է ինքնիշխան պետություն, եւ այդ գործընթացը տեւել է 91-ի սեպտեմբերի 2-ից մինչեւ 92-ի հունվարի 6-ը, միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է: Որ ԼՂՀ-ն միջազգային հանրության սուբյեկտ չէ, դա այն է, որ իրեն չեն ճանաչել պետությունները: ԼՂՀ կայացումը անթերի է, դա նշանակում էՙ ՀՀ-ն վաղուց պետք է ճանաչեր ԼՂՀ կայացման լեգիտիմությունը, եւ այսօրվա օրով նրա պատմականորեն կայացած սահմանները»:

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի խոսքով. «Այստեղ կարելի է երկու մոտեցում ճանաչման առումով դրսեւորել: Նախ եւ առաջ, երբ ճանաչվում է հանրապետությունը, առաջին հերթին ճանաչվում է իշխանությունը: Այսինքն, Հայաստանը ճանաչելով ԼՂՀ-ն, պարտադիր չէ, որ խոսի սահմանների մասին: Ես կողմ եմ, որ ԼՂՀ-ն ճանաչվի ներկայիս սահմաններում, դեռ Շահումյանի ու Գետաշենի հարցն էլ մնա օրախնդիր: Մենք կարող ենք սահմանային խնդիրները լուծել երկկողմ բանակցությունների միջոցով: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր իշխանությունները գոյատեւում են երկակի չափանիշներով` մեկ բան ասում են, մեկ այլ բան ունենալով մտքում: Այսօր կարեւոր է, թե ինչ դեր է հատկացվում ադրբեջանահայությանը: Իշխանությունների ներկայացրած ծրագրում ընդամենը մեկ հղում կա, որ պետք է շարունակել նրանց ինտեգրումը Հայաստանի հասարակական կյանքի մեջ` ապահովելով նրանց կենցաղային պայմանները: Մենք գիտենք, որ այդ մարդկանց բնակարանային պայմանները ինչպես վատ էին, այնպես վատ էլ մնացել են մինչեւ այսօր: Մենք գիտենք, որ նրանցից շատերը ստիպված եղան լքել Հայաստանը, մնացածն էլ ստիպված եղան ընդունել Հայաստանի քաղաքացիություն, որովհետեւ այլ կերպ Հայաստանը լքել չէին կարող: Հայաստանը ամեն ինչ անում է, որ հայ փախստականի խնդիրը վերանա, քաղաքական օրակարգում այդպիսի հարց չերեւա: Այդպես էր նաեւ Նախիջեւանի հայ բնակչության հետ: Քանի մենք հիմա էլ նույնն ենք անում, շարունակելու ենք ապրել կիսման եղանակով: Մենք կիսվելով կորցնում ենք մեր հայրենիքը: Մեր քաղաքական տիրույթից այսօր դուրս է մնացել ԼՂՀ տարածքներին առնչվող խնդիրների լուծումը: Տարածքների շուրջը ով ասես բանակցում է Ադրբեջանի հետ, բացի ԼՂՀ-ից: Հայաստանը պետք է հրաժարվի ԼՂԻՄ-ը Հայաստանին միանալու 1989-ի որոշումից: Այս հարցով մենք պետք է տարածքային խնդիրը լուծենք»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4