Կյանքի 98-րդ տարում վախճանվեց հայազգի ֆրանսիացի խեցեգործ-քանդակագործուհի Գիդեթ Կարբոնելը: Նա սերում էր արվեստագետ մի գերդաստանից, թոռն էր բժիշկ, հայ հանրային գործիչ Ավետիք Բաբայանի (1839-1913) եւ հայ իրականության մեջ մանկապարտեզային գործի հիմնադիր Սոֆյա Բաբայանի (1855-1940) եւ դուստրը ֆրանսահայ նկարչուհի Արմենուհի (Արմինիա) Բաբայան-Կարբոնելի (1876-1971), որի քույրերըՙ Մարգարիտ եւ Շուշանիկ Բաբայանները հայտնի են եղել Կոմիտաս վարդապետի հետ ունեցած ջերմ բարեկամությամբ եւ ֆրանսիական երաժշտության պատմության մեջ իրենց հետքն են թողել որպես երգչուհի եւ դաշնակահարուհի:
Գիդեթ Կարբոնելն Արմենուհի Բաբայանի եւ կատալոնական ծագումով բժիշկ Շառլ Կարբոնելի երեք զավակներից էր: Ծնվել էր 1910-ի հունվարի 23-ին, Մեոդոն քաղաքում (Սեն-է-Ուազ գավառ): Ուսանել է Սեւրի լիցեյում: Խեցեգործությամբ զբաղվել է մանկուց: 1930-ին մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» խմբակցության ցուցահանդեսին: Նա պատրաստել է խճանկարներ, խեցեղեն իրեր, ճարտարապետական շինվածքներ: Գիդեթ Կարբոնելը դասավանդել է Գրենոբլի, Բույոնի, Հավրի լիցեյներում, ցուցադրվել Ֆրանսիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Եգիպտոսի քաղաքներում: 1958-ին Բրյուսելի ցուցահանդեսում արժանացել է ոսկե պատվանշանի, արվեստի եւ գրականության ասպետի կոչման: Հրատարակվել են նրա աշխատանքները պատկերող մի քանի ալբոմ: 1988-ին Կարբոնելի մասին փարիզահայ «Աշխարհ» թերթը գրել է. «Որքան օտարացած նկատենք զինք, այնքան մօտ է հայութեան իր արուեստով: Հայու տառապանքը մեծ պատերազմէն ի վեր դրոշմուած կը մնայ իր հոգիին, իր մարմինին անբաժանելի մասը կը կազմեն»:
Գիդեթ Կարբոնելն ամուսնացած է եղել քանդակագործ Էմանուել Օրիկոստի հետ, ունեցել երկու դուստրՙ Իզաբել եւ Մարիան: Իզաբել Օրիկոստ-Տոնկան նկարչուհի է, բնանկարիչ, իսկ Մարիան Օրիկոստըՙ թատրոնի դերասանուհի եւ ասմունքող: 2007 թվականին նա Փարիզում ներկայացրել է «Հայաստանի խորունկ երգերը» ներկայացումը, որտեղ արտասանել է հայ պոեզիայի նմուշների ֆրանսերեն թարգմանություններՙ Մեսրոպ Մաշտոցից մինչեւ ժամանակակից բանաստեղծները: Այս ներկայացումում նա հանդես է եկել Մարիան Օրիկոստ-Բաբայան անունով: 2007-ի ամռանը Մարիանն առաջին անգամ այցելեց Հայաստան:
Գիդեթ Կարբոնելը Բաբայան քույրերի զավակներից վերջին ողջ մնացածն էր: Նրա հուղարկավորությունը կատարվեց ապրիլի 24-ին, Բիուսսակ գերեզմանատանը:
Ա. Բ.