Թբիլիսիում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան հայ սամբիստները: Նախ առաջնության պարգեւները վիճարկեցին դասական սամբոյի մասնակիցները, ապա սամբիստներն ուժերը չափեցին մարտական սամբոյում: Երկու մրցաձեւում էլ հայ սամբիստները բավական հաջող ելույթներ ունեցան:
Դասական սամբոյում մեր մարզիկներից առավել հաջող հանդես եկավ Աշոտ Դանիելյանը (74 կգ): Մեր սամբիստը հաղթելով մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը ռուսաստանցի Լեբեդեւն էր: Ցավոք, վճռորոշ գոտեմարտը շահել չհաջողվեց եւ Դանիելյանը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Մեր սամբիստներից երեքըՙ Ռուզան Սարգսյանը (48 կգ), Արեն Մեհրաբյանը (68 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (90 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ:
Մարտական սամբոյում եւս հայ մարզիկները մեդալներ նվաճեցին: Առավել հաջողը մինչեւ 100 կգ քաշային Բոյուկյանի ելույթն էր, որը միայն եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Սիդելնիկովին եւ արժանացավ արծաթե մեդալի: Գերծանր քաշային սամբիստների մրցավեճում բրոնզե մեդալ նվաճեց Արեն Խաչատրյանը: Նույնպիսի պարգեւի արժանացան նաեւ Օթարյանը (56 կգ) եւ Աբգարյանը (57 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ