Նման հավակնոտ վերնագրով ընդարձակ հոդված է հրապարակել Financial Times-ը: Հրատարակության գլխավոր մեկնաբան-միջազգայնագետը եղել է Վրաստանում եւ հնարավորություն է ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ շրջագայելու երկրում:
Լիրիկական մուտքից պարզվում է, որ Սաակաշվիլին շատ է սիրում Շառլ Ազնավուրին եւ ուղղաթիռով ռազմական բազա մեկնելիս ամբողջ հզորությամբ միացրել է նրա հանրածանոթ երգերից մեկն ու չի մոռացել հյուրին իրազեկել, որ երգիչը ծնունդով Վրաստանից է:
Նյութն ուշագրավ է այն իմաստով, որ լրագրողը հնարավորություն է ունեցել Վրաստանի ղեկավարի հետ շփվելու ոչ պաշտոնական միջավայրում ու վարելու անկաշկանդ զրույցներ: Վրաստանը հարկադրված է ապրել, այսպես ասած, Ռուսաստանի ստվերի ներքո: Իսկ Սաակաշվիլին ուզում է իր երկրի համար ստեղծել նոր հորիզոններՙ դեպի Եվրոպա, դեպի ԱՄՆ: Վրացիները միշտ էլ հպարտացել են, ասել է Սաակաշվիլին, որ կազմել են համաեվրոպական մշակույթի մի մասը: Սակայն, լրագրողի կարծիքով, ինչքան էլ վրացիները վստահ լինեն իրենց եվրոպացի լինելու մեջ, իսկական եվրոպացի եղբայրները երբեմն կասկածներ են ունենում այդ հարցում:
Պատմելով Սաակաշվիլու սրընթաց կարիերայի մասին, հոդվածագիրը հավաստում է, որ նա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հավատարիմ բարեկամն է: Թեեւ դա էլ բավարար չէր Բուխարեստում արտաքին քաղաքական հաղթանակ տանելու համար:
Լրագրողի հարցին, թե նա չափից դուրս կախված չէ՞ Բուշի բարեկամությունից, Սաակաշվիլին պատասխանել է, թե Ջոն Մակքեյնն էլ է իր ընկերը, որ Բարաք Օբաման էլ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու կողմնակից, իսկ եթե Հիլարի Քլինթոնը հաղթի, պետքարտուղար կդառնա իր վաղեմի լավ բարեկամըՙ «իսկական հանճար» Ռիչարդ Հոլբրուքը:
Ճիշտ է, եվրոպացի ղեկավարների հետ ավելի բարդ է, սակայն Սաակաշվիլին, օրինակ, ջերմ զգացմունքներ է տածում Նիկոլա Սարկոզիի նկատմամբ, որը խիստ «անսովոր, ոչ ստանդարտ» մարդ է:
Սաակաշվիլին իր հյուրին պարզաբանում է, որ Վրաստանի խնդիրը սոսկ այն չէ, որ բարեկամներ ձեռք բերի եւ ներգրավվի որոշ կազմակերպությունների մեջ: Նպատակ է դրված երկիրը վերափոխել մշակութապեսՙ Խորհրդային Միությունից անցնել արեւմտյանի:
Օրվա երկրորդ կեսին նախագահն ու լրագրողը մեկնում են ծանոթանալու մի խումբ դեսանտայինների հետ, որոնք ուսման ինտենսիվ կուրս են անցնում իսրայելցի հրահանգիչների ղեկավարությամբ: Իսրայելցիները նրանց ուսումնական ֆիլմ են ցույց տվել իրենց մեթոդիկայի մասին: Նախագահը նրանց շնորհակալություն է հայտնել իվրիտով:
Զգացվում է, որ լրագրողը հիացած է Սաակաշվիլիովՙ նա բարեկամներ ձեռք բերելու եւ նրանց վրա ներգործելու հոյակապ շնորհք ունի, ջահել է, եռանդուն, խելացի, համոզված լիբերալ: Վրաստանի ղեկավարին դուր է գալիս զրուցակցի հարցը, թե նա ինչքա՞ն եւս նախագահ կմնա. «Հինգ տարի երկու ամիս»: Սակայն նրա ոգեւորությունը փոքր-ինչ հանգչում է հաջորդ հարցիցՙ իսկ ինչո՞վ է մտադիր զբաղվել ժամկետը լրանալուց հետո: «Չգիտեմ, կգնամ որեւէ տեղ դասախոսություն կարդալու: Գուցեեւՙ Կոլումբիայի համալսարան»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա