ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ պարզվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության նիստերի դահլիճում իր կողմնակիցների կոնգրեսում հնչած ելույթից: Նախ` որ Տեր-Պետրոսյանին այս պահին ժամանակ է պետք իր հետագա քայլերը պլանավորելու համար: Եթե սա ավելի բացենք` կտեսնենք, որ նա այս պահին մի տեսակ խուսափում է պատասխանատու որոշումներ ընդունելուց կամ, այլ կերպ ասենք, պատասխանատու որոշումներ կայացնելու համար նրան ժամանակ է պետք: Եվ ամեն ոք, որ հետեւում է ի սկզբանե, 1988 թվականից, այս քաղաքական գործչի գործելակերպին, խոսքի տոնայնությանը, որոշումներ կայացնելու հերթագայությանը, այսօր կարող է պնդել, որ նա ոտքը կախ է գցում: Ի՞նչ կարող է սա նշանակել: Սա նշանակում է, որ անկախ այն բանից, թե Մելիք-Ադամյանում հավաքված էին անհամբեր, անմիջապես փոփոխություններ ցանկացող հեղափոխական շերտեր, որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ից այս կողմ բավական մտածելու ժամանակ էր ունեցել, էլի ժամանակ է ուզում` անելիքը դեռ չգիտե: Այդ բանի համար պատճառ կարող են լինել նաեւ իշխանական թեւերից եկող տարբեր ազդակները, որոնք ուղարկողները չեն բացառում ինչ-որ աստիճանի երկխոսության կայացումը, քանի որ այս պահին Հայաստան երկրի համար այնքան էլ բարեհարմար ժամանակ չէ` նկատի առնելով միջազգային թանկացումներն ու դրանց անդրադարձը Հայաստանի շուկայում, սոցիալական ծանր հետեւանքներով, ԼՂՀ բանակցությունների շուրջը ստեղծված անհասկանալի վիճակը, եվրոկառույցների ականջքաշոցին` 1609 բանաձեւի տեսքով, ամերիկյան սպառնալիքները` «Հազարամյակի մարտահրավերները» կասեցնելու վերաբերյալ:
Մի խոսքով` հավասարապես դժվար է ինչպես իշխանության, այնպես էլ իշխանության ձգտող ընդդիմության համար, որովհետեւ երկուսն էլ, ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ պատկերավոր ակնարկեց կառավարության իր ծրագիրը ներկայացնելիս, նույն խորտակվող նավակում են, նավակի խորտակման դեպքում նրանցից ոչ մեկի համար չկա փրկություն: Ու սա, հուսով ենք, հասկանում է Տեր-Պետրոսյանը, քանի որ նա չի կարող գործել խելագարության կանխավարկածով. եթե նա եւ իր թիմն իշխանության են ձգտում, ապա նրանց նորմալ, չխորտակվող Հայաստան է պետք: Համենայն դեպս` իր պահվածքի մեջ կա այդպիսի մի թաքնված ենթատեքստ, որի անուղղակի ապացույցներն, արդեն ասել ենք, նրա ելույթում էին` Ադրբեջանին եւ ԱՄՆ-ին ուղղված կոչերը, Սերժ Սարգսյանին ուղղված մեսիջները: Մինչդեռ նույնը չի կարելի ասել նրա կողմնակիցների մասին, որոնց անընդհատ սնել են «ի գործ» եւ «հիմա-հիմա» կարգախոսներով, ու նրանց շատ դժվար է լինելու համոզել, որ հեղափոխությունն առայժմ հետաձգվում է:
Լավ, իր կողմնակիցներով կզբաղվի հենց Տեր-Պետրոսյանը, իսկ մենք շուռումուռ տանք այն հնարավորությունը, թե արդյոք այս պահին հնարավո՞ր է երկխոսություն, ինչը կսպառեր Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը, եւ պետության ուշադրությունը չէր շեղի արտաքին եւ տնտեսական մարտահրավերներից: Ճիշտն ասած` հետեւելով Տիգրան Սարգսյանի պահվածքին, որը խորհրդարանում բավական հանդուրժողաբար էր վերաբերվում ընդդիմությանը, հետեւելով իշխանական տարբեր թեւերից եկող իմպուլսներին` դա այնքան էլ անհավանական չի թվում, խնդիրը «ինչպեսին» կարող է վերաբերել: Օրինակ` կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցներում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երկխոսությունը հասարակական պահանջ համարեց. եթե նկատի ունենանք, որ նա ամենեւին էլ վերջին մարդկանցից չէ ՀՀԿ-ում, ուրեմն նա արտահայտում է Հանրապետականի ինչ-որ թեւի տեսակետ: Հենց երեկ դաշնակցական քաղաքագետ Լեւոն Շիրինյանը առկա խնդիրների, այդ թվումՙ ներքաղաքական ճգնաժամի լուծման ձեւը երկխոսությունը համարեց, քանի որ Հայաստանի շահերն ու ներկա կյանքը, երկրի վիճակն այնպիսին են, որ երկրի ապագայի համար վտանգավոր վիճակ այս պահին չի կարելի ստեղծել: Բազմաթիվ այլ, ընդ որում առկա քաղաքական ուժերի ողջ սպեկտրը ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կարելի է այսպիսի մտքեր լսել: Շատերն արդեն վերլուծել են մարտիմեկյան դեպքերն ու դրանց պատճառները, եւ գործընթացները մասնագետի հայացքով վերլուծող մարդիկ հասկանում են, թե մարդկանց դժգոհության հիմքում շատ իրական չարիքներ, շատ իրական անարդարություններ են թաքնված, եւ այդ պրոբլեմները պետք է լուծել: Հեղափոխականների առաջարկած լուծումները տանում են ոչ մի տեղ եւ նոր ցնցումները Հայաստանի վիճակը շատ ավելի կծանրացնեն: Անգամ Տեր-Պետրոսյանը դա երեւի հասկանում է: Երբ նա իր ելույթի ենթավերնագրերից մեկն անվանում էր «Հասարակության պառակտում, թե միավորում», արդյոք միավորո՞ւմն էր լեզվի տակ, չնայած իշխանությունների եւ իր կողմնակիցների միջեւ առկա վիհի մասին էր խոսում. «Առաջին հայացքից երկխոսության առաջարկը միանգամայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է»: Հետո, հասարակության առջեւ դրված խնդիրները թվելիս` այլեւս չի կազմաքանդում «ավազակապետությունը»` այլ միայն ձեւավորված կոռուպցիոն համակարգը, նրա թված մյուս կետերն էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ծրագրում համարյա արտացոլել է:
Մի անգամ գրել ենք, որ այնուամենայնիվ հանգուցալուծման ձեւ է անհաշտ ընդդիմության խորհրդարանում լինելը: Արտահերթ ընտրություններ մեզ պետք չեն` ընտրություններ ունեցել ենք, այն ժամանակ լեւոնականներ չեն մասնակցել: Սակայն հարցի մասնակի լուծման ձեւ, գոնե տեսականորեն, կարելի է առաջարկել: Օրինակ` ո՞ւմ է պետք այդքան կոճակ սեղմող գործարարի ներկայությունը խորհրդարանում: Նրանց հետեւում կանգնած ուժերը նրանցից մեծամասնական ընտրակարգով ընտրվածների մի մասին կարող են խորհուրդ տալ ի շահ երկրի վայր դնել մանդատները: Ահա այս ընտրատարածքներում կարող են նոր ընտրություններ նշանակվել ու ընդդիմության մի քանի թեկնածուներ կարող են այդ ընտրատարածքներում մրցել միմյանց հետ: Նրանց մի մասը, ոնց էլ լինի, կանցնի խորհրդարան: Ահա եւ այս ընդդիմությունը ամբիոն կունենա, եւ որքան սիրտն ուզում է` թող խորհրդարանում խոսի: Իսկ պետությանը միջազգային հանրության բացասական ուշադրության առարկան եւ այդպիսով խոցելի դարձնելը դեռ չի նշանակում, որ այդ ընդդիմությունն ի վիճակի է իշխանության գալու կամ էլ մեծ բան փոխելու մեր երկրում` այդ մարդիկ եղել են իշխանության, իրենց «փոփոխությունները» տեսել ենք:
Կիրակի օրը կոալիցիայի տարածած հայտարարության` «Եվրոպական չափորոշիչներին համապատասխան ընդդիմության իրավունքների ամրագրումը պետք է զուգակցվի քաղաքական դաշտի բոլոր դերակատարների քաղաքական պատասխանատվության հստակեցմամբ...» դրույթը երեւի ավելի շատ միս ու արյուն ստանալու մեխանիզմներ պիտի ունենա, հռչակագրային հայտարարություններից հոգնել ենք: Ամոթ չէ երկիրը ցնցումներից փրկելու համար նույնիսկ սատանայի հետ երկխոսել` այս կանխավարկածից պետք է ելնեն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, եւ դեռ մի ամիս առաջ էինք գրել` մեկ քայլ հետ գնան իրենց տարածական ախորժակներից: Մեկը խոսում է քաղբանտարկյալներին բաց թողնելու մասին, մյուսը չի ուզում մի քանի մանդատ զիջել անգամ խորհրդարանից` երկուսն էլ մի լավ տնտղելու միտք են: Բա հո նորից մարտի մեկ չի՞ կրկնվելու, կամ հո երկիրը եվրոձայնի իրավունքից չի՞ զրկվելու, ինչքան էլ Տեր-Պետրոսյանն ուրախանում է, որ խոսքից եվրոպացիք վերջապես գործի անցան եւ խոստանում են պատժամիջոցներ կիրառել: