ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու զորակոչի ընթացքին եւ հանդիպելու զորակոչիկների հետ: Երկրորդ օրն է արդեն, ինչ Սեյրան Օհանյանը հետեւում է 2008-ի գարնանային զորակոչի ընթացքին եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ստացած տպավորություններից: Ըստ Օհանյանի, զինուժի եւ ընդհանրապես ժողովրդի համար կարեւոր միջոցառումներից մեկն է զորակոչային ժամանակահատվածը: Մի կառույցի շարունակական բարելավումը, որն ապահովում է ժողովրդի անվտանգությունը. «Ես այսօր անցա բոլոր կետերով, որտեղ բուժզննում էին անցկացնում, այս աշխատանքներին նախորդել են նաեւ անցած 2007-ի աշնանային զորակոչի արդյունքների ամփոփումը, խնդիրների առաջադրումը: Կարող եմ ասել, որ տարեց տարի զորակոչի իրականացման գործընթացը զինված ուժերում բարելավվում է, եւ մեր սոցիոլոգիական հարցումները այն արդյունքն են տալիս, որ մեր բնակչության մեծ մասը իր զավակներին ուղարկում է ծառայելու մեծ ուրախությամբ եւ վստահությամբ: Բայց կան որոշ մտահոգիչ հարցեր, որոնք վերաբերում են որոշ զորամասերի, որտեղ երբեմն միջանձնային հարաբերություններին, ներքին կարգ ու կանոնին պետք է ուշադրություն դարձվի: Այդ ամենի շուրջը հրամանատարությունը հետեւություններ է կատարում, որպեսզի արդյունքների հաջողությունների հետ մեկտեղ ավելի հետեւողական լինենք»:
Յուրաքանչյուր տարի` շարունակական աշխատանքների ընթացքում, իրականացվում է նաեւ պրոֆեսիոնալ զինծառայողներով զորամասերի ստորաբաժանումների համալրումը: «Բանակի համալրման խնդիրներ չունենք, բանակի ստորաբաժանումները եւ զորամասերը իրենց կառուցվածքային եւ պլանավորված համալրումն իրականացնում են», ասում է Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե բանակից ազատվելու, խուսափելու համար փող են տալիս նրանք, ովքեր ծանոթ-բարեկամ ու մեջք ունեն, իսկ չունեւորն էլ գնում է ծառայելու` նախարարը նկատեց. «Այդ խնդիրը պետք է մտահոգիչ լինի բոլորի համար, եւ կխնդրեի մեր հասարակությանը, ժողովրդին, եթե կան նման դեպքեր կամ փաստեր, պարզապես մարդկային առումով օգնեին զինված ուժերի ղեկավարությանը` նման վատ բարքերի դեմն առնելու համար: Բացահայտման դեպքեր յուրաքանչյուր փոքր ժամանակահատվածում լինում են, բայց նորից եմ ասում` այսօր զինված ուժերի ղեկավարությունը հետեւողական աշխատանք է տանում, եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի պահպանվի արդարության սկզբունքը: Պետք է հասկանանք հետեւյալը, որ ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլեւ բոլոր գերատեսչությունները, բոլոր իշխանավոր այրերը պետք է անեն այնպես, որ լինեն օրինակ ժողովրդի համար: Հստակ կարող ենք ասել, որ բանակ զորակոչվում են բանակին պիտանի ծառայողներ. իսկ մարտական ստորաբաժանումներումՙ միայն շարային պատրաստության պիտանի զինծառայողներն են»:
Ըստ Սեյրան Օհանյանի` զորակոչային համակարգը ձեւավորված է, համապատասխան աշխատանքներն էլ զինկոմիսարիատներում, բժշկական հանձնաժողովներում, զինկոմիսարիատի հավաքակայանում իրականացվում են. «Բանակն այն գերատեսչություններից մեկն է, որ կայացել է եւ անցած ազատագրական պայքարի ընթացքում ժողովրդի հետ ցույց է տվել, թե ինչի է պատրաստ: Եվ այսօր էլ բանակը կարող է լինել մեր ժողովրդի անվտանգության երաշխիքը»: