«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2008-05-03 | #85, 2008-05-06 | #86, 2008-05-07


ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՅՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Ալիկ Հարությունյանը կշարունակի ղեկավարել խորհուրդը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին ընդունած 1609 բանաձեւում երկրում ստեղծված իրավիճակը փոխելուն ուղղված կոչերից մեկը վերաբերում էր Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: «Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ», մասնավորաբար ասվում է ԵԽԽՎ բանաձեւի հիշյալ կետում:

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսում ասաց, որ քայլեր են իրականացվում ԵԽԽՎ պահանջներն իրականացնելու համար, ինչի գործնական արդյունքին շուտով ականատես կլինենք Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերից: Ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ բանաձեւի կոչերին ուղղված քայլերն Ալեքսան Հարությունյանն իրականալի է համարում` բացառությամբ, օրինակ, որ առաջարկվում է փոխել ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը: «Դա հնարավոր չէ, քանի որ սահմանադրությամբ է ընդունված, մնացածը կկատարվի, մենք շուտով գործնականում դրանք կտեսնենք Հանրային հեռուստառադիոյի եթերում», նշեց Ալիկ Հարությունյանը:

«Հանրային թե՛ հեռուստատեսությունում, թե՛ ռադիոյում կադրային փոփոխություններ չեն սպասվում, միայն ծրագրային», շտապեց ընդգծել Ալեքսան Հարությունյանը` լռեցնելով բոլոր նրանց սպասումներն ու «ընդհատակյա տեղեկատվությունը», թե Ալեքսան Հարությունյանին պաշտոնից հանելու ցանկություն կա: Ավելին, մեր թերթում լուր էր եղել, թե Ալեքսան Հարությունյանին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի Ռուբեն Ջաղինյանը «Շարմ» ընկերությունից: «2003-ից ես պարբերաբար լսում եմ նման խոսակցություններ, նման խնդիր երբեւէ չի եղել. Ռուբեն Ջաղինյանը ոչ միայն իմ ընկերն է, այլեւ մեզ մոտ աշխատող հիմնական ստեղծագործական խմբի ղեկավարը, դա այդպես էլ կմնա: Այլ փոփոխություններ ո՛չ Հանրային հեռուստատեսությունում, ո՛չ Հանրային ռադիոյում այս պահին չեմ պատրաստվում անել` նկատի ունեմ կադրային փոփոխություններ», պատասխանեց Ա. Հարությունյանը: Իսկ ընդդիմության հայտարարություններին էլ, թե ինքը պետք է դուրս գա «իր պոստից», արձագանքեց. «Ինչ վերաբերում է հրապարակումներին, այո, ընդդիմության կողմից հնչել են նման հայտարարություններ, բայց ես նշանակվել եմ մինչեւ 2013-ը եւ մինչ այդ եթե ինչ-որ բաներ չպատահեն, այդպես էլ կմնա»:

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ ինքը հանդիպել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա հետ զրույցում որոշվել է Հանրային հեռուստատեսությունում, ռադիոյում, ինչպես նաեւ Հանրայինի կազմում գործող «Նոր ալիք» հեռուստաընկերությունում փոփոխություններ կատարել: Հանրային ռադիոյի եթերում կավելանան մշակութային, կրթական հաղորդումները, ռադիոթատրոնի ավանդույթի վերականգնումը պարբերական բնույթ կկրի, կվերականգնվեն նաեւ անցած տարիներին «օպտիմալացված» նվագախմբերը: Հանրային ռադիոն, Ալեքսան Հարությունյանի խոսքով, սեպտեմբերից դուրս կգա FM ձեւից, իսկ ռադիո «Երեւանն» ու «Ջազռադիոն» կշարունակեն հեռարձակվել նույնությամբ:

Հանրային հեռուստատեսությունում սեպտեմբերից կավելանան քաղաքական, քաղաքական բանավիճային հաղորդումները: Արդեն 2009-ից Հանրայինի հեռուստաեթերը կլքեն լատինամերիկյան հեռուստասերիալները, որոնց փոխարինելու կգան տեղական արտադրության սերիալները, որոնց որակը, Ա. Հարությունյանի համոզմամբ, հետզհետե կբարելավվի, կարեւորըՙ այդ շուկան էլ մեր արտադրանքով կսպասարկվի:

«Նոր ալիքն» էլ 2009-ից կվերածվի 24-ժամյա մշակութային հեռուստաալիքի` սփռվելով ամբողջ հանրապետությունում: Ալեքսան Հարությունյանը վստահեցրեց, որ կցուցադրվեն բարձրակարգ ֆիլմեր, սերիալներ, մեր պատմության եւ մշակույթի մասին պատմող հաղորդումներ, տեղական արտադրության հեռուստանովելներ:

Կարճ ասած, բավական փոփոխություններ են սպասվում, բայց թե սրանք որքանով կծառայեցվեն ԵԽԽՎ բանաձեւի պահանջների կատարմանը, ավելի ճիշտՙ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի անկախությանը քաղաքական շահերից, դժվար է ասել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4