«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2008-05-03 | #85, 2008-05-06 | #86, 2008-05-07


ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եւ նրան պատկանող ընկերությունների շուրջը տեղի ունեցող իրադարձությունները թերեւս արժանի են առանձին անդրադարձի: Մեկ անգամ արդեն, մինչ նախընտրական քարոզարշավը, առիթ ունեցել ենք մեր թերթում նշելու, որ անթույլատրելի է տնտեսական պատժամիջոցների ձեւով հետապնդումներ իրականացնել գործարարի դեմ, որը հրապարակավ արտահայտել է իր քաղաքական կողմնորոշումը: Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ քաղաքականություն վերադառնալու հայտարարության պահից Խաչատուր Սուքիասյանը հայտնեց, որ աջակցելու է նախագահի այդ թեկնածուին, ինչն էլ առիթ դարձավ իշխանությունների կողմից նրան պատկանող ընկերություններում ստուգումներ սկսելու եւ ամեն կերպ խոչընդոտելու նրանց նորմալ գործունեությանը:

Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարոյական իրավունք չուներ վերստին նախագահ դառնալու ցանկություն իսկ հայտնելուՙ 90-ականների դժոխային տարիները մեր ժողովրդին եւ երկրին «պարգեւելու» համար, այն, որ նա անհանդուրժողական նախընտրական քարոզչություն տարավ, պառակտելով եւ միմյանց դեմ դուրս բերելով ժողովրդին, որ նա էր գլխավոր հրահրողը եւ մեղավորը մարտի 1-ին թափված արյան համար, մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել ասելու եւ հիմնավորելու: Սակայն դրա հետ մեկտեղ չենք կարող չնշել, որ անընդունելի են այն հետապնդումները, որոնց մինչ օրս ենթարկվում է Խաչատուր Սուքիասյանը, որովհետեւ նախընտրական արշավի ժամանակ աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հատկապես այժմ, երբ հետընտրական կրքերը կարծես թե հանդարտվելու նշաններ են ցույց տալիս, առավել անիմաստ եւ մեր երկրի տնտեսության ու գործարար միջավայրի համար վնասաբեր են դառնում այն քայլերը, որ իրականացվում են Խաչատուր Սուքիասյանի ընկերությունների նկատմամբ:

Ապացույցները, որ հարկային եւ մաքսային մարմինների գործողությունները նրան պատկանող ընկերությունների նկատմամբ խտրական են, շատ են: Բավական է միայն թվարկել վերջին ամիսներին տարբեր տեսակի ստուգումների, տուգանքների, տույժերի, չձեւակերպումների եւ նմանատիպ այլ գործողությունների ենթարկված Սուքիասյաններին պատկանող ընկերությունների անուններըՙ «Երեւանի ալրաղաց», «Պիցցա դի Ռոմա», «Բջնի», «Սպորտ-թայմ», «Պարես Արմենիա», «Նարեկ»: Որեւէ այլ գործարարի պատկանող այս քանակի ընկերությունների նկատմամբ այսպիսի գործողություններ չեն իրականացվել:

Առավել անընդունելի են Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը: Ի տարբերություն ագրեսիվ գործողությունների կոչով հանդես եկող ՀՀՇ-ական մի շարք գործիչների, Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ին հանդես էր գալիս հանդարտության կոչով, եւ նրան մեղադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ այլ ապօրինությունների մեջՙ անհեթեթ է: Ժամանակն է վերացնելու այդ մեղադրանքը եւ հնարավորություն տալու Խաչատուր Սուքիասյանին վերադառնալու իր բնականոն գործունեությանը: Նա, ի վերջո, Հայաստանը ներկայացնող ամենահայտնի գործարարներից է եւ նրա նկատմամբ իշխանությունների գործողություններն արտերկրի գործարարների մեջ բացասական մոտեցումներ կձեւավորվեն մեր երկրում գործարար միջավայրի մասին:

Սուքիասյաններին պատկանող ընկերությունների արտադրած եւ ներմուծած ապրանքները հայտնի են Հայաստանում եւ արտերկրում: Այդ ընկերությունները միաժամանակ խոշոր հարկատուներ են: Որքանո՞վ է տնտեսապես արդարացված նրանց գործունեությանը խոչընդոտելը: Սպառողները չեն կարողանում ձեռք բերել իրենց նախընտրած ապրանքները, պետական բյուջեն չի ստանում հարկային վճարները, ձեռնարկությունների աշխատակիցները մատնվում են պարապուրդի:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ անարդար է այն իրավիճակը, երբ ապօրինի գործողություններ հրահրող գլխավոր դեմքըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի անձեռնմխելի է, իշխանությունները խուսափում են անգամ հարցաքննության հրավիրել նրան, իսկ Խաչատուր Սուքիասյանի դեմ հարուցված է քրեական գործ: Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին շրջանի գործունեության հետեւանքով ամենից շատ տուժեց հենց Խաչատուր Սուքիասյանը, անկասկած է: Ակնհայտ է նաեւ, որ Խաչատուր Սուքիասյանիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելը քաղաքական որոշում էր: Այլապես որպես գործարար նա երբեք չէր գնա նման ռիսկային եւ ի սկզբանե ձախողման ենթակա քայլի: Սակայն դա չի նշանակում, որ նրա շուրջը ստեղծված ներկա իրավիճակը պետք է շարունակվի: Ժամանակն է որպես բարի կամքի արտահայտություն գոնե հիմա դադարեցնելու քրեական հետապնդումը հայտնի գործարարի եւ տնտեսական ճնշումները նրան պատկանող ընկերությունների նկատմամբ: Դա շատ վատ նախադեպ է ընդհանրապես մեր գործարարության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4