«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2008-05-03 | #85, 2008-05-06 | #86, 2008-05-07


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՆ ԴԻԼԻՋԱՆ» ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 2-ին Դիլիջանում նշանակալի օր էր. տեղի ունեցավ «Հին Դիլիջան» համալիրի բացման հանդիսությունը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, այլ պաշտոնյաներ, լրագրողներ:

Համալիրը, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի պատվերով վերակառուցել է «Կանակա» ԲԲԸ-ն: Անցած տարի ավարտվել են վերականգնման եւ ամրացման աշխատանքները, իսկ այս տարի, մինչեւ բացման հանդիսությունը, լուծվել է գույքի եւ կահավորման խնդիրը: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գործում են «Թուֆենկյան» երկու բիզնես ընկերություններըՙ տարբեր բնագավառներում:

«Թուֆենկյան թրանս-կավկազուս» ՍՊԸ-նՙ Ջեյմս Թուֆենկյանի առաջին ձեռնարկումն է Հայաստանում: Այն հիմնադրվել է 1993-ին, զբաղվում է հայկական ձեռագործ գորգերի արտադրությամբ եւ արտահանմամբՙ մասնավորապես ԱՄՆ եւ Եվրոպա: «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001-ին: Ընկերության նպատակն էՙ Հայաստանում զարգացնել տուրիզմըՙ կառուցելով հյուրանոցային համալիրներ Հայաստանի տարբեր մարզերում եւ նման ձեւով միջազգային հանրությանը ներկայացնել մեր երկրի հարուստ մշակույթը, պատմությունն ու ավանդույթները:

«Հին Դիլիջան» համալիրի մասին: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կյանքը Դիլիջանում լուրջ փոփոխությունների ենթարկվեց շնորհիվ իր չքնաղ բնության եւ առողջարար օդի: Մեծացավ շփումը Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսի եւ արդյունաբերական կենտրոն Բաքվի հետ: Այստեղի շատ գործարարներ եւ ապահովված ընտանիքներ գերադասում էին իրենց հանգիստն անցկացնել Դիլիջանի հանգստյան տներում եւ ամառանոցներում: Դրա հետեւանքով երկհարկանի, փայտյա զարդաքանդակներով` բաց պատշգամբներով, կղմինդրածածկ տները դարձան Դիլիջանի ճարտարապետությանը բնորոշ տարրեր, որոնցից շատերը դեռ այսօր կարելի է տեսնել պատմական Շարամբեյան փողոցում, որը ամբողջովին վերականգնել է «Թուֆենկյան» ընկերությունը: «Թուֆենկյան» ընկերության նպատակն է վերականգնել Դիլիջանը որպես տեղացիների ու արտասահմանյան զբոսաշրջիկների համար առաջնային հանգստավայր եւ վերածել պատմական Շարամբեյան փողոցը տուրիստական կենտրոնի: Այդ նպատակով «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը վերականգնել է Շարամբեյան փողոցի «Դիլիջան» պատմամշակութային արգելոցըՙ պահպանելով պատմական ու մշակութային ոգին: «Հին Դիլիջան» համալիրը ներառում է խանութներ, արվեստանոցներ, արհեստանոցներ, թանգարան, իջեւանատուն եւ 80 հոգու համար նախատեսված «Թուֆենկյան ռեստորան», ինչպես նաեւ վարձով տրվող տարածքներ, որտեղ կներկայացվի Հայաստանի լավագույն արտադրանքը:

Բացման հանդիսությանը ներկաներին ողջունեց «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը:

- 2005 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանըՙ իր տարածքով տրամադրվեց «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը, որպեսզի իրականացվի մի ծրագիր, որը կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը,- ասաց նա: - 2006 եւ 2007 թվականներին կատարվեցին նախագծային ու շինարարական աշխատանքներ, բոլոր շինությունները վերակառուցվեցին եւ վերականգնվեցին` բերվելով 1930-ական թվականների տեսքին: Կառուցվեցին նաեւ բոլոր հաղորդակցման միջոցներըՙ ժամանակակից պահանջներին համապատասխան: Այսօր այս տարածքում գործում են թանգարանը, ռեստորանը, արհեստանոցներ եւ հյուրատունը: Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարությանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին: Երախտագիտություն եմ հայտնում նաեւ ճարտարապետներին, դիզայներներին եւ, իհարկե, «Կանակա» ընկերությանըՙ այս ամենը կառուցելու համար: Այժմ էլ կառուցապատումը շարունակվում է այն տեղում, ուր 2009 թվականին շահագործման կհանձնվի 42 տեղանոց հյուրանոցային համալիր:

Ներկաներին ողջունեց եւ իրադարձության առթիվ շնորհավորեց Արմեն Ղուլարյանը` հույս հայտնելով, որ համալիրը եւս մեկ կարեւորագույն կառույց կլինիՙ Դիլիջանում վերականգնելու տուրիզմի քաղաքի երբեմնի համբավը:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ համալիրի շահագործմամբ նաեւ լուծվել է բնակչության զբաղվածության խնդիր: 40 աշխատողից 38-ը դիլիջանցիներ են:

Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ արարողությունը սովորական բացում չէ, քանզի վերականգնվել է Դիլիջանի պատմամշակութային կարեւոր հուշարձաններից մեկը:

- Սա եզակի երեւույթ է, երբ պետության սեփականություն պատմամշակութային հուշարձանը, որն ունի արգելոցի կարգավիճակ, հանձնվում է օգտագործման մասնավոր ընկերության` պահպանելով համապատասխան օրենքի պահանջները,- ասաց նա: - Հաջողության դեպքում հետագայում սա կարող է դառնալ մեր գործելաոճը, որը կփրկի շատ նմանատիպ հուշարձաններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն առաջին հերթին շնորհավորեց Դիլիջանի բնակիչներին, ապա տեղի իշխանություններին:

- Այստեղ մենք տեսնում ենք ձեռներեցություն, մարդ, որ կարողացել է պատմությունը կապել ապագայի հետ եւ վերակենդանացնել բարձրարժեք այս համալիրը,- ասաց նա: - Սա ոգեւորիչ է նաեւ կառավարության համար: Թուֆենկյանի նախաձեռնությունը դրվատելի է: Եթե մարդը այսպիսի գործ է անում, պետք է համախմբվենք նրա շուրջը, ոգեւորենք, որպեսզի նման ներդրումներն ավելի շատ լինեն: «Կանակա» ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանը շնորհավորեց Դիլիջանի բնակչությանը` առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով տեղական իշխանություններինՙ անցած 1,5 տարում սերտ համագործակցության համար:

- «Թուֆենկյան» ընկերության հետ մեր համագործակցությունն սկսվել է 2000 թվականից, սա շահագործման հանձնվող հինգերորդ կառույցն է,- ասաց նա: -Չորսն արդեն ավարտված է, հանձնված հանրության դատին, այստեղ դեռեւս ընթացքի մեջ է հյուրանոցի շինարարությունը: Որքան ես գիտեմՙ սա մեր նորանշանակ կառավարության առաջին մասնակցությունն է նմանատիպ կառույցի բացմանը, եւ ես ցանկանում եմ, որ առաջիկայում նման կառույցների բացումներ շատ լինեն:

Արարողության մասնակիցները շրջեցին համալիրի տարբեր մասնաշենքերում, ծանոթացան արհեստագործի աշխատանքին, որ կավե տարբեր ամաններ ու իրեր էր պատրաստում: Նրանք եղան «Եսայան» թանգարանում, ուր ցուցադրված են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Դիլիջանի տնտեսությունում եւ կենցաղում օգտագործվող իրեր, գեղեցիկ զարդաքանդակներով սպասքապահարաններ, հանդերձապահարաններ: Կառավարության անդամներն ու հյուրերն այցելեցին երկու հարկից բաղկացած իջեւանատուն, որը նախատեսված է 6 հյուրի համար: Այստեղ պահպանված են Դիլիջանի ճարտարապետությանը բնորոշ տարրերըՙ փայտյա զարդաքանդակներով բաց պատշգամբներ, հնաոճ կահույք, ուրույն լուսամփոփներ եւ «Թուֆենկյան» հավաքածուի ձեռագործ գորգեր:

Կառավարության անդամները եւ մյուս հյուրերը ամենուր նշեցին, որ հնի ու նորի ներդաշնակությունն ապահովված է մանրակրկիտ եւ բարեխիղճ մեծ աշխատանքի շնորհիվ: Ակնհայտ էր բնակավայրին հատուկ տեղական քարի, փայտի եւ հնաոճ կղմինդրի գունային հաջողված ու ինքնատիպ համադրումը, որով ճշգրիտ պահպանված է կառույցի պատմամշակութային արժեքը: Այս ամենն իրականացվել է «Կանակայի» վանաձորցի վարպետների ձեռքերով, ինչն առանձնահատուկ շեշտում էր շինարարական տեղամասի պետ Սերգեյ Թերջանյանը:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, կառավարության մյուս անդամներին Հայկ Հովիվյանը եւ Սերգեյ Թերջանյանը ծանոթացրին կառուցվող հյուրանոցային համալիրի նախագծին: Հյուրանոցի ոճը, ներքին հարդարանքը, խոհանոցը համապատասխանում են «Թուֆենկյան» ընկերության գաղափարախոսությանըՙ հին ավանդական ոճի պահպանման միջոցով հասնել ժամանակակից հարմարավետության եւ բարձր որակի:

Հյուրանոցը, բացի 42 սենյակից, կունենա կոնֆերանսների համար նախատեսված դահլիճ, մարզասրահ, լողավազան, սաունա, գեղեցկության սրահ, խաղասրահ երեխաների համար եւ այլն: Կառույցն ուրույն է նաեւ իր կոնստրուկտիվ լուծումներով, հենվելու է ռետինեմետաղական բարձիկների վրա, որի կիրառումը Հայաստանում արդեն լայն տարածում է ստացել: Տեղեկանալով այս մասինՙ Արմեն Գեւորգյանն ասաց, որ սա Վանաձորի թիվ 4 դպրոցի վերականգնման ժամանակ «Կանակայի» կիրառած հաջողված փորձի լավագույն շարունակությունն է:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4