Մայիսի 2-7-ը Մադրիդում տեղի ունեցած Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը: Ինչպես տեղեկացանք փոխնախարարից, բանկի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ժամանակ նա ներկայացրել է այն ծրագրերը, որոնք մտադիր է իրականացնել Հայաստանի կառավարությունը եւ քննարկել Ասիական զարգացման բանկի կողմից դրանց ֆինանսավորման հնարավորությունը:
Վահրամ Ղուշչյանը, նշելով, որ Հայաստանում Ասիական զարգացման բանկն արդեն իրականացնում է երկուՙ ճանապարհային ցանցի եւ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր, հայտնեց, որ բանկի նախագահ Հարուհիկո Կուրադայի հետ հանդիպման նպատակն էր պարզել, թե հետագայում ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ բանկից եւ ո՞ր ոլորտներում է բանկը պատրաստ աջակցել: Ներկայացվել են կառավարության հավակնոտ ծրագրերը, որոնք, մեր զրուցակցի հավաստմամբ, մեծ ոգեւորությամբ են ընդունվել: Մասնավորապես, բանկի նախագահն ու Հայաստանով զբաղվող տարածաշրջանային պատասխանատու Խուան Միրանդան պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում գիտելիքահենք տնտեսության, տեխնոպարկերի ստեղծման, էլեկտրոնային կառավարման ծրագրերին:
Գյումրու տեխնոպարկը Ֆինլանդիայի քաղաքներից մեկում ստեղծված տեխնոպարկի նմանությամբ ստեղծելու գաղափարը Հարուհիկո Կուրադային շատ է հետաքրքրել, քանի որ նա եղել էր այդ քաղաքում եւ տեսել այդ տեխնոպարկը: Բանկի տարածաշրջանի պատասխանատու Խուան Միրանդան հավաստիացրել է, որ բանկը կաջակցի էլեկտրոնային կառավարման Ասիայում առավել հաջողվածՙ Սինգապուրի, Հոնկոնգի եւ Կորեայի փորձը Հայաստանում ներդնելուն եւ կօգնի, որ մենք նրանց սխալները չկրկնենք:
Ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի քննարկման ժամանակ մատնանշվել է, որ դրանք ոչ միայն պետք է կառուցվեն, այլեւ հետագայում նաեւ պահպանվեն եւ սպասարկվեն եվրոպական չափանիշներին համապատասխան: Օրինակ, վարկային պայմանների մեջ պետք է նախատեսվի, թե ինչ մեքենաներ պետք է ձեռք բերվեն ձմռանը փողոցները մաքրելու համար եւ այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը պետք է այդ մակարդակը սահմանի:
«Ազգի» հարցին, թե ինչպիսի՞ն են Ասիական զարգացման բանկի վարկավորման պայմանները, Վահրամ Ղուշչյանը պատասխանեց, որ բանկն ունի երկու տեսակի վարկեր: Աղքատության հաղթահարման նպատակով տրվում են 2 տոկոսից ցածր, երկարաժամկետ եւ 5 - 7 տարի արտոնյալ ժամկետով: Եվ երկրորդՙ սովորական, որտեղ գումարները գրեթե անսահմանափակ են եւ տոկոսները փոքր-ինչ բարձր ենՙ 3-3,5 տոկոս:
«Եթե կա լավ գաղափար, ապա գումար գտնելը խնդիր չէ եւ այս հանդիպումները մեկ անգամ եւս հաստատում են դա: Միջազգային դոնորները պատրաստ են ֆինանսավորել ամեն մի լավ առաջարկ: Օրինակՙ Գյումրու տեխնոպարկի ներդրումային գնահատականն է ուսումնասիրվում Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագրի հետ, որից հետո արդեն կոնկրետ առաջարկներով հանդես կգանք եւ կտեսնենք, թե միջազգային դոնորներից ով ավելի էժան կվարկավորի այս ծրագիրը», եզրափակեց Վահրամ Ղուշչյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ