Արաբական հայրենիքն ու Հայաստանը արաբագիտական առաջին գիտաժողովում
Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների նորաբաց կենտրոնի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին նշյալ համալսարանում անցկացվեց «Արաբական հայրենիք-Հայաստան: Հայ-արաբական հարաբերություններ» գիտաժողովըՙ ավելի քան 20 արաբ եւ հայաստանցի մասնագետների մասնակցությամբ: Մեկօրյա եւ չափազանց ընդգրկուն գիտաժողովի մասին զրուցեցինք ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի հետ:
- Պրն Հովհաննիսյան, Ձեր գնահատմամբ, ի՞նչ ազդեցություն կունենա այս, հիրավի, իրադարձային գիտաժողովը հայ-արաբական հարաբերությունների վրա:
- Նախ ասեմ, որ հայ-եգիպտական հարաբերությունների համար հատկապես վերջին 3 տարիները կարելի է որոշ իմաստով համարել շրջադարձային, նկատի ունեմ ինչպես քաղաքական, այնպես էլ գիտամշակութային կողմերը: Շրջադարձային այն առումով, որ հայ-եգիպտական հարաբերությունները դեռ երբեք այդքան խոր ասպեկտով չէին ընդգրկվել քաղաքականության մեջ, ինչպես դա տեղի ունեցավ 2006-ից հետո: Հայաստանի վարչապետի, հետո նաեւ նախագահի Եգիպտոս կատարած այցերն ընդունվեցին բարձր մակարդակով, կանխորոշվեցին միջպետական հարաբերությունների հիմնական ուղղությունները, հատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքի վրա, որ հայ-եգիպտական հարաբերություններն ունեն պատմական խոր արմատներ եւ դրանց ուսումնասիրությունը կարող է լրացուցիչ ազդակ դառնալ մեր հինավուրց ժողովուրդների հարաբերություններն ավելի զարգացնելու համար: Առաջին գիտաժողովն անցկացնելու որոշումը կայացվեց 2006-ինՙ Ալեքսանդրիայի հայտնի գրադարանի նոր շենքի բացման ժամանակ: Գիտաժողովը նվիրվեց հայոց գրերի գյուտի 1600-ամյակին, քննարկվեցին բազում հարցեր, այդ թվումՙ հայերի մշակութային կյանքում ալեքսանդրյան դպրոցի ազդեցությունը, որի մասին ամփոփ ու գրավիչ ելույթ ունեցավ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: Հայոց գրերի գյուտի պատմական նշանակությունը փայլուն ներկայացրեց ԳԱ ակադեմիայի հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, իսկ ես անդրադարձա հայ պատմաբանների արաբագիտական ուսումնասիրություններին: Հաջորդ տարի այդ ելույթների ժողովածուն հրատարակվեց Կահիրեում ու տարածվեց արաբական աշխարհում: Կարեւոր մյուս իրադարձությունն այն էր, որ Կահիրեի հռչակավոր համալսարանում բացվեց հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն: Հայաստանի կառավարությունը, հատկապես Կահիրեում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը մեծ ջանքեր գործադրեցին, ընդառաջելով կենտրոնի բացման համար եգիպտական կողմի պատրաստակամությանը: Եվ ահա Կահիրեի համալսարանում 2007-ի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որի ժամանակ հանդես եկա հայ-եգիպտական հարաբերությունների պատմական կապերի մասին զեկուցումով: 250 հազար ուսանող ունեցող այդ համալսարանը ոչ միայն Եգիպտոսի, այլեւ համայն արաբական աշխարհի ամենակարեւոր համալսարանն է, ուր հայագիտությունը պետք է ներկայացվի իր բոլոր ճյուղերով: Հետաքրքրականն այն է, որ կենտրոնի բացումից չորս ու կես ամիս անց գումարվեց հայ-արաբական պատմությանը նվիրված միջազգային առաջին գիտաժողովըՙ Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի հայտնի պատմաբանների, իրավաբանների, լեզվաբանների, գրականագետների, մի խոսքով, հումանիտար գիտությունների մասնագետների մասնակցությամբ: Նախաձեռնող երկու կողմերն էլ նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել:
- Նկատի ունեք ընդհանուր կազմակերպական մակարդակը, թե՞ գիտնականների մասնակցությունը:
- Գիտաժողովն անցկացվեց Եգիպտոսի գիտության եւ կրթության նախարարի հովանու ներքո, ներկա էր նախարարի առաջին տեղակալը, ինչը մեծ պատիվ էր մեզ համար: Գիտաժողովի մասին տեղեկացված էր ամբողջ արաբական աշխարհը, բացմանը հրավիրված էին հեղինակավոր լրատվամիջոցներ, բավական է նշել «Եջիպշըն գազետ», «Ռոզ ալ-Յուսեֆ» լրագրերի անունները: Լուսաբանելու էին եկել նաեւ Թուրքիայի «Զաման» թերթի ներկայացուցիչը, արաբական հեռուստաընկերությունները եւ այլն: Չափազանց կարեւոր էր արաբական պետությունների լիգայի բաժնի վարիչի ներկայությունը, ինչը հազվադեպ երեւույթ է, ներկա էր նաեւ Ռուսաստանի դեսպանը: Այդ ամենը խոսում է այն մասին, որ եգիպտական կողմը չափազանց մեծ նշանակություն էր տվել գիտաժողովին: Կազմակերպական հարցերի մասին խոսելիս պետք է անպայման նշել, որ բոլոր մասնակիցներին բաժանվեց կենտրոնի բացման ժամանակ իմ կարդացած դասախոսությունըՙ արաբերեն գրքույկ դարձած:
- Ի՞նչ շեշտադրումներով էին աչքի ընկնում պաշտոնական ելույթները, ո՞ր հարցերն էին առաջ մղվումՙ քաղաքական, թե՞ գիտական:
- Կրթության եւ գիտության նախարարի տեղակալի ելույթը ներծծված էր հայ ժողովրդի հանդեպ հարգանքով եւ սիրով: Եգիպտահայերին իրենք համարում են Եգիպտոսի ազնիվ զավակներ: Չկա մեկը, որը հայի անունը լսի եւ ակնածանք չարտահայտի: Նա նշեց, որ իրենք շատ բան ունեն սովորելու հայերից, ընդօրինակելի համարեց հատկապես հայերի նվիրվածությունը մայր հայրենիքին: Ըստ իս, սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ միշտ չէ, որ հյուրընկալ երկիրն այդ հասկացողությամբ է վերաբերվում մեր ազգային հարցերին: Նախարարի տեղակալից հետո ելույթ ունեցավ Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանըՙ կոնֆերանսը համարելով կարեւոր իրադարձություն, առաջին քայլՙ շարունակական ընթացքով: Նա խոստացավ, որ գիտաժողովում հնչած բոլոր ելույթները նույնպես կհրատարակվեն ու կտարածվեն գիտական կենտրոններում: Կարեւոր էր նաեւ հայագիտական կենտրոնի տնօրեն տկն Զեյնաբի ելույթըՙ հագեցած հայ-եգիպտական հարաբերությունների բոլոր ելեւէջներով, հանգրվաններով, նաեւ շեշտելով, որ Տիգրան Մեծի ժամանակ հայոց պետության կազմում են եղել Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հորդանանը, որ հայկական պետության սահմանները հասել են մինչեւ Եգիպտոս, որ արաբական տիրապետության ժամանակ հայերի համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ, իսկ հայկական թագավորության վերականգնման ժամանակ արաբական խալիֆը Աշոտ Բագրատունի թագավորին շնորհավորել է թագ ուղարկելով: Նրա այս խոսքերը նպաստեցին հայասեր մթնոլորտի ստեղծմանը:
- Իսկ գիտական զեկուցումներից որո՞նք էին առավել ուշագրավ եւ յուրօրինակ:
- Դրանց մի մասը վերաբերում էր պատմական անցյալին, մոտ 3-4 զեկուցում նվիրված էր հայ-արաբական հարաբերություններինՙ Տիգրան Մեծի օրոք: Հատուկ ուշադրության արժանացան խալիֆության շրջանում հայ-եգիպտական հարաբերություններն արտացոլող զեկուցումները, մասնավորապես Ֆաթիմյան խալիֆության ժամանակ Ալ Ջամալիի դերակատարման վերաբերյալ: Ալ Ջամալիները հայեր էին, որոնք 1080-ին կառավարող դիրքեր գրավեցին. Ֆաթիմյան խալիֆը ուղղակի ձեւականորեն գոյություն ուներ, ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Ջամալի, նրա որդու, հետո նաեւ թոռների ձեռքում: Մոտ 100 տարի նրանք իշխեցին Եգիպտոսում: Արաբ պատմաբաններն ընդգծում են, որ շնորհիվ հայերի խելացի, քաջարի գործունեության խալիֆության կործանումը հետաձգվեց մոտ 100 տարով:
Զեկուցումների մյուս մասը նվիրված էր հայ-եգիպտական հարաբերությունների Մուհամմադ Ալիի շրջանին, սկիզբ առած 19-րդ դարից, երբ Մուհամմադ Ալին պարտության մատնելով մամլուկներին Եգիպտոսում իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Նշվեց, որ Ալին այնքան հեռատես մարդ է եղել, որ անմիջապես նկատել է հայերի խելքն ու շնորհքը, նվիրվածությունը եւ առանձնահատուկ տեղ է տվել նրանց: Ուշագրավ էր, որ այդ զեկուցումից հետո շարունակ խոսվում էր հայերի նշանակության մասին, շեշտվում էին այն փաստերը, որ հայեր են եղել Եգիպտոսի առաջին արտգործնախարարը, առաջին կրթության նախարարը, որ հայերը կարեւոր դերակատարում են ունեցել Եգիպտոսի պետականության ամրապնդման համար: Դրա գագաթնակետը համարվեց այն, որ հայ է եղել նաեւ Եգիպտոսի առաջին վարչապետըՙ Պողոս Նուբարի հայրը Նուբար Նուբարյանը:
- Իսկ Հայոց ցեղասպանության հարցը շրջանցվե՞ց, թե կրքերի բորբոքման առիթ դարձավ:
- Օսմանյան կայսրության շրջանում հայ-արաբական հարաբերությունների մասին խոսելիս լիբանանցի Հանի ալ Հաջը անդրադարձավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, շոշափելով նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Հասկանալի է, որ որոշ գիտնականների դա դուր չեկավ, հատկապես թուրքամետ մտածողություն ունեցողներին: Նրանցից մեկը, որ պատմագիտության դոկտոր էր, իր ելույթում նշեց, թե այդ հարցը կասկածելի է եւ քննարկման կարիք ունեցող: Մեկ ուրիշն այնքան հեռու գնաց, որ շրջանառության մեջ դրեց թուրքական այն տեսակետը, համաձայն որի այն ժամանակ Հայաստանի սահմանները հստակ չէին ասելու համար, թե ցեղասպանությունը որտեղ է տեղի ունեցել: Մեզ համար անսպասելի էր, որ արաբ մասնագետներն անմիջապես հակադարձեցին նրանց, ասելով, որ այդ հարցերը պետք է քննարկել հենց համալսարանում: Դա շատ գիտական մոտեցում էր, ուղղված նաեւ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Զեյնաբին, որն ընդհանրապես Հայոց ցեղասպանության հարցի քննարկման կողմնակից չէ: Չափազանց կարեւոր եմ համարում հայտնի պատմաբան Նիզար Խալիլիի ելույթը: Մեր մտավորականների շրջանում քաջ հայտնի այս պատմաբանը հրաշալի է տիրապետում հայերենին, կատարել է հրաշալի թարգմանություններ, այդ թվումՙ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»: Այս անգամ նա ներկայացրեց Նարեկացու եւ արաբ բանաստեղծ Աբու Լալա Մահարու ստեղծագործությունների համեմատական ուսումնասիրությունը, բացահայտելով նույն ժամանակաշրջանում ապրած 2 խոշոր ստեղծագործողների ընդհանրություններըՙ լայն աշխարհայացքը, խորաթափանց միտքը, զգայուն հոգին, արդարության անհագուրդ ձգտումը... Այս ուսումնասիրությունը համարում եմ գիտաժողովի բերած ամենակարեւոր նորություններից մեկը:
- Ովքե՞ր էին մասնակցում մեր կողմից եւ ի՞նչ զեկուցումներ կարդացվեցին:
- ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետից մասնակցում էր երիտասարդ արաբագետ Հայկ Քոչարյանըՙ աղբյուրագիտության վերաբերյալ ելույթով, Մատենադարանիցՙ ասպիրանտ Վեներա Մակարյանը, «Արմինիա-Հայաստան». վարչատարածքային բաժանում» զեկուցմամբ եւ եսՙ «Հայաստանը որպես արաբագիտության կենտրոն» ելույթով: Կարծում եմ, ինձ հաջողվեց ապացուցել, որ մեր երկիրն արաբագիտության լուրջ կենտրոն է, որտեղ ուսումնասիրվում են արաբների պատմությունն ու մշակույթը: Իմ տպավորությամբ, նրանք ընդունեցին այն տեսակետը, որ պատմությունը հայերին եւ արաբներին չի բաժանում, այլ միավորում է, քանի որ մեր միջեւ չկան տարածքային, քաղաքական, էթնիկական խնդիրներ: Դրա մասին էր վկայում նաեւ գիտաժողովի թեմանՙ «Արաբական հայրենիք - Հայաստան: Հայ-արաբական պատմական կապեր», մի կողմում արաբական պետություններն էին, ինչպես արաբներն են ասում, արաբական վաթանը, մյուս կողմումՙ մեր փոքր երկիրը: Մեզ համար սա իրոք շատ բարձր պատիվ էր:
- Ի՞նչ արձագանք գտավ գիտաժողովը եգիպտական մամուլում, ի՞նչ նրբերանգներով լուսաբանվեց:
- Արդեն ասացի, որ լուսաբանելու էին եկել հեղինակավոր լրատվամիջոցները, որոնցից մեկըՙ «Եջիպշըն գազետ»-ը աշխարհի հնագույն լրագրերից է: 1880-ից անընդմեջ լույս տեսնող այս թերթը չափազանց ընթերցվող է եւ ունի միջազգային մեծ հեղինակություն: Գիտաժողովը լուսաբանող հոդվածումՙ «Գիտաժողովը ընդգծեց Հայաստանի հետ ուժեղ կապերը» վերնագրով ներկայացված էին կրթության եւ գիտության նախարարի տեղակալի եւ կենտրոնի տնօրեն տկն Զեյնաբի ելույթների հիմնական դրույթները: Մայիսի 2-ի իր համարում գիտաժողովին մի ամբողջ էջ էր նվիրել նաեւ «Ռոզ ալ-Յուսեֆ» թերթը, նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը խիստ կարեւոր է հայ-արաբական հարաբերությունները ճիշտ հասկանալու համար: Մեջբերվել էին իմ աշխատության այն հատվածները, որոնցում արտահայտված էր Հայոց ցեղասպանության հանդեպ արաբների դիրքորոշումը: Չմոռանամ ասել, որ գիտաժողովից դժգոհություն էր արտահայտել հատկապես Թուրքիան, հասկանալի է, ցեղասպանություն բառը գործածելու համար:
- Ի՞նչ եք կարծում, գիտաժողովը շարունակություն կունենա՞, կլինի՞ արդյոք պատասխան այց Հայաստան:
- Այո, այնտեղ խոսվեց մյուս տարի անպայման հաջորդ գիտաժողովը հրավիրելու մասին: Հնարավոր է, որ այն նվիրվի մշակութային հարցերին: Գիտաժողովի շարունակականությունը կախված է նաեւ մեզանից, մենք չպետք է ձեռքերս ծալած նստենք: Նախ կենտրոնին պետք է տրամադրել հայագիտության վերաբերյալ օտար լեզուներով գրականություն, որից հետո ծրագրել պատասխան այցը:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ