Վստահեցրեց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը
«Եթե մեր հնարավոր թշնամիներն այսօր էլ փորձեն մեր պաշտպանությունն ու ուժը, կստանան ուժեղ պատասխան հարված: Մեր զինված ուժերի մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, եւ ես ձեզ հավատացնում եմ, որ ագրեսիան, որտեղից էլ գա, կստանա համարժեք պատասխան», երեկ «Հայացք» ակումբում Շուշիի ազատագրման 16-ամյակի առիթով հյուրընկալված եւ Արցախյան ազատամարտում արձանագրած հաղթանակի մասին խոսելիս հայտարարեց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
16 տարի առաջ` մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը մեր զինված ուժերին հաջողվեց ազատագրել Շուշին, որը, փաստորեն, անշրջելի դարձրեց Արցախյան ազատամարտում մեր հաղթանակը: Ադրբեջանցիներից անհամեմատ ավելի քիչ զոհեր տալով` մեր զինված ուժերը կարողացան ազատագրել Շուշին, որի վերադարձը ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական նպատակ էր: Այժմ պաշտոնաթող գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի խոսքով, հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի ազատումը 2 նպատակ ուներ` վերադարձնել պատմական քաղաքը եւ դրանով ազատել Հայաստանի հետ կապող միջանցքը, ինչն արդեն քաղաքական նպատակ էր: «Հրազդան» անվամբ կոդավորված Շուշիի գործողությունը, որ ձգձգվել էր, հաջողությամբ իրականացավ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը:
«Առավոտյան մի զինվոր մոտեցավ եւ շնորհավորեց հաղթանակի տոնի առթիվ: Ես էլ նայեցի, մի պահ հասկացա, թե Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մասին է, բայց անմիջապես հասկացա, որ Շուշիի հաղթանակի մասին էր», ասաց Գուրգեն Դալիբալթայանը: Արցախի ժողովրդի մասին գեներալ-գնդապետը նշեց. «Ժողովուրդը չգնաց, չլքեց իր հողը: Ահա թե ինչու եմ ես գլուխ խոնարհում այդ ժողովրդի առաջ»:
«Հայաստանի ղեկավարությունը տեղյա՞կ է եղել Շուշիի գործողության մասին» հարցին պատասխանելիս գեներալ-գնդապետ Դալիբալթայանն ասաց, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ամբողջ հայ ժողովուրդը եւ ոչ միայն զենքով, այլեւ բարոյապես: Նույն հարցը տարբեր կերպ մի քանի անգամ ձեւակերպելուց հետո արժանացավ Գուրգեն Դալիբալթայանի այն պատասխանին, որ Շուշիի ազատագրման քաղաքական նպատակը դրել էր երկրի ղեկավարությունը, բայց իրականացրել են զինված ուժերը: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին հրավիրված ասուլիսում Շուշիի գործողությունը ղեկավարող ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) ասել էր, թե Շուշիի ազատագրման մասին երկրի բարձրագույն իշխանությունը` մասնավորապես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղյակ չի եղել: Այս հարցին, փաստորեն, գեներալ-գնդապետը խուսափողական պատասխան տվեց:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ