«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2008-05-07 | #87, 2008-05-08 | #88, 2008-05-09


«ՊԵՏՔ Է ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ՈՐԱԿՅԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»

Բացվեց «Շինարարություն եւ ինտերիեր 2008» ցուցահանդեսը

Շուրջ 40 ընկերությունների մոտ 200 արտադրատեսակներ եւ ծառայություններ են ներկայացված «Շինարարություն եւ ինտերիեր 2008» ազգային մասնագիտացված ցուցահանդեսում, որի բացումը տեղի ունեցավ երեկ: Եռօրյա մասնագիտացված ցուցահանդեսի 10 բաժիններում ներկայացված են արտաքին եւ ներքին հարդարման շինարարական արտադրատեսակներ եւ տեխնոլոգիաներ, դռներ, պատուհաններ, կահույք, կանաչապատման համար անհրաժեշտ արտադրանքներ, ջեռուցման եւ օդափոխման համակարգեր, ներկանյութեր: Ցուցահանդեսը կազմակերպել է «Պրոմ էքսպո» կազմակերպությունը, աջակցել են ՀՀ կառավարությունը, էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարությունները, քաղաքապետարանը եւ առեւտրաարդյունաբերական պալատը:

«Մենք այս միջոցառումը կազմակերպել ենք, որպեսզի հայ սպառողը, որը շատ է սիրում շինարարություն, կարողանա գտնել հետաքրքրական նյութեր ու լուծումներ, վիտրաժներ, սարքեր իր բնակարանն ավելի բարեկեցիկ եւ ապահով կառուցելու համար: Միջոցառումն ընդգրկել է ամենալայն ոլորտները, մասնակցում են տեղական եւ արտասահմանյան ընկերություններ: Այս ցուցահանդեսին միայն շինարարությունը չի ներկայացված, այլեւ ինտերիերը», ասաց «Պրոմ էքսպո» կազմակերպության կոմերցիոն տնօրեն Վահագ Միրիջանյանը:

«Մարդիկ արդեն հասկանում են ցուցահանդեսների առավելությունները, դրա արժեքը, եւ մենք որպես պետություն, պետք է կարողանանք շատ ավելի լավ շենքային պայմաններ ապահովել նման միջոցառումների համար: Դրսում կազմակերպված նմանատիպ ցուցահանդեսներն ավելի շքեղ եւ տպավորիչ են: Միգուցե մեր ցուցադրելու հնարավորություններն էլ քիչ են, բայց թեմաները կարող են միավորվել եւ ավելի մեծ ցուցահանդես դառնալ: Սա կառավարության մարտահրավերներից է, պետք է աշխատել այս ուղղությամբ», նշեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նախարարը հույս հայտնեց, որ մեր շինարարության բնագավառում որակական տեղաշարժեր կլինեն, «պետք է գնանք դեպի ավելի որակյալ շինարարություն»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4