Մինչ կառավարության նիստի օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ նիստումՙ «Առավոտ» օրաթերթում ՀՀ Սյունիքի մարզպետի հետ կապված հրապարակման կապակցությամբ տրված հանձնարարականին: Իրականացված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ կառավարությանը տեղեկատվություն տրամադրեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա մասնավորապես նշեց, որ ապրիլի 28-ին ստեղծված հանձնաժողովը` տեղում տեղեկատվության հավաստիությունն ուսումնասիրելու համար, ապրիլի 28-29 մեկնել է Գորիս քաղաք եւ պարզել, որ «Առավոտ» թերթի հոդվածում նշված` Սյունիքի մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում: Դա հիմնավորել են հանձնաժողովի հանդիպումներն ու զրույցները Հայկ Կարապետյանի եւ նրա որդի Գոռ Կարապետյանի, ինչպես նաեւ քոլեջ-վարժարանի տնօրենի, դասղեկի եւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի հետ: Միաժամանակ, ծնողների համաձայնությամբ, Գոռ Կարապետյանը ենթարկվել է դիմածնոտային ռենտգեն զննության, ոսկրային վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Սույն թվականի ապրիլի 29-ին «Առավոտ» թերթի հերթական համարում հրապարակված նոր մանրամասների վերաբերյալ, ըստ Արմեն Գեւորգյանի, հանձնաժողովի նախագահը` Հովիկ Հովսեփյանը, գրավոր դիմել է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին` վերը նշված հոդվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Արամ Աբրահամյանի պատասխանից հանձնաժողովին հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Գոռ Կարապետյանի, այլ Եղիշե Անթանոսյանի հետ: Հանգամանքները ճշտելու նպատակով հանձնաժողովի նախագահը կրկին գործուղվել է Գորիս եւ հանդիպել Եղիշե Անթանոսյանի հոր` Վահրամ Անթանոսյանի, N2 դպրոցի տնօրենի եւ Եղիշեի դասղեկի հետ: Հայրը հայտնել է, որ ապրիլի 10-ին իր տղայի եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդիների միջեւ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ, որի ընթացքում Սուրեն Խաչատրյանի որդին ծեծի է ենթարկվել: Միջադեպը քննարկելու եւ ծագած խնդիրները հարթելու նպատակով Եղիշե Անթանոսյանի հայրը` Վահրամ Անթանոսյանը, հանդիպում է ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Երեխաների միջեւ ծագած վեճը հարթվել է, եւ ծնողները միմյանց նկատմամբ պահանջ չունեն: Եղիշե Անթանոսյանը պատմել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` իր եւ մարզպետի տղայի միջեւ, որը հարթվել է, եւ ինքը որեւէ խնդիր չունի: Ընդ որում` Եղիշե Անթանոսյանի հետ հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ծնոտի կոտրվածք կամ որեւէ լուրջ վնասվածք անզեն աչքով չի նկատել:
«Այսպիսով, ծառայողական քննությամբ պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` վերը նշված երեխաների միջեւ, որի հանգամանքները պարզել են ծնողները, եւ այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ», ասել է փոխվարչապետը:
«Սյունիքի այս դեպքը մեզ համար ուսանելի էր. որովհետեւ պարզվում է, որ ոչ թե երեխան 12 տարեկան է, այլ 16, ոչ թե այդ երեխային են ծեծել, այլ այդ երեխան է ծեծել, ոչ թե ծնոտն է կոտրվել, այլ այդպիսի բան չկա, որ նաեւ բողոքողներ չկան, համերաշխություն է տիրում եւ այլն: Այսինքն` պատկերը, որ ներկայացվում էր, բոլորովին այլ էր, քան այն, ինչ մենք պարզեցինք ծառայողական քննությամբ: Իհարկե, սա նաեւ նշանակում է, որ եթե մենք պատասխանատու ենք այսպիսի հրապարակումների համար, ԶԼՄ-ները նույնպես գիտակցելու են իրենց պատասխանատվությունը, որովհետեւ մենք անհետեւանք չենք թողնելու նման հրապարակումները», այս դեպքի առնչությամբ ասաց Տիգրան Սարգսյանը:
Ա. Մ.