Հուլիսի մեկից կրկնապատկվելու են Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները
Երեկ` Շուշիի ազատագրման հաղթական հերոսամարտի 16-րդ տարեդարձի եւ Հայրենական մեծ պատերազմի ու խաղաղության օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն էին եկել եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի «Հայկական պար» հուշակոթողի մոտ ծաղիկներ դրեցին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպայակազմը, հոգեւոր այրեր, քաղաքական գործիչներ:
Զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների մայրերը «Եռաբլուր» պանթեոնում Տիգրան Սարգսյանից ընդունելություն խնդրեցին իրենց սոցիալական խնդիրները ներկայացնելու նպատակով: Վարչապետը խոստացավ առաջիկայում նրանց ընդունել եւ լսել բոլոր հարցերը:
Վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մայիսի 9 մի կողմից հիշատակի օր է, մյուս կողմից` հաղթանակի, հույսի ու հպարտության: Իսկ դժվար պահերին հայ ժողովուրդը կարող է միավորվել հանուն հաղթանակի: «Ես դիմավորում եմ այս տոնը խառը զգացումներով», Եռաբլուրում ծաղկեպսակ դնելուց հետո ասաց Տիգրան Սարգսյանը:
Կառավարության նախորդ նիստում վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահը հանձնարարական է տվել, որպեսզի քննարկվի պատվովճարների բարձրացման խնդիրը: Վարչապետը քննարկելով այդ հարցը ֆինանսների նախարարի հետ` եկել է այն եզրակացության, որ հնարավորություն կա պատերազմի վետերանների պատվովճարները կտրուկ ավելացնելու համար: Հանձնարարվել էր ֆինանսների նախարարին` համապատասխան որոշման նախագիծը ներկայացնել կառավարության հաստատմանը, եւ հուլիսի մեկից պատվովճարները կրկնապատկվելու են:
«Այժմ մենք մշակում ենք միջոցառումների համալիր ծրագիր, սոցիալական մեծ փաթեթ, որը պետք է ներկայացվի 2009-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ», նշեց Տիգրան Սարգսյանը:
Սարգսյանը ընդգծեց նաեւ, որ հասարակությունն իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում պետք է օգնի հասարակության անապահով խավին, հաշմանդամներին, պատերազմի մասնակիցներին, որբերին եւ տրամադրի լրացուցիչ միջոցներ անօթեւաններին բնակարանով ապահովելու համար:
Երկրի ղեկավարությունն ու բարձրաստիճան սպայակազմը այցելեցին նաեւ «Հաղթանակի զբոսայգի» եւ ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ինչպես նաեւ մայրաքաղաքի Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ