Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին երկու օրերին հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ որոշ ավտոգազալցակայաններում իրացվող գազի գներն իջել են: Այժմ այստեղ գործում են տարբեր գներՙ 1 խմ-ի համարՙ 130 դրամ (Հրազդանում 1 լցակայան), 150 դրամ, 160 դրամ, 162 դրամ, 170 դրամ:
Հիշեցնենք, որ գազի գնի պետության կողմից սուբսիդավորման վերացումից հետո ավտոգազալցակայանները կտրուկՙ 1 խմ-ն 130 դրամից բարձրացրել էին իրացվող գազի գինը մինչեւ 200 դրամի: Դրան հաջորդեց հանձնաժողովի կողմից այս «անհամարժեք» բարձրացման առնչությամբ վարույթի հարուցումը:
Ինչպես նախորդ հրապարակումներում ենք գրել, գազի սուբսիդավորման վերացումը կարող էր իրացվող գազի գները բարձրացնել առավելագույնը 3 տոկոսով կամ 5 դրամով, բայց ոչ երբեք 50 տոկոսով կամ 70 դրամով: Բանն այն է, որ դոլարով արտահայտված շուրջ 50 տոկոսով գազի գնի բարձրացումը այս տարվա մայիսի 1-ից, 2006-ի հունվարի համեմատ, դրամով արտահայտված համարժեք է 3 տոկոսով գնի բարձրացմանը:
Ա. Մ.