«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2008-05-10 | #90, 2008-05-13 | #91, 2008-05-14


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԼՍԵՑ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը լսեց «Ռադիո Հայ» ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներին: Նշված օրենքի հոդվածն ասում է, որ «հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը (ռադիո եւ հեռուստաընկերությունները) մուծում է եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության համար անհրաժեշտ ծախսերից»: Օրենքի նշված մասի հակասությունը սահմանադրությանը ի հայտ է եկել կիրառման արդյունքում, երբ ՀՀ կառավարությունը իր 2006-ի հուլիսի 6-ի որոշմամբ հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար տարեկան եթերավճարի չափի հաշվարկման եւ հաստատման լիազորությունը վերապահել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որն էլ իր հերթին հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին իրականացնել վարձավճարների գանձումը:

Ռադիոկայանը գտնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նշված դրույթը հնարավորություն է տվել կառավարությանը կամայականորեն սահմանելու եթերավճարի չափը եւ կարգը: Օրենքով, իրոք, սահմանված է տարեկան եթերավճար մուծելու պարտականությունը, սակայն օրենքով չեն սահմանված այդ եթերավճարի չափը եւ վճարման կարգը: Ըստ օրենքի, եթերավճարի չափը հաշվարկվում է` ելնելով անհրաժեշտ ծախսերից: Սակայն օրենքը չի նախատեսում, թե ով է կատարում այդ հաշվարկը, ինչ է հասկացվում հաճախության սպասարկման տակ եւ ով է այդ սպասարկումը կատարում: Հոդվածի անորոշ շարադրանքը վճարի չափի հայեցողության անսահմանափակ հնարավորություն է տալիս այն մարմնին, որը սահմանելու է վճարի չափը: Օրենքում առկա ձեւակերպումը որեւէ կերպ չի սահմանափակում վճարի չափի մեծությունը, ինչը հակասում է «օրենք» բառի վերաբերյալ Եվրոպական դատարանի մեկնաբանությանը, այն է` որեւէ պետական նորմ չի կարող համարվել օրենք, եթե չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքնՙ չի ձեւակերպված բավարար հստակությամբ:

Պատասխանող կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԺ-ն, որի ներկայացուցիչն էր ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Աշոտ Խաչատրյանը:

Ըստ Աշոտ Խաչատրյանի` պետական տուրքը որպես պարտադիր վճար, որոշակի ծառայությունների կատարման դիմաց գանձվող վճար է, տվյալ դեպքում այդ վճարը որպես պարտավճար, եթերավճար չի կարող դիտարկվել որպես պարտադիր վճարի այդպիսի կոմպոնենտ: Եվ նշեց, որ դիմող կողմի հիմնավորումները եւ փաստարկներն անհիմն են, իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը չի հակասում սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 5-րդ հոդվածի 2-րդ մասին, 27-րդ հոդվածին, 42-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 45-րդ հոդվածին:

Դռնփակ խորհրդակցությունից հետո Սահմանադրական դատարանը որոշեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչել ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված` իրավական պետության սկզբունքին, 45-րդ հոդվածի եւ 83.5 հոդվածի 2-րդ կետի պահանջներին հակասող եւ անվավեր:

ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանվեց 2008-ի դեկտեմբերի 1-ը: Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4