Ֆիզիկոս Աշկարի մեթոդով բուժվել են շուրջ 400 հայեր
«Քաղցկեղը բուժվում է, չնայած դուք ոչինչ չեք կարող անել քաղցկեղի առաջացումը կանխելու համար, որովհետեւ դուք չեք կարող ձեզ զսպել, որ չջղայնանաք, կամ չվախենաք: Սննդից էլ` չի լինի ասել, թե որն է վտանգավոր, որն է քաղցկեղ առաջացնում կամ ոչ: Սիգարետն էլ քաղցկեղ չի առաջացնում», երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը: Ամերիկահայ ֆիզիկոսի հայտարարությունը թեեւ նորություն չէր, որովհետեւ նրա մեթոդի հայտնաբերման մասին լուրը վաղուց է հնչել, այդուհանդերձ աննկարագրելի ազդեցիկ էր, քանի որ խոսքն այսօր աշխարհում տարածված եւ անբուժելի համարվող առաջին հիվանդություններից մեկի` քաղցկեղի մասին է:
Այս կարգի հայտարարությունները չեն կարող միանշանակ ընդունվել, որովհետեւ նման կարգի հիվանդությունների բուժման մասին հայտարարությունները միշտ էլ խիստ քննարկելի են հանրության համար: Թերահավատությունը նման հայտարարությունների նկատմամբ հատկապես աճում է, երբ գործնական օրինակներով հանրությունն ականատես է լինում, որ անբուժելի համարվող հիվանդությունն ամեն մի գյուտից կամ դեղորայքի հայտնաբերումից հետո էլ հաճախ չի բուժվում: Ոչ վաղ անցյալից մեզ քաջ հայտնի օրինակ է «Արմենիկումի» պատմությունը, որը պետք է բուժեր դարի անբուժելի հիվանդություններից մեկը` ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունաանբավարարության համախտանիշ): Այդուհանդերձ, Ջորջ Աշկարի մեթոդը, իր հավաստմամբ եւ ներկայացրած օրինակներով, գործնականում բուժել է շատ մարդկանց` այդ թվում 300-400 հայերի, որոնցից միայն 8-ն են մահացել: «Դա էլ իրենց պատճառով է եղել, որովհետեւ նախ հիվանդության շատ խոր փուլում է եղել, հետո` իմ մեթոդով բուժմանը զուգահեռ նրանք շարունակել են քիմիաթերապիա ընդունել, իսկ դա հենց մահ է», ասաց Ջորջ Աշկարը:
Ջորջ Աշկարը հայ է, ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Նա քաղցկեղը բուժելու իր մեթոդը հայտնաբերել է 1943-ին, բայց մինչ օրս չի կարողացել արտոնագրել: Աշխարհի հիվանդանոցներն ու կլինիկաները մերժել են նրա մեթոդը, ինչը ֆիզիկոսը մեկնաբանում է «իրենց գործին էր խանգարում» համոզմամբ, իսկ կառավարություններն էլ հետապնդել են: Մ. Նահանգներում իր մեթոդի մասին իմանալուց հետո ձերբակալել են` մեղադրելով, թե ֆիզիկոսը չի կարող բժշկության առաջարկներ անել, ավելին` օգտագործել իր մեթոդը բուժման համար: «Բայց ինձ չդատեցին, որովհետեւ հիմքեր չկային: Քաղցկեղը բժշկի գործ չէ, այն քիմիական նյութերից է առաջանում, դրա համար էլ ֆիզիկոս-քիմիկոսի գործ է», հավատացած է ֆիզիկոսը, որը քաղցկեղ հիվանդության առաջացումը նկարագրում է հետեւյալ կերպ. «Քաղցկեղի առաջացման մեխանիզմը շատ պարզ է եւ որոշակի: Որպեսզի մարմնի առողջ բջիջները քաղցկեղ դառնան, հնարավոր է, որ մարմնի մեջ հավաքվեն քաղցկեղածին նյութեր, ինիցիատորներ, որոնց քանակը բավարար պետք է լինի սահմանայինից ավելի առողջ բջջին քաղցկեղ դարձնելու համար: Այս պայմանը բավարար չէ, հարկավոր են նաեւ փշրված բջիջներ, պրոմոտորներ, որոնք առողջ բջջին քիմիապես միանում են ինիցիատորների օգնությամբ: Այդ երկուսի` պրոմոտորի եւ առողջ բջջի քիմիական միացությունը կոչվում է քաղցկեղ, այն դադարեցնելուց հետո ինիցիատորը թողնում եւ գնում է առողջ բջիջը քաղցկեղ դարձնելու համար»:
Քաղցկեղի բուժման Ջորջ Աշկարի մեթոդը կարելի է անվանել սիսեռաբուժություն: Նրա նկարագրությամբ, իր մեթոդով քաղցկեղի ամբողջ բուժումն արվում է սիսեռով, որը մարմնի հիվանդ հատվածից, այսինքն` քաղցկեղի հատվածից առաջացնում է ջրային մասի հոսք եւ հեռացում, մարմնից դուրս են գալիս բոլոր թունավոր եւ օտար տարրերը, վարակ էլ չի առաջանում: «Սա է իսկական բուժումը, ոչ թե այն, ինչն այսօր անում են առողջապահական կենտրոնները: Նրանք կտրում են քաղցկեղի մասը, բայց դրանով չեն վերանում օրգանիզմում եղած քաղցկեղածին նյութերն ու պրոմոտորներն, ընդամենը քչանում են, դրա համար էլ մի երկու տարի անց քաղցկեղն էլի երեւում է եւ չի էլ բուժվում: Հեռացնելով քաղցկեղի մասը` բժիշկները վերացնում են հետեւանքը, բայց ոչ երբեք պատճառը, այնինչ հիվանդության պատճառը պետք է վերացնել», ասում է ֆիզիկոսը` հավելելով, որ սիսեռի միջոցով քաղցկեղածին բոլոր տարրերն են դուրս գալիս օրգանիզմից, դրա համար էլ հիվանդությունը բուժվում է:
Իր մեթոդով Ջ. Աշկարը բուժել է նաեւ իրեն: 2003-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցած ֆիզիկոսը, որին բժիշկները տուն էին ուղարկել, կնոջն էլ լուր տվել, որ պատրաստվի ամուսնու հուղարկավորությանը, իրեն բուժում է իր իսկ մեթոդով: Երկու ամիս անց նա իր մահվան «որոշումը» կայացրած հիվանդանոցի բժիշկների մոտ հետազոտություն է անցնում եւ պարզվում է, որ նրա քաղցկեղն իսպառ վերացել է. «Ու մինչ այսօր ես ողջ ու առողջ եմ, ու չեմ էլ պատրաստվում մահանալ», կեսկատակ-կես լուրջ ասաց ամերիկահայը:
Դատավարությունից հետո Ջորջ Աշկարին արգելել են իր մեթոդով բուժում իրականացնել, սակայն թույլատրված է նրա մեթոդն օգտագործել, եթե ցանկություն ունեցողներ կան: Մեթոդի կիրառման մասին մանրամասնությունները տեղադրված են ֆիզիկոսի կայքում, որից, Ջորջ Աշկարի խոսքով, աշխարհի տարբեր երկրներից մարդիկ օգտվում են: «Իմ մեթոդը նաեւ ինքնասպասարկում է, քանի որ մարդն ինքն է իրեն բուժում: Ինձ արգելում են բուժել, բայց ես կարող եմ խորհուրդներ տալ եւ իմ խորհուրդներով մարդիկ բուժում են իրենց», ավելացրեց ամերիկահայ ֆիզիկոսը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ