Ըստ կրոնագետի, մուսուլման բնակչության արագ աճը կարող է հարց լուծել
Լիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների դիրքորոշումը գնահատում Հայաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը:
Լիբանանում գործող հայ ազգային կուսակցությունները հակամարտության առաջին օրը միասնաբար հանդես եկան հայտարարությամբ` կոչ անելով երկխոսությամբ կարգավորել իրավիճակը եւ վերականգնել երկրի ազգային միասնականությունը: Դրանից հետո հայ համայնքը որեւէ կերպ չի մասնակցել ընդհարումներին, զերծ մնալով դրանցում ընդգրկվելուց:
«Ուրբաթ» ակումբում երեկ հրավիրված ասուլիսում Մելքոնյանը, անդրադառնալով լիբանանյան վերջին զարգացումներին ու հայ համայնքին առնչվող իրավիճակին, նշեց, որ, ամեն դեպքում, լիբանանահայերը եւ Հայաստանի այնտեղ գտնվող քաղաքացիները որեւէ կորուստ չեն տվել եւ նրանց որեւէ վտանգ չի սպառնում:
Միակ գրանցված միջադեպը «Սեւան» ռադիոկայանի հրկիզումն էր, որին «Ազգն» անդրադարձել է մայիսի 13-ի համարում: Ռադիոկայանը գտնվում էր «Ապագա» կուսակցությանը պատկանող ռադիոհեռուստաընկերության շենքում եւ հրկիզվել է միայն այդ պատճառով: Բայց հրկիզումից առաջ, Մելքոնյանի խոսքերով, ներսում եղած մարդիկ դուրս են հրավիրվել, թույլ է տրվել դուրս բերել սարքավորումները, մի քանի ժամ անց ռադիոկայանը վերականգնել է իր գործունեությունը մեկ այլ վայրից:
Հայաստանի պաշտոնական տվյալներով, Լիբանանում կա Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացի, որոնց մեծ մասը Լիբանանի քաղաքացիների հետ ամուսնացած կանայք են, որ այնտեղ են գտնվում մշտական բնակության հիմունքներով: Լիբանանում վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանի դեսպանությունը բազմաթիվ զանգեր է ստացել, դեսպանությունն աջակցել է մի քանի ՀՀ քաղաքացիների, որպեսզի նրանք շուտափույթ լքեն Լիբանանը: Ընդ որում, Հայաստանը նախատեսում է ուժեղացնել դիվանագիտական կազմը Լիբանանում եւս մեկ դիվանագետով:
Մելքոնյանի փոխանցմամբ, իրավիճակը Լիբանանում արդեն 2 օր կարգավորման փուլում է, ինչին նպաստել է արաբական մի շարք երկրների ԱԳ նախարարների ժողովը Կահիրեում, որտեղ որոշվեց Լիբանան ուղարկել հատուկ առաքելություն` միջնորդելու քաղաքական խմբավորումների միջեւ բանակցություններում: Ըստ Մելքոնյանի, միջազգային հանրությունը մեծ հույսեր է կապում այս նախաձեռնության հետ:
Ասուլիսին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, կրոնագետ Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, Լիբանանում հակամարտության արմատները բավականին խորն ենՙ մինչեւ այն ժամանակները, երբ այդ երկիրը ձեւավորվեց որպես ոչ մուսուլմանական արաբական պետություն:* Եվ այսօր մեծ մասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Լիբանանում բազմաթիվ շահեր են կենտրոնացած, հավելած, որ երկրի ամենահզոր ուժի` «Հըզբոլլահի» եւ իշխանությունների միջեւ թեկուզ բանակի հարցում զգալի տարբերություններ կան ոչ հօգուտ իշխանությունների:
Ամեն դեպքում, չնայած 2006 թվականի իսրայելյան ագրեսիային, ըստ Խաչատրյանի, նույն այդ ավերումների տեղում ընթացող շինարարությունը եւս վկայում է լիբանանյան տարածքի բազմաշահ լինելու մասին, քանի որ այստեղ էլ օգնության կարգով մասնակցության իրենց բաժինն ունեն Իրանն ու Սիրիան:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, Լիբանանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ մենք կապված ենք համագործակցության բազմաթիվ թելերով, նաեւ պատմական կապերով: Լիբանանն արաբական միակ երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ որի հետ Հայաստանը բարեկամության ու համագործակցության պայմանագիր ունի:
Այս իրավիճակը եւ դրա հնարավոր բարդացումը չի կարող չանհանգստացնել Հայաստանին` ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Լիբանանում գործում է խոշորագույն հայ համայնքներից մեկը: Բացի այդ, Հայաստանը շահագրգիռ է նաեւ տարածաշրջանի կայունությամբ, թեեւ մնում է այն համոզման, որ տեղի ունեցողը Լիբանանի ներքին խնդիրն է:
Վարդան Խաչատրյանը եւս համամիտ է, որ արտաքին միջամտությունը որեւէ երկրի ներքին գործերին անթույլատրելի է, բայց եւս նշում է, որ Հայաստանը չի կարող չարտահայտել իր մտահոգությունը հայ համայնքի վիճակի առնչությամբ: Ըստ կրոնագետի, Լիբանանը շահերի այնպիսի կիզակետում է, որ կարելի է սպասել ամեն ինչ:
Ինչ վերաբերում է նույն Լիբանանում բնակչության կրոնական հավասարակշռությանը, ապա Խաչատրյանը գտնում է, որ իսլամի պարագայում բնական աճը, որ փոխել է այդ երկրի բնակչության կրոնական հարաբերակցությունը, դառնում է զգալի` որակական մեծամասնության հանգելու հեռանկարով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(*) Ոչ թե որպես ոչ մուսուլմանական, այլ բազմահամայնքային երկիր: