Արտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով առավելագույնն անել: Այդ գումարի 4,4 միլիարդը ծախսվել է դեսպանատների եւ ներկայացուցչությունների պահպանման վրա: Դեսպանությունների շենքերի գնման վրա ծախսվել է 754,5 մլն դրամ: Սա իմացանք ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` ՀՀ արտաքին գերատեսչության անցած տարվա կատարողականի մասին հաշվետվությունից ԱԺ հանձնաժողովներում: Ի դեպ` գլխավոր գանձապետը չկարողացավ բավարարել պատգամավորների այն հետաքրքրությունը, թե ինչ արդյունավետությամբ է ծախսվել հատկացվող գումարը, հատկապես եվրոկառույցներից բյուջեին միախառնված դրամաշնորհային մասը:
Ըստ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` ապահովվել է 99,61 տոկոս կատարողական: 2002-ից արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները ֆինանսավորվել են կանոնավոր եւ տեղի հայ համայնքներից կախվածություն այլեւս չունեն: Դիվանագետների աշխատավարձն անցած տարի բարձրացել է` 45 դիվանագիտական ներկայացուցչություն ունենք, նրանց մի զգալի մասի համար սեփական շենքեր են ձեռք բերվել, մյուս մասը շենքեր է վարձակալում: Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները շատ ավելի քիչ են, քան Ադրբեջանինը, որը 15 դեսպանատնով ավելի ունի, մինչդեռ երկրներ կան, ուր մենք պետք է անպայման ներկա լինենք, ներկայությունը համագործակցության տարբեր դռներ է բացում. «Մենք մեզ չենք կարող թույլ տալ այն շռայլությունը, որ այնտեղ ներկա չլինենք», ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը: Սակայն այն գումարը, որը տրված է 2008-ին, նույնիսկ 1-ը բացել թույլ չի տա: Հայաստանը միջազգային 60 կազմակերպությունների է անդամակցում եւ 9 մլն դոլարից ավելի պարտք ունի նրանց մի մասին, բայց դեռ որեւէ կազմակերպություն մեր երկիրը ձայնի իրավունքից չի զրկել:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Է. Նալբանդյանը չուզեց պլյուս-մինուսներ դնել իր նախորդի աշխատանքին, Լիբանանի իրավիճակը վատ գնահատեց, բայց այդ վիճակը նորություն չէ եւ ժամանակ առ ժամանակ կրկնվում է, դա Լիբանանի բոլոր բնակիչներին է առնչվում, ոչ միայն հայ համայնքին, մեր դեսպանատունն էլ ինչով կարող է` կօգնի մեր հայրենակիցներին: Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը տեղեկացրեց, թե Ջավախքից ահազանգ ունի, ջավախահայերը Բավրայի անցակետը Վրաստանի կողմից չեն կարողանում հատել, քանի որ Վրաստանի սահմանած միջազգային անձնագրերը չունեն. Է. Նալբանդյանը խոստացավ հետաքրքրվել հարցով:
Պատասխանելով լրագրողների հարցերին` ԱԳ նոր նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունիսի 7-ին կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում, որտեղ նրանք մասնակցելու են միջազգային 12-րդ էներգետիկ ֆորումին եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Սա, փաստորեն, Իլհամ Ալիեւի հետ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն է լինելու նախագահ դառնալուց հետո, եւ արտգործնախարարը հույս ուներ, որ այդ հանդիպումը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ խաղաղ քննարկումների շարունակման եւ լուծման նոր ուղի կբացի: Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ կքննարկվեն անցած տարի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի այն հայտարարությանն անդրադառնալով, ըստ որի առաջարկները առնչվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Նալբանդյանը նշեց, որ Ազիմովի հայտարարությունն այդ առաջարկությունների փաստաթղթին առնչություն չունի` իր կամ ադրբեջանական կողմի տեսակետն է. «Անընդհատ կրկնելով այդ դրույթները` հնարավոր չէ դրանք ներառել փաստաթղթում», ասաց նա: Մինչդեռ այդ փաստաթղթում կա առաջարկ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերի արդյունք է: Ըստ Է. Նալբանդյանի` հայկական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել փաստաթղթի առաջարկների դրույթների հիման վրա բանակցությունները շարունակելու:
«Ազգի» խնդրանքով անդրադառնալով վարչական դատարան դիմած ԱԳՆ-ից հեռացված դիվանագետների խնդրին` արտաքին գերատեսչության ղեկավարը նկատեց, թե ԱԳ նախարարները չպետք է գնահատական տան ազատված աշխատակիցների հայցի վերաբերյալ սկսված դատական գործընթացին. «Հարկավոր չէ դատարանին ինչ-որ կերպ խանգարել ճիշտ որոշում կայացնելու հարցում», ասաց նա:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ