Մերթ լացող, մերթ խնդացող հոգու համար...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը:
Երբ խեղդվում եմ օդի պակասից, իմ բարեկամներն ասում են` բայց կյանքում հրաշալի բաներ շատ կան, չէ՞, օրինակՙ բնությունը, իսկ ավագ գրող իմ բարեկամը սաստում է, երբ տեսնում է, որ միտքս հաճախ է անդրաշխարհներում թափառում, ու ասում է, որ միեւնույն է` ճիշտը կյանքն է, որովհետեւ ոչ ոք հաստատ ոչինչ չգիտի այնկողմնայինից: Բայց միեւնույն է, ես հավատում եմ դրան:
Ու երկու օր առաջ, երբ խմբագրիցս իմացա, որ Վարպետի 85-ամյակն է այսօր եւ ասաց, որ շնորհավորական գրեմ, միտքս դադար չէր առնում, չգիտեի` ինչպես եմ պարզ թղթին հանձնելու թանկ այն զգացումները, որ ապրում են հոգուս մեջ Հակոբ Հակոբյան նկարչի ու մարդու հետ կապված:
Շփումներ ունենալով գերազանցապես արվեստի աշխարհի մարդկանց հետ` նրանց ստեղծագործության եւ մարդկային նկարագրի միջեւ կյանքի փորձառության պակասից թերեւս, առաջ տարբերություն չէի տեսնում: Արվեստի մարդը ժամանակների մեծ կտրվածքների համար է, կարծում էի. մեծ արվեստի, իհարկե: Նման պարագայում, սովորաբար ինչպես լինում է, նրա մարդկային կերպարը շատ նշանակություն չի ունենում սերունդների համար: Արվեստագետի անունը ասոցացվում է իր ստեղծագործություններին, դառնում իր կյանքի հետքը: (Իսկ մեր ապրվող կյանքի ժամանակահատվածո՞ւմ):
Սակայն ավելի բարձր, վերերկրային գնահատումներում մարդը քննվում է ամբողջության մեջ, իր ապրած կյանքով, իսկ եթե ստեղծագործող է, նաեւ` արվեստով: Ահա այս ներդաշնակությունն է, մանավանդ այսօրվա մեր երերուն ժամանակներում, փնտրում մարդը: Այդ փնտրվող մտավորականը, արվեստագետը Հակոբ Հակոբյանն է, այն շա՜տ-շա՜տ քչերից մեկը, որ ապրում է մեր կողքին: Այսօրվա հայ գեղանկարչության Վարպետը` գույնի լռությունն ու խորհուրդը, աշխարհի «մերկության», անցողիկության փիլիսոփայությունը կտավներին բանաձեւող մեծ նկարիչը, մարդը, հայը: Սիրով ու ակնածանքով եմ գրում այս տողերըՙ հարազատ որքան իր խոհական արվեստին, նույնքան նրա մարդկային, շիտակ նկարագրին, նրա ներքին մտածումներին:
Հակոբ Հակոբյանը մշտապես ինքնաստեղծագործում-ստեղծումի, ներքին բարդ վիճակների, մտքի անդադար հարահոսքերի արվեստագետ է: Չեմ կարծում, թե նրա հայացքը, նկարչի իր հայացքը աշխարհի մեջ գեղեցկություն, գեղագիտություն է որոնում երեւութական պլանի վրա. թեեւ նրա նկարչական աշխարհը իր նուրբ, հստակ գծագրությամբ բացառիկ կանոնիկ տպավորություն է թողնում. այնտեղ անկանոն, անփույթ ոչինչ չկա ու շատ գեղեցիկ է: Իր նկարչության հանդարտ, ստատիկ վիճակը միայն գույներով չէ, որ պայմանավորված է. գույնը դիմակն է, մաշկը, զգայական շերտը, շատ խոսուն ու զգայուն, իհարկե: Սակայն խորքը (բնապատկեր կլինի, թե նատյուրմորտ), նկարի «մարմինը» կազմողը մտածողությունն է, միտքը: Նրա կտավի առաջ կանգնողը շատ արագ է զգայական վիճակից տեղափոխվում մտածողական հարթություն: Իր նկարչության յուրաքանչյուր դետալի, յուրաքանչյուր պերսոնաժի (միայնակ ծառ, հեռագրասյուն, քար, եկեղեցի, մկրատ, մորթված կենդանու գլուխ, մանեկեն, սխտորի կապ, ձեռնոց) մեջ նստած է մտածող մարդը, նրա անթարթՙ մերթ զարմացած, մերթ դառնացած, մերթ խեղճացած, մերթ ըմբոստացած հայացքը:
Հակոբ Հակոբյանի արվեստի ընդհանուր ոգին հարազատ է անկասկած իր ծննդավայրի (Ալեքսանդրիա), եգիպտական մշակույթի հիմնէությանը, եւ հին աշխարհի երկու մշակույթներըՙ եգիպտականն ու հայկականը իր նկարչության մեջ խորապես ներդաշնակվեցին, որովհետեւ ինքը ներաշխարհով ձուլված էր այս հողին ու նրա աշնանային գույներին: Երբ 1962-ին եկավ Հայաստան եւ Երեւանում 1963-ին բացեց առաջին ցուցահանդեսը, նա շատ արագ դարձավ սիրելի հայաստանցի արվեստասերներին, գնահատվեց արվեստագետների, նաեւ պետության կողմից: 1986-ին Հ. Հակոբյանը արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի, 1988-ին ընտրվեց ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ստացավ Հայ եկեղեցու բարձրագույն պարգեւըՙ «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշան: Ինքը ներդաշնակորեն շարունակություն գտավ այստեղ, ապրեց ստեղծագործական մեծ կյանք, չնայած դժվարություններին, զրկանքներին, 1915-ի ցավի անվերջ հիշողությանը, նաեւ սփյուռքահայիՙ մեր իրողություններին երբեմն օտար հոգեբանությանը եւ տարըմբռնումներին: Նրա զգայուն հոգին հարազատ զավակի պես ճանաչեց այս հողը, հասկացավ տեղի մարդկանց ցավը, մտահոգությունը եւ ստեղծեց հայրենիքի իր պատկերացրած կերպարը. «Նկարագրիս պատկերով կներկայացնեմ ապրումներս: Իմս կանաչ Հայաստանը չէ, ավելի աշնանային Հայաստանն է»: Նա հայտնաբերեց մեր հողի նոր երանգները, ստեղծեց մարդու եւ աշխարհի միջեւ խզված երկխոսության, ապրելու դժվարության գույնը...
Սիրելի Վարպետ, այո, դուք ճիշտ եք, երբ ասում եք, որ գույնը բացում է աշխարհի խորքը: Առաջ ինձ թվում էր, որ այդ բանալին խոսքն է, սակայն իմ բանաստեղծ բարեկամը միշտ խորհուրդ է տալիս, թե շատ խոսքերի մեջ շատ ունայնություն կա:
Եվ երբ այդ ունայնության զգացողությունը շատ է խորանում, եւ երբ ժամանակը (մարդկային միջավայրը) դառնում է անասելի գորշ ու արգահատելիորեն կեղծ, երբ ճշմարտությունը ամեն քայլափոխի ոտնահարվում է, այ, հենց այդ պահին է, որ շիտակ մարդու սրտի խոսք ես ուզում լսելՙ ապրելու հանգույն: Սակայն դրանք բնավ շռայլված չեն լինում, ու հենց դրա փնտրտուքն էր անում հույն փիլիսոփան, երբ օրը ցերեկով լապտերը ձեռքին ման էր գալիս, թեՙ մարդ եմ փնտրում:
Մենք Ձեզ վաղուց գտել ենք, Վարպետ: Մեզ գտել ենք Ձեր սքանչելի գույների, Ձեր մարդկային նկարագրի, շիտակ, անկեղծ խոսքի, Ձեր գրությունների, Ձեր վերաբերմունքների մեջ:
Երբ առաջին հարցազրույցս արի Վարպետի հետ, իր արվեստանոցում ու պայմանավորված օրը գնացի կազմածս շարադրանքը իրեն կարդալու, նա շարունակեց իր խոսքը արվեստի, մարդու, երկրի ու շատ-շատ բաների մասին: Հրաշալի խոսեց: Ես ափսոսում էի, որ դրանք չարձանագրվեցին, իսկ նա ասաց. «Երբ ալ գաս, այսպես կխոսիմ, իմ միտքերս անդադար ինձի հետ են»: Ես գիտեմ, որ նման մտքերը արթուն են, ու նրանք անհանգիստ հոգի են որոնում ու որ դրանցից պրծում չկա: Բայց գիտեմ նաեւ, որ դա բարեբախտություն է, որովհետեւ այդպիսիք դժվարահաճ են ընտրություն անելիս, որոնելիս մեծ հոգի են գտնում: Մենք գնում ենք Վարպետի մոտ մտքերի հարազատությունիցՙ այդ հոգու հետ հաղորդակցվելու, գնում ենք խաղաղվելու, ճշմարիտ խոսք լսելու:
... Եթե Ձեր արվեստանոցի դիմաց, Հրազդանի կիրճում կտրվող ամեն ծառի ու չորացող գետի ցավը այդպես մղկտացնում էր Ձեր սիրտը, որքա՜ն եք ուրեմն ցավում յուրաքանչյուր բռնադատվող մտքի, մարդկային վշտերի, կյանքերի համար:
Փետրվարյան մեր կյանքի դժվարին օրերին մենք փնտրում էինք մտավորականի սթափ ու զգայուն միտք, թրթռացող սիրտ իր երկրի, իր հայրենակցի հանդեպ, իրական ապրումներով հայ ազնվական մարդ: Մենք փնտրում էինք Ձեզ:
Շնորհավոր ծնունդդ, Վարպետ եւ շնորհակալություն: