Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը:
Բնականաբար, համաշխարհային առումով առանցքային կդառնան ռուս-ամերիկյան հարաբերությունները: Փաստ է, որ այսօր էլ առանց ԱՄՆ-ի չի լուծվում ոչ մի համապարփակ հարց: Պուտինը, հիանալի գիտակցելով Ռուսաստանի ներկա քաշը միջազգային գործերում, ճկուն ու զուսպ քաղաքականություն էր վարում Ամերիկայի նկատմամբ եւ փորձում էր չփչացնել նույնիսկ անձնական հարաբերությունները Բուշի հետ:
Ինչպե՞ս կդրսեւորի իրեն Մեդվեդեւըՙ դեռ վաղ է ասել: Սակայն ակնհայտ է, որ հիմնական պայքարը կծավալվի էներգակիրների շուրջը: Ռուսաստանը Պուտինի օրոք էապես ամրապնդեց իր դիրքերը համաշխարհային էներգետիկայում, իսկ ԱՄՆ-ը, ընդհակառակը, զիջեց: «Վերջին 15 տարում, գրում է քաղաքականագիտության դոկտոր Ալեքսեյ Բոգատուրովը, ամերիկյան կորպորացիաների դիրքերը էներգետիկայի ոլորտում խիստ թուլացել են: Եթե 70-ական թվականներին յոթ խոշորագույն անդրազգային էներգետիկ կորպորացիաներից միայն երկուսն էին ոչ ամերիկյան, ապա այսօր առաջնայինների մեջ չկա ոչ մի ամերիկյան ընկերություն»: Հետաքրքրական կլինի իմանալ, թե որոնք են դրանք. Saudi Aramco-ն Սաուդյան Արաբիայից, ռուսաստանյան «Գազպրոմը», Չինաստանի ազգային նավթային կորպորացիան, Իրանի ազգային նավթային ընկերությունը, Վենեսուելայի Petrolcos de Venezuela S.A.-ն, բրազիլական Petrobras-ը եւ մալայզիական Petronas-ը:
Կարելի է պատկերացնել աշխարհի հզորագույն պետության անբավականությունը ստեղծված իրավիճակից: Եվ ո՞վ կլինի նրա հիմնական հակառակորդը այս ոլորտում. իհարկե Ռուսաստանը իր անբավ բնական պաշարներով:
Անմիջական ագրեսիան Իրաքում անհեռանկար ստացվեց, հազիվ թե արդյունավետ լինի հարձակումը Իրանի վրա, եթե տեղի ունենա: Մերձավոր Արեւելքը գերհագեցած է հակաամերիկյան տրամադրություններով: Ի՞նչ է մնումՙ Կասպից ծո՞վը: Էլի բան է, բայց նա անմիջականորեն հարեւանում է Ռուսաստանին: Ուրեմն պետք է գործի դնել կազմակերպչական եւ ուժային ողջ հնարավորությունները:
Այս ֆոնի վրա հասկանալի է դառնում Վրաստանի եւ Ուկրաինայի շուրջը բարձրացված աղմուկը: Երկու երկրների դերը շատ մեծ է նավթի ու գազի տարանցիկ փոխադրման համարՙ ի շրջանցումն Ռուսաստանի: Ամերիկան խնդիր է դրել ոչ միայն ստեղծել նման էներգատարների համակարգ, այլեւ իր ռազմական ազդեցության ոլորտի մեջ ներառնել այն երկրները, որոնցով անցնում են ներկա մայրուղիները: Մասնավորապես Վրաստանը ներքաշվում է ամերիկյան շահերի շրջանակի մեջ ոչ թե որ վրացիները «դեմոկրատական, եվրոպական» ազգ են, այլ բացառապես իր աշխարհագրական դիրքի պատճառով: Սա է միջազգային ասպարեզում Վրաստանին պաշտպանելու ամերիկյան ռազմավարության հիմքը:
Ռուսները դա հիանալի են հասկանում: Մյուս կողմից, ամերիկացիները եւս չեն կարող չհասկանալ, որ մերկացնում են Ռուսաստանի հետ հակամարտության հավանականությունները: Վերջինիս դեռ Խորհրդային Միություն չէ: Բայց ինչի՞ կվերածվի նա վաղը: Ուրեմն, վերադառնում ենք սառը պատերազմի ժամանակնե՞րը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա