Սակայն ընդդիմության կոնկրետ քայլեր չեն նկատվում
Մարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից են: Դեմիրճյանի կարծիքով, ԵԽԽՎ բանաձեւի պահանջները չեն կատարվում, բայց այնուամենայնիվ, որոշ հեռուստաընկերություններ արդեն եթեր են տրամադրում ընդդիմությանը: ՀԺԿ առաջնորդը հույս ունի, որ այդ եթերները ժամանակավոր բնույթ չեն կրի:
Ինչեւէ, երեկ «Փաստարկում» Ստեփան Դեմիրճյանը խոսեց պահանջատիրոջը վայել ձեւով` կոնկրետ պատասխաններ չտալով այնպիսի հարցերի, որոնք մասնավորապես վերաբերում են ընդդիմության ձեռնարկվող քայլերին` ԵԽԽՎ բանաձեւի լուծման համար:
Երկխոսությունը, քաղաքական գործչի կարծիքով, կոնկրետ քայլեր է պահանջում, ինչպես նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործում: Ըստ Դեմիրճյանի` ընդդիմության կոնկրետ քայլերը նշանակում են` հետեւել, որ իշխանությունը կատարի ԵԽԽՎ պահանջները եւ ընդդիմությունը մասնակցի քաղաքական գործընթացներին: Դեմիրճյանի խոսքերով, բանաձեւի կատարումը կարող է դառնալ երկխոսության հիմք` նշելով, որ ԵԽԽՎ բանաձեւը երբեւէ չի կատարվել լիարժեք ձեւով:
Իսկ թե ո՞րն է ընդդիմության մեղքի բաժինը երկրում ստեղծված ճգնաժամի առաջացման հարցում, բանախոսը նկատեց, որ խոսքը վերաբերում է հանրահավաքների ժամանակ ընդդիմության կողմից հնչող սուր ելույթներին, եւ խոստովանեց, որ իրեն էլ շատ հաճախ դուր չէին գալիս իշխանություններին հասցվող վիրավորանքները: Սակայն, Դեմիրճյանի կարծիքով, միտինգները գիտական սեմինարներ չեն:
ՀԺԿ առաջնորդը ընդգծեց, որ հանրահավաքների, երթերի եւ ցույցերի օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները հակասահմանադրական են եւ ԵԽ-ն համապատասխան գնահատական կտա դրանց. «Իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկրում առկա ճգնաժամն անհնար է հաղթահարել ճնշումների եղանակով»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ