«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, քրեական օրենսգրքի 4 հոդվածներով մեղադրվող եւ միայն վերջերս կալանքից ազատված Սուրեն Սուրենյանցը: Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար, երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ բանավիճող Սուրեն Սուրենյանցը նշեց, որ կարեւորելով մյուս կետերի իրականացումը եւս` առնվազն առաջնային են համարում քաղբանտարկյալների ազատ արձակումը, որից հետո միայն հնարավոր է երկխոսությունը:
«Ի սկզբանե նախապայմաններ դնելովՙ երկխոսությունը դատապարտված է, քանի որ դուք ի սկզբանե դնում եք խնդիր, որը լուծվելու է քննչական մարմինների կողմից, այսինքնՙ դուք ի սկզբանե բերում եք մի դաշտ, որը ժամանակի խնդիր է եւ ժամանակի հետ է լուծվելու: Այսօր երկխոսությունը կարելի է սկսել որեւէ մակարդակում եւ ընթացքում կտեսնենք այդ հարցերի լուծումը, որոնք բոլորը հասարակության աչքի առաջ են տեղի ունենում», պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը` պարզ ասելով, որ նախապայմաններով երկխոսության գնալն արդեն իսկ չի կայանալու:
Այդուհանդերձ Սուրենյանցը պնդեց, որ կալանավորվածների ազատ արձակումը իրենց համար սկզբունքային հարց է, մինչդեռ մյուս հարցերը կարելի է քննարկել: Այսօրվա իրավիճակից դատելով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը մտահոգություն է տեսնում ԵԽԽՎ պահանջների կատարման ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերի առումով. «Այս փաստը (կալանավորվածներին ազատ չարձակելու հանգամանքը-հեղ.) ինձ հուշում է մի տխուր բան, որ կալանվածները պահվում են որպես պատանդ երկխոսությունների ժամանակ ընդդիմության առաջ որոշ պահանջներ դնելու համար»:
Սուրեն Սուրենյանցն ընդգծեց, որ վաղուց անցել է բարիկադներ կառուցելու ժամանակը, բայց նորմալ երկխոսություն կառուցելու համար պետք է մարդկանց ազատ արձակել: Նրա խոսքով, կալանավորվածներին ազատ արձակելը իրենք չեն դիտի իշխանությունների թուլություն, հակառակըՙ կհնչեն գնահատականներ. «Մենք դուրս ենք եկել, բայց որեւէ մեկը դա չի շահարկել, թե մեզ ազատելը իշխանության թուլություն էր, հակառակը, հնչել են գնահատականներ, որ արտակարգ իրավիճակից հետո լարվածության որոշակի թուլություն կա, իհարկե, վերջին օրերին բերման ենթարկվածները մտահոգություն են ծնում, որ մինչեւ հունիսի վերջը իշխանություններն արմատական քայլերի կգնան»:
«Երկխոսությունը բազարային հարաբերությունների չեմ վերածում, թե դուք սա եք զիջում, մենքՙ սա: Այդ հարցն ինձ համար շատ հստակ է. երկխոսությունը պետք է նպատակ ունենա հանրապետությունում վերացնելու հակադրության մթնոլորտի հետեւանքները եւ հնարավորություն ստեղծի քաղաքական իրական մրցակցության համար», ասաց Սուրենյանցը: Կարեն Ավագյանն էլ նշեց, թե քաղաքականությանը մասնակցելու ամենաժողովրդավարական ձեւերից է ընտրություններին մասնակցելը. «Համայնքներում ընտրություններ են, բայց դուք որեւէ տեղ թեկնածու չունեք, սա ամենաժողովրդավարական ձեւն է քաղաքականությանը մասնակցելու»: Սուրենյանցը հակադարձեց, թե առաջադրվելու հավանականություն ունեցող իրենց թեկնածուների մի մասը բանտում է, մյուս մասը` ընդհատակում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ