Գինին` ազգային արժեհամակարգում
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«Հայ գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանի վերջերս հրատարակած «Խաղողագործությունը եւ գինեգործությունը Հայաստանում» ուսումնասիրության առիթով մեր հարցազրույցում («Ազգ-մշակույթ», 10 մայիս, 2008) անդրադարձել էինք խաղողի եւ գինու հոգեւոր-մշակութային նշանակությանը: Ավագ Հարությունյանը տեսական ուսումնասիրողից բացի պրակտիկ արտադրող է, մեր զրույցի ընթացքում նա խոսեց նաեւ հայկական գինեգործության ավանդույթների, տնտեսական կարեւորության, գինու հատկանիշների եւ առանձնահատկությունների մասին:
Ավանդույթների անկում
Հայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, տարեկան Հայաստանում ներմուծվում է 8 մլն լ օղի, տեղական արտադրանքը կազմում է 15 մլն լ եւ ըստ իմ զրուցակցի հաշվարկների, չգրանցված 1 մլն լ տնական արտադրության օղի: Տեղական արտադրության գինին 3,5 մլն է, արտերկրից ներմուծվածը` 200.000 լ: Հայերը շատ հին ժամանակներից, սակայն, ունեցել են գինեգործության հարուստ ավանդույթներ: Ըստ Ավագ Հարությունյանի, գինու գործածության նվազումը հետեւանք է վերջին 300 տարիների ընթացքում տարված տնտեսական քաղաքականության` պայմանավորված որոշակի հանգամանքներով:
«Արեւմտյան Հայաստանում գինու օգտագործման ավանդույթները պահպանվեցին մինչեւ 1915-ը: Հայերին արգելված էր գինու առեւտուրը, որովհետեւ այն դիտվում էր որպես ավելի հոգեւոր աշխարհի ապրանք` ներդաշնակ իր ընտանեկան, ազգային արժեքներին:
Արեւելյան Հայաստանում այլ պրոցեսներ կատարվեցին: 1639-ին Արեւելահայաստանն անցավ պարսկական տիրապետության տակ, սկզբնական շրջանում արգելվեց հայերին գինի պատրաստել, հետո մեղմացավ, ընդհուպ վաճառքի թույլտվության, բայց ոչ` մահմեդականներին: Երբ ռուսական ազդեցությունները Կովկասում մեծացան, հայերը գինու առեւտուր սկսեցին ռուսների հետ: Բայց տրանսպորտային փոխադրամիջոցների զարգացած չլինելու պատճառով, գինու տեղափոխումը դժվար էր: Մի շարք հանգամանքներ, նաեւ օրինակ այն, որ 10 լ թորած գինուց ստացվում է 2 լ օղի, աշխուժացրեցին դրա առեւտուրը:
1828-ին Պարսկաստանից Արեւելահայաստան վերադարձող հայերն աղքատ գյուղացիներ էին` լեռնային, ոչ բարեբեր հողերից, որոնք իրենց հետ բերեցին օղու կուլտուրան: Օղու արտադրությանը նպաստեց նաեւ ցարի հարկային մեղմացումների քաղաքականությունը. այս ապրանքատեսակը ակցիզային հարկից ազատվեց:
1945-ին ռազմաճակատից վերադարձած շուրջ 500.000 հայ տղամարդիկ, որոնք 5 տարի կրել էին ռուսական կենցաղի, կուլտուրայի ազդեցություններ, բերեցին օղու սովորությունը: Եվ 60-ականներին, երբ սովետական կառավարության պատվերով Հայաստանը սկսեց արտադրել էժան, վատորակ պորտվեյն գինիներ ռուսական շուկայի համար, հայ ժողովուրդը զրկվեց իր ներիքն շուկայում թեկուզ փոքր քանակությամբ գինի ունենալու հնարավորությունից»:
Օղու օգտագործումը եւ առհասարակ ավանդույթներից հեռանալը հոգեւոր-մշակութային, թե սովորույթ-կենցաղային առումներով, խաթարում է ազգային նկարագիրը: Գինուց հրաժարվելու հետեւանքները իմ զրուցակիցը դիտում է ընդհանուր դեգրադացիոն պրոցեսներում. իր համար «վերադարձ արմատներին» շարժումը ներառում է նաեւ հոգեւոր արժեքներին առնչվող արտադրատեսակները:
Գինու առավելությունները
«Գինին իր մեջ կրում է հոգեւոր արժեքների բազմաթիվ շերտեր: Օղին համարվում է ագրեսիվ խմիչք: Հայերը օղի օգտագործել են դեռ հնուց: Ուրարտական արքաներն այն համարել են աստվածային խմիչք` մահկանացուներին խորհուրդ տալով չխմել: Օղին եղել է տաբու, օգտագործումը` խիստ կանոնակարգված: Առավոտյան 50 գ օղին օգտակար է նյութափոխանակության եւ այլ առումներով, բայց չափն անցնելիս` վերածվում է թույնի:
Այլ է գինու ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա: Գինին ունի բուժական հատկանիշներ` սիրտ-անոթային համակարգի բարելավում, երիկամների, լյարդի ֆունկցիաների կարգավորում, օգնում է սկլերոզին: Ընդունված է էթնոթերապիայի, գինեբուժության մեթոդը: Գինին դիետիկ խմիչք է համարվում: Հնում գինով վերքեր են լվացվել, համաճարակների ժամանակ օգտագործվել է որպես վարակազերծ, միկրոսպան միջոց, ունի նաեւ հակասթրեսային ազդեցություն եւ այս ամենը` առանց կողմնակի հետեւանքների»:
Հայկական գինու արտադրությունը, որակը, սպառման շուկան
Մեր նախորդ զրույցում անդրադարձել էինք համաշխարհային շուկայում ճաշակի հեղափոխության արդի շրջանում` խաղողի ծագումնաբանության գործոնին տրվող կարեւորությանը: Որակը այլեւս անառարկելի պայման է: Իր գրքում Ավագ Հարությունյանը պատմական բազմաթիվ փաստերով հաստատում է խաղողի հայկական ծագումը: Իսկ ինչպիսի՞ն են այսօր Հայաստանում արտադրվող գինու որակը եւ դրա զարգացման հնարավորությունները:
«Խաղողի զգալի մասը օգտագործում են կոնյակ արտադրողները, որոնք գինու դաշտ մտնում են իմիջային հարցեր լուծելու: Գինի արտադրող 46 հայ գործարարներից մոտ 20-ը կոնյակ է արտադրում եւ խաղողի 90 տոկոսը գնում են նրանք: Գինեգործների մնացած փոքրաթիվ մասը ունենում է դժվարություններ եւ գովազդային արշավի ողջ ծանրությունը չի կարող կրել: Մինչդեռ հայկական հեռուստաընկերությունները, Հ1-ը եւ մյուսները օղու հսկայական գովազդներ են անում, քիչ չեն նաեւ քաղաքում փակցված օղու գովազդային հսկա վահանակները: Այդ ֆինանսները պետք է ուղղվեն գինու քարոզչությանը, որպես ազգային արժեքային համակարգի կարեւոր տարրի եւ սա` կառավարության աջակցությամբ»:
Լավ արտադրանքը պահանջում է մասնագիտական հետազոտություն` որակյալ մթերք, սարքավորումներ, տեխնոլոգիա: Ըստ Ավագ Հարությունյանի, հայկական խաղողի ընտիր գենոֆոնդը ի հարկին ուսումնասիրված չէ: Նախկին սովետական չափանիշներն ու մասնագիտական տեսանկյունները այլեւս բավարար չեն: Այսօրվա շուկան խիստ պահանջատեր է եւ հաշվի է առնում հավելյալ` խաղողամշակման նոր տեխնոլոգիաներ` պայմանավորված աշխարհագրական, միկրոկլիմայական եւ այլ գործոններով:
Հայկական գինիների հիմնական սպառողը ռուսական շուկան է`մոտ 70 տոկոսով, մնացածը իրացվում է անհատական մակարդակով: Մի որոշակի քանակություն իր գնորդին գտնում է հայկական սփյուռքում: «Դրա սպառման պատճառը, սակայն, ոչ այնքան գինու որակն է, որքան հայկական լինելու հանգամանքը, նոստալգիան, ինչը բացասաբար է անդրադառնում արտադրողի վրա, քանի որ «բթացնում է զգոնությունը»:
Քայլեր` գինեգործության զարգացմանը նպաստող
Հայ գինեգործները մասնակցում են միջազգային գիտաժողովների` ներկայացնում տեսակետներ, նոր մեթոդներ առաջարկում` մեր ավանդույթների, պատմական ընթացքների հետ կապված, հրատարակվում են ուսումնասիրություններ, տպագրվում հոդվածներ: Փորձեր են արվում դրսի իրավական նորմերի, չափանիշների յուրացման, դրանց ներդաշնակեցմանը մեր նորմերին: Սա վերաբերում է հիմնականում Եվրոմիության ընդունված եւ օրինակելի չափանիշներին: «Միեւնույն է` մենք պետք է Եվրոմիության մեջ ընդգրկվենք, թեկուզ տարիներ անց, եւ շարժվելու ենք իրենց թելադրած կանոններով: Բայց մինչ այդ պարտավոր ենք ստեղծել համապատասխան իրավական դաշտ, մասնագիտական ներուժ, ուսումնասիրությունների արդիական մեթոդոլոգիա եւ տեխնիկա: Այլապես դարձյալ այդքան տարի հետ ենք ընկնելու»:
Ավագ Հարությունյանը պատմեց նաեւ այս տարի Թուրքիայում (Իզմիր) գինու տուրիզմի վերաբերյալ կազմակերպված մի գիտաժողովի մասին, որի հայաստանյան միակ ներկայացուցիչն ինքն է եղել: Թուրքական կողմը տեղական գինեգործությունը ներկայացրել է միայն երկրի արեւմտյան շրջաններով: Իր ելույթում հայ գինեգործը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայում` Արեւմտյան Հայաստանի տարածքում հայերը 5000-ամյա խաղողագործության եւ գինեգործության հարուստ ավանդույթներ են ունեցել` տեխնոլոգիաների, մշակույթի, կենցաղի, սովորույթների: Եվ քանի որ Թուրքիան ներկայացնում է տարբեր ժողովուրդների (հայեր, բյուզանդացիներ, հույներ, հռոմեացիներ) մշակութային շերտեր, որոնցից յուրաքանչյուրը նկատելի ավանդ ունի ներդրած, ուստի պարտավոր է պահպանել դրանք եւ փոխանցել սերունդներին: Սա, չնայած առաջացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի դժգոհությունն ու վրդովմունքը, Ավագ Հարությունյանին, սակայն, հաջողվել է գիտաժողովի որոշման մեջ կատարել խմբագրումներ` արձանագրելով ասվածը: