«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2008-05-15 | #93, 2008-05-16 | #94, 2008-05-17


ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, Հոգեբույժ

Անդրանիկ Օզանյանի բժշկական գիտելիքները

Հայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին զանազան մարմնական հիվանդություններից եւ վարակիչ հիվանդությունների համաճարակներից պաշտպանելու եւ արդեն բռնկված համաճարակի ժամանակ հրատապ միջոցառումներ ձեռնարկելովՙ նրանց կյանքը փրկելու բժշկական եւ ժողովրդական զանազան միջոցները:

Նա անձամբ է հետեւել բանակի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակին եւ այդ հարցերում որոշակի խիստ պահանջներ ներկայացրել իր բժշկասանիտարական խմբին:

Նա իր զինվորներից մշտապես պահանջում էր. «Ձիդ չխնամած, զենքդ չմաքրած, կոշիկիդ ու հագուստիդ պատռվածքները չկարկատած ու մարմինդ կեղտից չմաքրած մի նստիր ճաշի»:

Այդ մասին իր հուշերում գրել է Անդրանիկի կամավորական բանակի բժշկասանիտարական խմբի երիտասարդ բուժակ (հետագայում` բժիշկ) Վաղարշակ Հովակիմյանը:

Պայքար բծավոր տիֆի դեմ

1914թ. նոյեմբերի վերջին Անդրանիկի բանակը գրավում է Խոյի ու Սալմաստի մոտ գտնվող Սարայ քաղաքը: Շուտով կամավորների բանակում նկատվում է ոջլոտության բռնկում եւ դրա հետեւանքը հանդիսացող բծավոր տիֆով զինվորների հիվանդացության դեպքեր:

Անդրանիկը շտապ իր մոտ է հրավիրում բժշկասանիտարական խմբի բժիշկներ Հակոբ Զավրիեւին, Խաչատուր Բոնապարտյանին, Ռուբեն Տեր-Ստեփանյանին, Հայկազունի Նալբանդյանին, Հովհաննես Սաֆարյանին եւ ասում. «Պարոնա՛յք բժիշկնե՛ր, դուք գիտե՞ք, որ ոջիլը լափում է մեր զինվորներին: Որքան կհիշեմ Բալկանյան պատերազմից, ոջիլն է տարածում բծավոր տիֆի հարուցիչ միկրոբները, ատիկա ճի՞շտ է, թե` ոչ»:

Բժիշկները հաստատում են Զորավարի ասածի ճշմարտացիությունը եւ հավելում, որ իրենք համապատասխան պայմաններ չունեն այդ չարիքի դեմ պայքարելու համար:

Զորավարը շարունակում է. «Աղեկ, հարգելի բժիշկնե՛ր, այժմ եւեթ սկսեք պայքար ոջիլի դեմ»:

Անդրանիկի ցուցումով պահանջվեց զինվորների սպիտակեղենը լվանալ, բաղնիքի շենքում բարձր ջերմաստիճանի տակ կատարել շինելների, մուշտակների, թաղիքե կոշիկների ու իրերի հականեխում: Միաժամանակ պահանջվում էր զինվորներին լողացնել: Այն շենքերը, ուր նախկինում բնակվել էր թուրքական զորքը, անհրաժեշտ էր մաքրել եւ հականեխել ծծումբով, ինչպես նաեւ խոտի հաստ շերտ փռել հատակին եւ նոր միայն թույլ տալ, որ հայ զինվորները բնակվեն այնտեղ: Այս բոլոր միջոցառումներն իրագործելու համար զորավարը իր բժշկասանիտարական խմբին տալիս է ընդամենը 48 ժամ:

Բժիշկների հեռանալուց հետո զորավարը անմիջապես իր մոտ է հրավիրում Սարայի հայ, ասորի եւ հրեա հոգեւորականներին, ինչպես նաեւ քաղաքի այլ ազդեցիկ անձնավորություններին ու խնդրում, որ նրանց կանայք, հարսներն ու աղջիկները գան եւ իրենց օգնենՙ զորքին ոջիլից ազատելու հարցում:

Նրանք սիրով համաձայնում են զորավարի խնդրանքին եւ անմիջապես գործի անցնում:

Բանավոր վկայություններից հայտնի է, որ հագուստեղենը ոջիլներից մաքրելու նպատակով օգտվել են տաք թոնիրներից, որոնցում շիկացած չոր օդի պայմաններում հագուստները թափահարել են թոնրի հատակի մարմանդ կրակի վրա:

Բժիշկները բոլոր հիվանդներին, բացի թոքերի բորբոքումով տառապողներից, շտապ մեկուսացնում եւ տեղափոխում են Կոտոր գյուղում գտնվող մի մեծ, լուսավոր ու տաք տուն` բուժումը կազմակերպելու նպատակով:

Ձեռնարկված անհետաձգելի եւ գրագետ միջոցառումների արդյունքում մի քանի օրվա ընթացքում դադարել են բծավոր տիֆով հիվանդանալու նոր դեպքերը, իսկ հոգատար խնամքի եւ արդյունավետ բուժման շնորհիվ էլ ապաքինվել են բոլոր հիվանդները, չտալով այդ խիստ վտանգավոր հիվանդությունից եւ ոչ մի զոհ:

Անդրանիկը բժշկասանիտարական գիտելիքների ջատագով

1915թ. ապրիլի վերջին Անդրանիկի գունդը անցնելով Դիլիման քաղաքը եւ հայկական Սավրա գյուղը, կեսօրից հետո հասնում է Վարդանա գյուղ եւ ռազմական ճամբարի բնակատեղի ընտրում արեւմտյան արվարձանը, որտեղ նախատեսվում էր մի քանի օր սպասելով հանգստանալ:

Օգտվելով ժամանակավոր դադարից եւ բարենպաստ եղանակից, Անդրանիկը մի քանի օրվա ընթացքում նորոգել է տալիս գնդի հեծելազորի ձիերի թամբերը: Մարտիկներին թել ու ասեղ բաժանելով հրամայում է կարկատել սեփական հանդերձանքը, սափրվել ու լողանալ:

Միաժամանակ բժիշկներին կարգադրում է մի քանի օգտակար բժշկական զրույցներ անցկացնել գնդի ռազմիկների հետ սուր վարակիչ եւ տարափոխիկ հիվանդությունների մասին:

Այս փաստը վկայում է, որ մեծ զորավարը ինչքան ճիշտ է ըմբռնել զինվորների առողջության պահպանման հարցում տարրական բժշկա-առողջապահական գիտելիքների իմացությունը:

Անդրանիկի մտահոգությունը հայ գաղթականների վիճակով

1915թ. երիտթուրքերի կողմից Արեւմտյան Հայաստանում իրականացված հայերի կոտորածներից փրկված հազարավոր հայ գաղթականներ իրենց հանգրվանն էին գտել Արարատյան դաշտի քաղաքներում ու գյուղերում: Նրանց շրջանում խիստ տարածված էին բծավոր ու որովայնային տիֆերը, դիզենտերիան ու մալարիան, խոլերան եւ այլ սուր վարակիչ հիվանդությունները:

Վիճակը ավելի էին ծանրացնում նրանց կեցության հակահիգիենիկ պայմաններն ու համատարած սովը: Գաղթականների կուտակման վայրերում օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Վաղարշապատի փողոցները լի էին դիակներով, եւ դիասայլերը չէին հասցնում հավաքել ու թաղել մահացածներին:

1915 թ. ամռանը Անդրանիկ զորավարի կամավորական բանակը հասնում է Քանաքեռ եւ տեղավորվում Ավան գյուղում:

Տեղավորվելու հաջորդ օրն իսկ զորավարը իր մոտ է հրավիրում բժիշկ Հայկազուն Նալբանդյանին ու նրա տրամադրության տակ դնելով իր գնդի բժշկասանիտարական խումբըՙ հրամայում ժամանակավորապես գունդը թողնել-մեկնել Վաղարշապատ եւ օգնություն ցուցաբերել բնավեր ու դժբախտ հայրենակիցներին:

Ինչպես գրում է բժիշկ Վաղարշակ Հովակիմյանը, իրենք Վաղարշապատում հանդիպել են մեկ տասնյակ հայրենասեր բժիշկների, ովքեր գիշեր ու զօր անշահախնդիր կյանքի ու մահի պայքար էին մղում մահաբեր հիվանդությունների դեմ ու մարդասիրական օգնություն ցուցաբերում թշվառության մեջ տառապող հազարավոր մարդկանց: Դրանք էին բժիշկներ Մանդինյանը, Բուլբուլյանը, Ասրիեւը, Մարգարյանը, Նալբանդյանը, Բադալյանը, եղբայրներ Արշակ Տեր-Ստեփանյանը եւ Էդվարդ Տեր-Ստեփանյանը, բժշկուհիներ Եկատերինա Զալյանը, Հունանյանը եւ շատ բուժակներ ու գթության քույրեր:

Բանակի սանիտարական օրերը

1918 թ. ամռանը Անդրանիկի կամավորական զորամասը, անցնելով Սելիմի լեռնանցքը, իջնում է Վայոց ձոր եւ մի քանի օր մնում այնտեղ:

Օգտվելով այդ դադարից, Նախիջեւան շարժվելուց առաջ, զորավարը հրամայում է կիրակին եւ երկուշաբթին հայտարարել սանիտարական օրեր` զորամասը կարգի բերելու, զինվորներին սափրելու, մազերը կտրելու, լողանալու, հագուստը լվանալու եւ կարկատելու համար:

Այդ աշխատանքներին մեծ օգնություն են ցուցաբերում նաեւ բանակի հետ շրջող գաղթականների խմբի մեջ եղած կանայք:

Անդրանիկը ծանոթ էր մանրէաբանությանը եւ համաճարակաբանությանը

1918 թ. ամռանը Անդրանիկի զորամասը մի քանի օր իջեւանում է Վայոց ձորում:

Արփա գետի ձախ ափի վիթխարի ընկուզենիների զովասուն պուրակում հանգստանալիս զորավարը իրեն տեսության եկած գյուղացիներին խնդրում է խմելու սառը ջուր բերել: Շատ չանցած Կոթուրի գյուղացիներից մեկը կավե կժով ջուր է բերում, լցնում կլայեկած պղնձե թասի մեջ ու մատուցում նրան: Ծարավը հագեցնելուց հետո Անդրանիկը շնորհակալությամբ թասը վերադարձնում է գյուղացուն ու նկատելով, որ կուժը եղել է ճաքած ու վերանորոգված, գյուղացուն հանդիմանում է. «Ախպարս, չէ՞ որ այդ կոծկած կուժին ճեղքվածքում բազմապիսի ու անհամար միկրոբներ կվխտան, որ կրնան ըլլալ պատճառ բռնկելու անանկ սուր վարակիչ հիվանդություններու համաճարակ, որու հետեւանքով անմեղ տեղը կմեռնին հազարավոր մարդիկ»:

Այս փաստը ցույց է տալիս, որ զորավարը ծանոթ է եղել մանրէաբանության եւ համաճարակաբանության որոշ խնդիրների:

Պայքար խոլերայի դեմ

1918 թ. ամռանը հայկական Ջուղայում Անդրանիկը կանգնում է նոր, ավելի ծանր փաստի առաջ: Նրա կամավորական բանակում նկատվում են մալարիայով եւ խոլերայով հիվանդացության դեպքեր:

Զորավարը լավ պատկերացնելով իր սիրասուն զինվորների առողջության ու կյանքի համար վտանգավոր հետեւանքները, դիմում է կտրուկ միջոցների:

Իր մոտ է հրավիրում բժշկասանիտարական խմբին եւ խստորեն հրամայում ամենակարճ ժամկետում բանակից արմատախիլ անել նոր-նոր սկսված չարագույժ հիվանդության համաճարակը:

Զորավարը բանակը Արաքսի ձախ ափով բարձրացնում է հայոց Գողթան գավառի Ցղնա գյուղը, ուր օդը զով էր, կային սառնորակ աղբյուրներ ու կանաչ այգիներ:

Այստեղ ընտրում է մի ընդարձակ այգի, ծառերի հովանու ներքո խփել տալով վրաններ ու դաշտային ինֆեկցիոն հոսպիտալ կազմակերպելով:

Զինվորներին խստիվ արգելվում է ճահճային ջրերի եւ պտուղների օգտագործումը:

Զորավարի հրամանով խոլերայով հիվանդ զինվորներին պառկեցնում են առանձին վրանների տակ: Առանձնացվում է նաեւ նրանց սպասարկող բուժանձնակազմը:

Այգին բոլոր կողմերից շրջապատվում է հերթապահ զինվորներով, որպեսզի ոչ ոք իրավունք չունենար ներս ու դուրս անել արգելված տարածք եւ արգելվի հիվանդների ու առողջների միջեւ որեւէ շփումը:

Հիվանդների ու բուժանձնակազմի սննդամթերքը, դեղորայքն ու անհրաժեշտ պարագաները մատակարարվում էին դրսից: Կարանտինը գործում էր ամենայն խստությամբ:

Հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների բուժական սնունդին: Անդրանիկը հրամայում է ձեռք բերել մեծ քանակությամբ սխտոր եւ բանակի կթի մաքիներից ստացած կաթից մածուն մերել, հիվանդներին կերակրել սխտորախառն քամած մածունով եւ ոչխարի թարմ մսով եփած սպասով: Յուրաքանչյուր հիվանդի օրական տրվում էր նաեւ կես շիշ Ցղնայի հին գինի:

Շնորհիվ ձեռնարկված շտապ եւ ճիշտ համաճարակաբանական ու բուժական միջոցառումների, կամավորների բանակում դադարում են խոլերայի նոր դեպքերը: Երեք-չորս օրից հիվանդ մարտիկները արագորեն ապաքինվում ու կազդուրվում են: Համաճարակը ավարտվում է առանց մահացու դեպքերի:

Անդրանիկը եւս հիվանդանում է խոլերայով

Ինչպես վկայում են փաստերը, բանակը Ցղնա հասնելու նույն երեկոյան խոլերայով հիվանդանում է նաեւ Անդրանիկը: Նա տեղավորված էր երկաթուղու վարչության հարմարավետ բնակարանում, որն ուներ զույգ լողարաններով լոգասենյակ: Նրան խնամում էին բուժակ Վաղարշակն ու երկու սանիտարներ: Զորավարը ուշի-ուշով լսում է իր բժշկի խորհուրդները եւ ասում. «Դե, հոգի՛ս, աճապարեցեք, ինչ անելու եք, արեք, բայց չմոռանաք սխտորախառն մածունը, կոնյակը եւ վաննաները»:

Բուժաշխատողները տաք լողարանի մեջ խոզանակով շփում են զորավարի մարմինը եւ տեղափոխում անկողին: Վերջում Անդրանիկը նվաղած ձայնով ասում է. «Զավակնե՛րս, ալ կբավե, իմ կյանքը փրկելու համար դուք ամեն բան ըրիք, այժմ թողեք զիս հանգիստ. կհուսամ, որ օրգանիզմիս բնական ուժերը չեն դավաճաներ ինձի, իսկ ձեր թափած ջանքերը ապարդյուն չեն անցնիր»:

Վաղարշակ Հովակիմյանը գրում է, որ ինքը երկու սանիտարների հետ հերթապահել է Անդրանիկի անկողնու մոտ եւ գիշերը մի քանի անգամ նրան կամֆորայի յուղ ու կոֆեինի լուծույթ սրսկել:

Առավոտյան կանուխ Անդրանիկին տեսակցելու են գալիս բժիշկներ Ռուբեն Տեր-Ստեփանյանն ու Բոնապարտյանը, զորավար Սմբատն ու Հասրաթ Բորբորյանը: Զորավարը նրանց հավաստիացնում է, որ իրեն բավականին լավ է զգում եւ հայտնելով իր շնորհակալությունը, խնդրում է թույլ տալ, որ փոքր-ինչ քնի:

Անդրանիկը մեկ շաբաթվա ընթացքում ապաքինվում է ու ոտքի կանգնում, ինչը մեծ ուրախություն է պատճառում հայ կամավորական բանակի քաջարի զինվորներին:


Նկար 1. Անդրանիկը (նստած) իր բժիշկ եւ զինակից Բոնապարտյանի հետ

Նկար 2. Հայ կամավորների սանիտարական խումբը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4