Իշխանության համար պայքարը երեւի ամենաանողոք ու ցինիկ երեւույթն է քաղաքականության մեջ: Եվ բարոյախոսել այդ թեմայի շուրջն անմտություն է: Այդուհանդերձ:
Հայ ընդդիմության լրատվամիջոցների հարձակումները Հայ եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի հասցեին արձագանքներ են գտնում նաեւ արտասահմանում, տվյալ դեպքումՙ Ռուսաստանում: Ամենատգեղն այն է, որ ամեն ինչ արվում է գռեհիկ, փողոցային լեզվով ու արտահայտություններով, որոնք էլ մեջբերումների կարգով տեղ են գտնում տեղի մամուլում, առաջ բերելով մեր թշնամիների խոր գոհունակությունը ու ռուսահայերի բարոյական նվաստացումը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ուժեղ են հակակովկասյան տրամադրությունները, եւ այդ տարածաշրջանից ստացվող շատ լուրեր մեկնաբանվում են ստեղծված մտայնության (ավելի կոնկրետՙ նացիոնալիստական) դիրքերից: Ահա եւ, դուք ասեք, ի՞նչ «թեքումով» կարող է հակաեկեղեցական այդ ազդեցությունը հրամցվել ռուսաստանցի ընթերցողին: Միայն ու միայն ցույց տալու համար, թե իրականում ի՜նչ մակարդակ ունի այդ անհավատ ժողովուրդը, որը դեռ իրեն համարում է «հնամյա ու քաղաքակիրթ», որը, իբր, 1700 տարի առաջ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Շեշտվում են հենց հակաեկեղեցական հայհոյանքները, մարդկանց համոզելով, որ ոչինչ չի փոխվի այդ վայրենի կովկասյան երկրում, եթե իշխանության գլուխ գա նման կուլտուրայով ու բառապաշարով «հարուստ» խավը:
Ոչ ոք չի ասում, թե մեր եկեղեցին խոցելի տեղեր չունի: Երեւի ունի, նա էլ է բոլորիս հետ անցել խորհրդային արգելապաշտության տարիների միջով: Ռուսաստանում էլ են ժամանակ առ ժամանակ խոսակցություններ բացվում, ասենք, ռուս եկեղեցու որոշ գործողությունների (կամ անգործության) մասին բոլշեւիկյան բռնատիրության ժամանակ: Սակայն այս արվում է մեծ նրբանկատությամբ եւ կիրթ լեզվով, չի իջնում անհատականության մակարդակիՙ նրա վրա բոլոր «մեղքերը» բարդելու նսեմ տրամադրվածությամբ:
Ի դեպ, Հայաստանում երբեւէ որեւէ մեկը մտածե՞լ է, որ ռուսներն ինչ-որ տեղ բարոյական իրավունք կունենային անբավականություն արտահայտելու, որ իրենց ներկայիս հոգեւոր առաջնորդը ազգությամբ ռուս էլ չէ (նրա աշխարհիկ ազգանունն է Ռիդիգեր): Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ գազանային ոռնոց կբարձրացնեին «համապատասխան» անձինք, եթե թեկուզ Անթիլիասում հրապարակ իջներ նույնակարգ հոգեւոր մի այր... Խիյնշտեյն ազգանունով: Իսկ ռուսները պատրիարքի նկատմամբ միշտ էլ տակտ են պահում:
Թող կրկնություն չհնչի. ամեն ռուսաստանաբնակ հայ, տեղի մամուլում կարդալով հիշյալ միտումնավոր մեկնաբանությունները, սրտի ցավ է զգում հայրենի երկրում դրսեւորվող հակաեկեղեցական մեղկությունների համար, որոնց շոշափուկները փորձում են գալարվել նաեւ Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի վզին: Ճիշտ կլինի, եթե այս թեմայով ճամարտակող անբան լրագրողները ոտքները գցեն Մոսկվա ու տեսնեն հենց միայն տեղի հոգեւոր-աշխարհիկ համատեղ ուժերով կառուցվող եկեղեցական շքեղ համալիրըՙ պատկերացնելու համար ռուսահայության ազգային ինքնության պահպանման համար կատարվող հսկա աշխատանքի ծավալները:
«Ընդդիմադիր թերթերը հեգնանքով էին գրել Հայաստանի բոլոր եկեղեցիներում մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվածների հոգեհանգիստ անցկացնելու մասին», արձանագրել էր ռուսաստանյան թերթերից մեկը: Կարծում ենքՙ դժվար չէ կռահել, թե հետին ինչ մտքեր են սրսկվում հենց այս մեկ նախադասությունում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա