Օնիկ Վաթյանը կարեւորում է միասնական ավարտական քննությունները
Մայրաքաղաքի բոլորՙ Երեւանի քաղաքապետարանի, կրթության եւ գիտության նախարարության ենթակայության եւ մասնավոր դպրոցներում դասերը կավարտվեն մայիսի 24-ին, որը նաեւ վերջին զանգի օրն է: Այս մասին երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը: Նա կանգ առավ վերջին զանգի եւ դրան առնչվող միջոցառումների վրա, միաժամանակ նշելով, որ վերջին զանգը դեռ չի նշանակում ուսումնական տարվա ավարտ, քանի որ դրան հաջորդում են ավարտական քննությունները:
Խոսելով վերջին զանգի մասին, Օնիկ Վաթյանը բոլոր շրջանավարտներին հրավիրեց Ազատության հրապարակ` նշելու այդ հանդիսությունը: Նա հայտնեց, որ Հանրապետության հրապարակում այն կազմակերպելը խոչընդոտներ է հարուցում տրանսպորտի երթեւեկության եւ քաղաքի նորմալ կենսագործունեության համար: Կրթության վարչության պետը ընդգծեց, որ քաղաքապետարանը հրահանգել է բոլոր դպրոցների տնօրեններին խնջույքներ չկազմակերպել վերջին զանգի կապակցությամբ, եւ եթե այդպիսի ցանկություն կա, ապա կարող են դա անել ավելի ուշՙ մեկ ուրիշ օր: Միաժամանակ նշվեց, որ խիստ հանձնարարական է եղել ճանապարհային ոստիկանությանըՙ չթույլատրել մեքենաների ղեկին նստել շրջանավարտներին, ինչով նրանք վտանգում են սեփական եւ ուրիշների կյանքն ու առողջությունը: Օնիկ Վաթյանը հայտնեց, որ նման դեպքերում այդ մեքենան անպայման կտարվի տուգանային հրապարակ, իսկ երեխայի վարքը, անկախ նրա առաջադիմությունից, կքննարկվի առանձնահատուկ խստությամբ:
Ինչ վերաբերում է ավարտական միասնական քննություններին, ապա դրանք կսկսվեն հունիսի 2-ին եւ կավարտվեն 20-ին: Այս տարի միասնական քննություններ են անցկացվելու հայոց լեզվից, մաթեմատիկայից եւ օտար լեզուներից: Անցյալ տարի այս մեթոդով քննություն էր հանձնվում միայն հայոց լեզվից: Օտար լեզուներից քննություն հանձնել կարող են անգամ իտալերենը կամ իսպաներենը որպես քննություն հանձնելու ցանկություն ունեցողները: Իսկ նման ցանկություն առաջինի դեպքում հայտնել են 2 երեխա, երկրորդի դեպքումՙ 17: Բնականաբար, անհամեմատ շատ են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի եւ ռուսերենի քննություն հանձնելու ցանկություն ունեցողները: Նրանք, ովքեր կցանկանան երկու օտար լեզվից քննություն հանձնել, դա կարող են անել հունիսի 7-ին եւ 17-ին:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը հայտնեց նաեւ, որ 11 հազար 592 երեխաներ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցներից, ինչպես նաեւ նախարարության ենթակայության եւ մասնավոր դպրոցներից, ընդհանուր առմամբ մոտ 13 հազար երեխաներ, հայտեր են ներկայացրել գիտելիքների թեստավորման կենտրոնՙ միասնական քննություններին մասնակցելու համար: Երեւանում բացվելու են այդպիսի քննությունների 19 կենտրոններ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ