«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2008-05-16 | #94, 2008-05-17 | #95, 2008-05-20


ՆՐԲԱՆԿԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԴԱՍԱՍԵՆՅԱԿ` ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Երեւանի թիվ 180 դպրոցում ուրբաթ օրը հանդիսավոր ընդունելություն էր: Ավան համայնքի թաղապետից մինչեւ ԿԳ փոխնախարար եւ «Վիվասելի» նախագահ եկել էին մասնակցելու հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված նոր դասասենյակի բացմանը: Խաղալիքներով, հեռուստացույցով ու գրքերով հագեցած դասասենյակը հատուկ կարիքներ ունեցող աշակերտների լրացուցիչ պարապմունքների համար է եւ պետք է նպաստի ապացուցելու այն գաղափարը, որ անկախ մտավոր եւ ֆիզիկական խնդիրներից, երեխան երեխա է եւ պետք է հաճախի ներառական կրթական ուղղվածության հանրակրթական դպրոց:

Արուսյակ Գրիգորյանը դպրոցի հոգեբանն է եւ 5 ա դասարանի դասղեկը: «Մինչ այս ծրագրում ընդգրկվելը մենք դպրոցում ունեինք հատուկ կարիքներով երեխաներ: Հիշում եմ Աննային, անցյալ տարվա շրջանավարտներից: Աղջիկը հենակներով էր, դուք պետք է տեսնեիք, թե դասընկերները ինչպես էին նրան տեղափոխելու խնդիրը լուծում` հերթապահությամբ, առանց իրար վրա գցելու երեխային գրկում եւ տեղափոխում էին: Կարծում եմ, ուսուցիչներիս դերն է ամենակարեւորը, թե մենք ինչպես կվերաբերվենք երեխային: Մյուս երեխաներն անմիջապես ընդօրինակելու են», ասում է հոգեբանը: Հիմա արդեն դպրոցը թեքահարթակ ունի, չնայած դրանով չեն վերանում խնդիրներ ունեցող եւ չունեցող երեխաների դժվարությունները: «6 բ-ում մտավոր կամ ֆիզիկական խնդիրներով երեք երեխա ունենք: Կոնկրետ մեր Աղաջանը հոգնում է եւ ձանձրանում դասի ընթացքում, միշտ չէ, որ հնարավոր է նրան ներգրավել դասապրոցեսում, ասում է դասղեկ տիկին Մելիքյանը, իսկ նոր դասասենյակում, կարծում եմ, երեխան լիցքաթափվելու տեղ կունենա: Շատ հաճախ ուսուցիչներն իմ օգնությանն են դիմում երեխային առանձին պարապելու կամ զբաղեցնելու հարցում, բնականաբար, օգնում եմ, եթե ազատ եմ լինում: Հիմա սենյակը կա ու եթե հատուկ մասնագետ լինի, կարծում եմ, նա ավելի լավ կզբաղվի երեխայի հետ»:

Նոր դասասենյակի բացման արարողությունը մի փոքր իմպրովիզ ունեցավ անձրեւի պատճառով եւ ավելի ջերմացավ (չնայած ամպամած եղանակին) «Վիվասելի» նախագահ Ռալֆ Յիրիկյանի նրբանկատ, թվում է, թե աննշան քայլով: Բանն այն է, որ աշակերտները հյուրերին դիմավորում էին դպրոցի մուտքի առջեւ` կաթկթացող անձրեւի տակ: Հյուրերը շքամուտքում էին` տանիքով պաշտպանված: Երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքով եւ համեստ պահվածքով հայտնի պարոն Յիրիկյանը իր բացման խոսքն ուղղեց երեխաներին, բայց նախ եւ առաջ հյուրերին առաջարկեց իր պես իջնել ու կանգնել մանր անձրեւի տակ, բայց` երեխաների կողքին: Քայլն արժանացավ ներկաների գնահատանքին եւ երեխաների ծափահարությանը: «Երեխաներ, իմ մեջ ձեզ պես երեխա կա: Բոլորիս մեջ էլ այդ երեխան կա, պետք է այդ երեխան միշտ արթուն մնա մեր մեջ, որ մենք միշտ անդրադառնանք ձեզ ու մտածենք ձեր մասին», ասաց Ռ. Յիրիկյանը: Նրա ղեկավարած կազմակերպությունը միկրոավտոբուսներ նվիրեց Տավուշի մարզի երեք համայնքային կենտրոններին` հատուկ կարիքներով երեխաների տեղափոխման խնդիրը հոգալու համար:

Ընդհանուր առմամբ «Վիվասելը» շուրջ 36 մլն դրամ է հատկացրել UNICEF-ին, որպեսզի միջազգային այս կառույցը Տավուշի մարզի ութ ներառական դպրոցներում հենքային սենյակներ ստեղծի եւ կահավորի դրանք` ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների հարմարություններին համապատասխան: Մինչդեռ ընկերության ղեկավարն իրենց աշխատանքը համարում է սոցիալական «պատասխանատվությամբ ծրագրեր եւ ոչ թե բարերարություն կամ բարեգործություն»` որպես նույն հասարակությունից եկամուտ ստացող տնտեսական կազմակերպություն: «Մենք մեզ պատասխանատու ենք զգում եւ պարտականություն ենք վերցնում մեր վրա, որ այսպիսի երեխաների հարցերը կարգավորենք, ինչքան որ հնարավոր է: Շատ պիտի խնդրեմ, որ ուրիշ կազմակերպություններն ալ չնային, ասեն` վա~յ, երանի, այլ ձեռքերնին երկարեն եւ օգնեն այսպիսի երեխաներին», ասաց Ռ. Յիրիկյանը:

UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շելդոն Եթն էլ կարեւորեց, որ մասնավոր ընկերությունների ղեկավարներն ըմբռնեն, որ իրենց հետագա գոյատեւումը կախված է ոչ միայն այն բանից, թե որքան եկամուտ կքաղեն հասարակությունից, այլեւ, թե որքան կարող են վերադարձնել հասարակությանը: «Այնքան էլ շատ չեն այն կազմակերպությունները, որոնք նպաստում են հասարակական խնդիրների լուծմանը, մինչդեռ մեծ նշանակություն ունի երեխաների որակյալ կրթություն ստանալը, իսկ հաշմանդամ երեխաների համար ոչ միայն կրթության որակի հարց կա, այլեւ դեռ խտրականություն է նկատվում նրանց նկատմամբ: Նրանք խարանված են զգում իրենց ֆիզիկական վիճակի պատճառով: Մեծ է այն ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների թիվը, որոնք մեկուսացված են հասարակությունից», մասնավորապես նշեց պաշտոնյան:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4