Սաակաշվիլին ուզում է օրինակելի դարձնել վրացական ընտրությունները
Վրաստանին պետք են ոչ միայն թափանցիկ, ազատ ընտրություններ, այլեւ նշանակալի, եւ կարվի ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինել օրինակելի ոչ միայն երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երեկ «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Թե ինչպիսին կլինեն ընտրությունները, արդեն իսկ կարելի է ենթադրել` ընդդիմության տարբեր կուսակցությունների նախընտրական շտաբների ջարդուխուրդ անելու, կաշառք բաժանելու մասին բազմաթիվ հաղորդագրությունների հիման վրա:
Արդեն իսկ լուրջ մտահոգություններ կան այսօր կայանալիք քվեարկությունից հետո արձագանքների ու հնարավոր ակցիաների առնչությամբ, քանի որ վրաց ընդդիմությունը հայտարարել է քվեարկության ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակելիք առաջին իսկ նախնական տվյալներից հետո հանրահավաք անցկացնել, որ կլինի երեկոյան ժամը 11-ին:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններն այս անգամ անցկացվում են ամբողջությամբ կուսակցական պատկանելությամբ` համամասնական 75 մանդատ եւ 75 մեծամասնական ընտրակարգերով: Հետաքրքրական է, որ հայերի, նաեւ ադրբեջանցիների ներգրավվածությունը ընտրական գործընթացներում դեռեւս գերակշռությամբ միայն պասսիվ ընտրական իրավունքի իրացումն է, այն էլ` ոչ միշտ այնպիսի թվանշումներով, ինչպիսիք հրապարակվում են պաշտոնապես:
Ընտրություններում որպես թեկնածու ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը բավականին սահմանափակ է: Մասնավորապես, 12 դաշինքներից ու կուսակցություննեի ընտրական ցուցակներով եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են միայն հինգ հայ, մինչդեռ, դեռեւս 2001 թվականի մարդահամարի տվյալներով, Վրաստանում հայերը կազմում են 248.929: Նույն տարվա տվյալներով, ադրբեջանցիների թիվը Վրաստանում կազմել է 284.761:
Երկրի նախագահի կուսակցության` «Միասնական ազգային շարժման» համամասնական ցուցակում խորհրդարան անցնելու հավանականությամբ 31-րդ տեղում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանն է: Եվս մեկ հայ թեկնածու` Ախալքալաքի շրջանից մեծամասնական արդեն նախկին պատգամավոր Համլետ Մովսիսյանը 66-րդ տեղում է, որ դժվար թե հայտնվի խորհրդարանում: Ադրբեջանական համայնքը ներկայացնող երկու թեկնածուները, որ զբաղեցնում են իշխող կուսակցության համամասնական ընտրացուցակի 29-րդ եւ 50-րդ տեղերը, փորձագետների գնահատմամբ, կանցնեն խորհրդարան:
Վրաստանի հայությանը խորհրդարանում ներկայացնելու առաջադրում է եղել նաեւ մեծամասնական ընտրակարգով: Մասնավորապես, Նինոծմինդայի շրջանում առաջադրվել է Հենզել Մկոյանը, որ եղել է նույն ընտրատարածքի պատգամավորը նախորդ գումարման խորհրդարանում: Եվս մեկ մեծամասնական թեկնածու` Հարություն Հովհաննիսյանը առաջադրվել է Ախալքալաքի շրջանում այն դեպքում, երբ նախկինում զբաղեցնում էր այդ քաղաքի օրենսդիր սակրեբուլոյի ղեկավարի պաշտոնը:
Հակառակ պատկերն է ստացվում ադրբեջանական համայնքի համար` միայն մեկ մեծամասնական թեկնածու եւ երկու համամասնական, որոնց արդեն անդրադարձել ենք: Ավելացնենք, որ Մառնեուլիի շրջանում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Ազեր Սուլեյմանովի թեկնածությունը, որ զբաղեցնում էր մինչ այդ Մառնեուլիի շրջանը ներառող Քվեմո Քարթլիի տարածաշրջանի փոխնահանգապետի պաշտոնը:
Բոլոր նրանք, ովքեր իշխանական կուսակցության ցուցակով չեն անցնի խորհրդարան, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խոստմամբ, կզբաղեցնեն տարբեր պաշտոններ, եւ հավանական է, որ այդ ցուցակում 66-րդ տեղը զբաղեցնող Համլետ Մովսիսյանը կզբաղեցնի որեւէ գերատեսչության վարչություններից մեկի պետի պաշտոնը: «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ խորհրդարանական այս ընտրություններին անմասնակից հայ նախկին պատգամավոր Վան Բայբուրդը կդառնա Վրաստանի նախագահի խորհրդական ազգային փոքրամասնությունների գծով կամ, համաձայն այլ լուրերի, կարող է զբաղեցնել կրթության եւ գիտության կամ մշակույթի նախարարության փոխնախարարի պաշտոնը: Այս գումարման խորհրդարանի հայ պատգամավոր Մելիք Ռստակյանը չի մասնակցում ընտրություններին, եւ դեռեւս չկան խոսակցություններ հետագա զբաղմունքի առնչությամբ:
Բացի իշխանական կուսակցությունից, եւս մեկ հայ թեկնածու` Սարգիս Հարությունյանը զբաղեցնում է «Քրիստոնեա-դեմոկրատական ալյանս» քաղաքական միավորման ցուցակի 16-րդ տեղը, սակայն եթե հաշվի առնենք, որ քաղաքական միավորումը գլխավորող Գեորգի Մայիսաշվիլին հունվարի 5-ի նախագահական ընտրություններին հավաքեց ընդամենը 0,78 տոկոս, հասկանալի է, որ գործնականում այս միավորումը չի կարող մանդատ ստանալ խորհրդարանում:
Քվեմո Քարթլիի տարածաշրջանի մեջ մտնող հայաբնակ Ծալկայի շրջանից նախորդ խորհրդարանում պատգամավոր էր Հայկ Մելթոնյանը, որի թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով այս ընտրություններում առաջարկել էր «Տրադիցիոնալիստներ Մեր Վրաստան Կանացի կուսակցություն» դաշինքը: Ինչպես «Ազգին» հեռախոսազրույցում տեղեկացրեց Հայկ Մելթոնյանը, իր թեկնածությունը նույն այդ դաշինքը հանել է դեռեւս մայիսի 6-ին` ամենայն հավանականությամբ համաձայնության գալով իշխանական կուսակցության հետ, որը Ծալկայում ներկայացնում է քաղաքի գործադիր իշխանության ղեկավարին:
Մելթոնյանի տեղեկացմամբ, իրեն անգամ տեղյակ չեն պահել թեկնածությունը հանելու մասին, այլ փոխարենը տարբեր մակարդակներից փորձում են վախեցնել Մելթոնյանին` դատական գործ հարուցելու սպառնալիքներով: Մեր այն հարցադրմանը, թե ինչ կարելի է ակնկալել իշխանական կուսակցության հետ իրեն առաջադրած դաշինքի պայմանավորվածությունից եւ արդյոք դա նշանակո՞ւմ է որեւէ պաշտոն ապագայում, Մելթոնյանը պատասխանեց, որ բավականին առաջ ներկայումս Ծալկայում հիմնական թեկնածու դարձած քաղաքային գամգեբելին իրեն առաջարկել է թեկնածությունը հանելու դիմաց աշխատանք եւ գումար: Մերժվելու պատճառով Ծալկայի գամգեբելի Միխայիլ Տկիտիշվիլին սպառնացել է այլ կերպ լուծել հարցը... ու թերեւս լուծել է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի