Համոզմունք հայտնեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը
«Հասարակությունը մտահոգված է, թե որքանով են իրատեսական մեր հավակնոտ ծրագրերը: Կարծում եմ` դրանք իրականացնելու համար ռեսուրսների առումով իրատեսական են, բայց պետք է գործընթացը դարձնենք մասնակցայինՙ յուրաքանչյուրը իր մասով պետք է գործողության դաշտ տեսնի եւ շարժվի»: Այս մասին երեկ, հերթական անգամ ներկայացնելով կառավարության տնտեսական ծրագրերը, ասաց Տնտեսական լրագրողների ակումբի հյուրըՙ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը : Այնուհետեւ նա թվարկեց ծրագրային հիմնական դրույթներըՙ գործարար միջավայրի արմատական բարելավում, Հայաստանը ֆինանսական, առողջապահական եւ զբոսաշրջության կենտրոն դարձնել, գիտելիքահենք տնտեսության ստեղծում, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, բարեփոխումներ պետական կառավարման համակարգում եւ այլն:
«Ինչպե՞ս ենք զարգացնելու զբոսաշրջությունը Հայաստանում, եթե այս ոլորտի ծառայությունների գները անհամապատասխան բարձր են դրանց որակի համեմատ» հարցին պատասխանելով, Ներսես Երիցյանն ասաց, որ մեզ էժան զբոսաշրջություն պետք չէ, այլ պետք է ծառայությունների որակը բարձրացվի եւ համապատասխանի դրանց արժեքին: Այլ բան է, որ բիզնես միջավայրի, էժան օդային փոխադրումների խնդիրներ ունենք:
Գների աճի թեման այս անգամ եւս չշրջանցվեց: Նախարարը չհամաձայնեց այն տեսակետին, որ տարածաշրջանի մյուս երկրներում գներն ավելի ցածր են, քան Հայաստանում, ասելով, որ գների մակարդակը մեր տարածաշրջանում նույնն է: Ինչ վերաբերում է գնաճին, ապա հարեւան երկրներում գները երկու-երեք անգամ ավելի արագ են աճում, քան մեզ մոտ: «Գների աճը հիմնականում պայմանավորված է միջազգային միտումներով եւ կառավարությունը դրա հետեւանքները չի կարող լիովին վերացնել», ասաց Ներսես Երիցյանը, միաժամանակ նշելով, որ կառավարությունը ձեռնարկում է միջոցառումների փաթեթ այդ կապակցությամբ:
Էկոնոմիկայի նախարարը երեկ կարծիք հայտնեց, որ մեր երկրին այս տարի եւս կհաջողվի պահպանել բարձրՙ 8-10 տոկոս տնտեսական աճը: Դրա հետագա շարունակման համար նա կարեւորեց Հայաստանի տնտեսության մրցունակության ապահովումը: Ըստ նրա, յուրաքանչյուր «միջին հայ» ձեռներեցության ունակություն ունի, ինչը ոչ բոլոր ազգերի մեջ կա: Այն պետք է արդյունավետ օգտագործել, եւ սփյուռքն այս առումով մեզ կարող է օգնել: Ներսես Երիցյանի կարծիքով, զարգացման ռեսուրսներ կան եւ ներդրումներ են սպասվում հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ այս ոլորտները համախմբելու աշխատանք պետք է տարվի: Ներդրումային ծրագրեր են սպասվում նաեւ էներգետիկայում, գյուղմթերքների վերամշակման մեջ, երկարաժամկետ առումով ոսկերչության մեջ եւ այլն: Նախարարը նշեց, որ հետընտրական անկարգություններն էականորեն չեն ազդել Հայաստանում ներդրումներ կատարողների վրա, պարզապես անհրաժեշտություն է առաջացել կրկին հավաստիացնելու նրանց, որ պետության քաղաքականությունը չի փոխվել եւ նոր ծրագրեր են իրականացվում:
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության բացասական տարբերության մասին խոսելով, էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ այդ ճանապարհն անցնող պետությունները սովորաբար անցնում են երեք փուլՙ զարգացման, ներդրումային եւ գիտելիքահենք տնտեսության ստեղծման: Այժմ Հայաստանը երկրորդՙ ներդրումային փուլում է եւ տեխնոլոգիաներ է ներկրում: Ներկայումս այդպիսի պատկեր է նաեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում, որտեղ ներմուծումն էապեսՙ 18 եւ ավելի տոկոսով գերազանցում է արտահանմանը: Եվ նույնիսկ ԵՄ անդամ Հունաստանում ներմուծման ծավալները գերազանցում են արտահանմանը 15 տոկոսով: Իսկ այս փուլը, Ներսես Երիցյանի կարծիքով Հայաստանը կավարտի 5-7 տարի հետո, երբ ավարտվի տեխնոլոգիական նորացումը:
Սակայն այլ հարց է, թե մեր տնտեսվարողների մեծ մասը կկարողանա՞ օգտվել փոխարժեքի ներկայիս նպաստավոր պայմաններից եւ նոր տեխնոլոգիաներ կներմուծի՞: Նախարարի կարծիքով, մեր ձեռնարկությունների փոքր մասն է օգտվել անցած մեկուկես տարվա ընթացքում եղած գազի սուբսիդավորումից: Նա այն կարծիքին է, որ մեր ընկերություններում կառավարման (մենեջմենտ) եւ շուկայի ուսումնասիրման (մարկետինգ) մակարդակը շատ ցածր է, ինչը կարող է խանգարել տնտեսական ծրագրերի իրականացմանը: Այդ պատճառով անհրաժեշտ կլինի մեծ հեղինակություն ունեցող բիզնես դպրոցներ ներգրավել տեղում ուսուցում կազմակերպելու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ