Փոփոխված օրենքից դժգոհ են
«Որ օրենքն ընդունվեց առանց փորձագետների կարծիքն իմանալու, փաստ է: Այն մտավախությունները, որ կային նախորդ համատեղ եզրակացության մեջ, փաստացի այս փոփոխություններով չեն լուծվելու: Կուզենայի ասել, որ Ազգային ժողովի կողմից տարվում է այնպիսի աշխատանք, համաձայն որի ԵԽԽՎ այս բանաձեւից հետո պատրաստվում են Եվրոխորհրդին ասել, որ մենք անում ենք որոշակի աշխատանքներ, բայց ԵԽԽՎ բանաձեւի մեջ հստակ նշված է, որ, այնուամենայնիվ, օրենքը պետք է վերադարձվի նախկին տեսքին, ոչ թե նմանատիպ իրավական ոչ հստակ մեխանիզմներով փորձել ասել, որ օրենքը բարելավել ենք, օրենքը փոփոխել ենք», երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում օրերս ԱԺ-ում ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ փոփոխված օրենքին անդրադառնալիս հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը :
Հիշեցնենք, որ 2004-ից ընդունված հիշյալ օրենքը փոփոխվեց մարտի 17-ին` ԱԺ արտահերթ նիստով, երբ երկիրը գտնվում էր արտակարգ իրավիճակի պայմաններում: Մարտյան փոփոխությամբ էապես սահմանափակվեց հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու հնարավորությունը, ինչը հանդիպեց ընդդիմության եւ հասարակության որոշ շերտերի դիմադրությանն ու արտացոլվեց ԵԽԽՎ ապրիլի 17-ի 1609 բանաձեւում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների ցանկիՙ 7-րդ կետով Հայաստանի իշխանությունների առջեւ պահանջ դրվեց օրենքը փոփոխելու` համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Նախօրեին խորհրդարանն ընդունեց փոփոխված օրենքի նախագիծը, ինչի առնչությամբ դժգոհության առաջին դրսեւորումն արդեն երեկ արտահայտվեց:
Ակումբի հյուրերը` պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Թրանսփարենս ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նախ հայտնեցին, որ պատրաստվում են աշխատանքային խումբ ստեղծել` հետեւելու, թե իշխանություններն ինչպես են կատարում ԵԽԽՎ պահանջները, հետո էլ` իրենց մտահոգություններն արտահայտեցին ցույցերի եւ երթերի փոփոխված օրենքի առնչությամբ: Ակումբի հյուրերը տեղեկացրին, որ սկսելու են հիշյալ օրենքի վերաբերյալ քննարկումների մեծ շարք:
Ամալյա Կոստանյանի համոզմամբ, թեեւ հանրահավաքների օրենքի փոփոխությամբ իշխանությունը փորձել է սահմանափակել քաղաքական ընդդիմության գործունեությունը, բայց սահմանափակել է հենց հասարակության գործունեության հնարավորությունը: Օրենքի այն կետը, որով ասվում է, թե լիազոր մարմինը կարող է մերժել հանրահավաքներ կազմակերպելու դիմումը ներկայացնողին, չի հստակեցնում, թե ինչպիսին պետք է լինի մերժումը, ինչ հիմունքներով եւ այլն: Կոստանյանի մեկ այլ դիտարկումը վերաբերում էր այն բանին, թե հանրահավաքների համար ներկայացված դիմումի մերժումը կարելի է բողոքարկել դատարանում, մինչդեռ անգամ ԵԽԽՎ-ն է նկատել, որ մեր դատարանները չունեն անհրաժեշտ անկախության մակարդակ, որ վստահություն ներշնչեն հանրությանը: Ստացվում է, հանրությունն առանց վստահելու դատարաններին, պետք է նրանց դիմի` բողոքարկելու մերժումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ, թե ով եւ ինչպես է որոշել, որ ինքնաբուխ հանրահավաքները պետք է տեւեն 6 ժամ եւ ոչ 1 կամ 5 ժամ: Օրենքն ասում է, որ հանրահավաքների մասին դիմումը կարող է մերժվել ոստիկանության, ազգային անվտանգության կամ իրավասու այլ մարմնի հիմնավոր տեղեկությունների վրա: Սաքունցը հարցնում է, թե մենք ինչպե՞ս կարող ենք այդ տեղեկությունների հիման վրա տրվող մերժումը բողոքարկել, եթե տեղեկություններ չունենք, թե ինչպիսի տվյալներ են հավաքվել:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ օրենքի փոփոխությունները բերելու են չարաշահումների եւ ԱԺ առաջարկած լուծումը հակասահմանադրական է: Ներկաները պահանջեցին, որպեսզի օրենքը բերվի իր նախկին տեսքին` նշելով, որ դա ոչ միայն լայն հասարակության, այլեւ ԵԽԽՎ բանաձեւի պահանջն է:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ