Փետրվարից այն այլեւս երկնիշ չէ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,3 տոկոս, իսկ երկրի համախառն ներքին արդյունքը հասել է ավելի քան 696 մլրդ դրամի:
Շարունակվում է ամենաբարձր աճ ապահովել շինարարությունըՙ 16,8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է ընդամենը 0,1 տոկոսով: Առանց էներգետիկայի արդյունաբերության մեջ արձանագրվել է 0,7 տոկոս անկում: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3,9 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-ապրիլին աճել է 1,3 տոկոսով: Ծառայությունների ոլորտում արձանագրված աճի ցուցանիշը երկրորդն է շինարարությունից հետոՙ 11,2 տոկոս, իսկ մանրածախ առեւտրաշրջանառության աճը կազմել է 3,5 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 28,3 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 531 մլն դոլար: Արտահանման ծավալներն ավելացել են 4,4 տոկոսով եւ կազմել 337 մլն դոլար: Ներմուծումը կազմել է 1 մլրդ 194 մլն դոլար, աճելով 37,2 տոկոսով: Բացասական հաշվեկշիռը կազմել է 857 մլն դոլար: Ի դեպ, մեկ հետաքրքրական ցուցանիշ: Վերջին մի քանի տարում դրամի արժեւորմամբ արտահանման խնդիրները պայմանավորողների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ չնայած այս տարվա առաջին 4 ամիսներին դրամի փոխարժեքը կայուն է եղել, բայց արտահանման ծավալները փոքր աճ են արձանագրել: Հետեւաբար միայն դրամի արժեւորմամբ արտահանման տեմպերի նվազումը պայմանավորելը ճիշտ չէ: Այն ավելի շատ պայմանավորված է գործարար միջավայրի, հարկային-մաքսային վարչարարության, տրանսպորտային եւ մի շարք այլ խնդիրներով:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մարտին կազմել է մոտ 86 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 107 հազար դրամ, բյուջետայինումՙ 61 հազար դրամ: Աշխատավարձերի միջին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 22 տոկոս:
Փաստորեն, փետրվար ամսից Հայաստանում տնտեսական աճի տեմպը նվազել է եւ այլեւս երկնիշ չէ: Բնականաբար, հետընտրական դեպքերով պայմանավորված ապակայունացումը իր ազդեցությունն է թողել տնտեսության վրա եւ դա անխուսափելիորեն ազդելու է նաեւ բոլորիս վրա: Հարկ է, որ գոնե հիմա որոշ «փրկիչներին» կուրորեն հավատացողները գիտակցեն, թե ում ջրաղացին են ջուր լցնում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ