Հասարակական կազմակերպությունների նկատմամբ «անվստահելի» պիտակը վտանգավոր է: Թացն էլ չորի հետ է այրվում: Դրա համար ուշի-ուշով հետեւում ենք ակտիվ ՀԿ-ների աշխատանքին, տեսնենք «փող են լվանում», թե՞ գործ էլ են անում: «Ծիծեռնակ» ՀԿ-ի մասին գրել ենք մեր նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համարում, ուր ՀԿ-ի ներկայացուցիչները խոսում էին իրենց մշակութային ծրագրերից մեկի ընթացքի մասին: Մենք ավարտին եւ արդյունքին էինք սպասում: Պատկերացրեքՙ այդքան էլ չուշացան, եւ, որ ամենակարեւորն է, նախատեսված ծրագիրը կյանքի կոչվեց` հրատարակված գիրք ու գրքույկի եւ ձայնասկավառակի տեսքով: Մայիսի 14-ին գրքույկների եւ ձայնասկավառակի շնորհանդեսն էր Նորքի տուն-ինտերնատի դահլիճում: Դրանցից մեկական օրինակ կուղարկվեն ԱՄՆ` ծրագրի ֆինանսավորումն ապահոված հայազգի կանանց: Ինչպես ասում են` տարոսը մյուս ՀԿ-ներին:
Կարծրատիպ է, թե՞ ոչ, դեռ որոշելիք հարց է, սակայն ծերանոցի մասին մտածելիս ամեն անգամ տխրում ենք: Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արամայիս Ալոյանը համաձայն չէ նման կանխակալ վերաբերմունքին, «լալագին ու լացակումած» տրամադրությանը: «Այստեղ ընտանիք է, սովորական առօրյա կյանքով», վստահեցնում է տնօրենը, որ հրավիրել է ոչ միայն այդ մասին խոսելու, այլեւ կատարված գործով ապացուցելու: Ճիշտ է, այս անգամ գործն արել է կանանց «Ծիծեռնակ» հասարակական կազմակերպությունը, բայց իր վերաբերմունքով եւ գործուն աջակցությամբ նախաձեռնողներին ոգեւորում է, շատ բնակիչների ու աշխատակիցների կարծիքով, անփոխարինելի տնօրենը:
«Պատկառելի տարիքում գտնվող 3 բնակիչների ստեղծագործություններ ենք հրատարակել,- պատմում է «Ծիծեռնակի» գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը,- Նելլի Խաչատրյանի «Լինում է գարուն, ամառ եւ աշուն» բանաստեղծությունների ժողովածուն, Ռուդոլֆ (Ուդի) Սաֆրազբեկյանի «Բանտարկյալի օրագիրը» ինքնակենսագրական վեպը, մաեստրո Ռաֆայել Աբրահամյանի «Կյանքի արահետներով» ձայնասկավառակը` հայրենասիրական ու քնարական երգերով: Կարեւոր է, որ ծերանոցում հայտնված մարդն իրեն միայնակ ու անկարեւոր չզգա, որ այդ հիշատակը մնա այս աշխարհում, իր բախտակիցների եւ այլ ընթերցողների ու ունկնդիրների մտապատկերում»: Տիկին Կարինեին մեծ ոգեւորություն է պատճառում, որ իրենց հրատարակած գրքույկները եւ ձայնասկավառակը թատերական ինստիտուտի եւ Ռ. Մելիքյանի անվան քոլեջի ուսանողների ձեռքերին են` որպես գործնական պարապմունքների ձեռնարկներ:
Երեք հեղինակների ստեղծագործությունները լավ առիթ են, որ նրանք մեծարվեն հեռուստացույցից մեզ հայտնի հանրաճանաչ արտիստների ու կարեւոր դեմքերի հանգույն: Ահա նրանք բազմել են ծերանոցի դահլիճի բեմում հատուկ իրենց համար նախատեսված բազկաթոռներին ու հուզված, թաց աչքերով դիտում են մանուկների եւ ուսանողների բեմական կատարումները, լսում «Ծիծեռնակ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Ղարախանյանի շնորհակալանքի ու մեծարման խոսքերը: Նվերներ են ստանում եւ հուզված պարում Ռաֆայել Աբրահամյանի վալսերից մեկի տակ: «Արձագանք Շտրաուսին» վերնագրված ստեղծագործությունը հասարակությանը հայտնի 15 այլ ձայնագրությունների հետ ձայնասկավառակի տեսք է ստացել եւ մասունքի վերածվել դրանց հեղինակի` Ռաֆայել Աբրահամյանի համար: Իսկ տիկին Նելլի Խաչատրյանը, ում բանաստեղծություններն ու քառյակները ամփոփվել են փոքրիկ գրքույկում, հուզված ասում է. «Շատ զգացված եմ: Էս տարիքում էսպիսի հարգանք ու պատիվ, էսպիսի մեծարում չէի սպասում: Անչափ երջանիկ եմ, որ ապրել եմ մինչեւ այս օրը եւ այս հանդիսության հերոսներից մեկն եմ համարվել: Շատ գոհ եմ բոլոր երիտասարդներից ու «ծիծեռնակցիներից»: Երբ ձեզ տեսնումՙ տարիքս մոռանում եմ, դառնում ձեզնից մեկը: Հենց հեռանում եք, տխրում եմ ու ծերանում»:
Գայանե Գրիգորյանը տուն-ինտերնատի սպասարկող ստորաբաժանման ղեկավարն է: «Մեզ մոտ հաճախ են միջոցառումներ լինում, բայց սա յուրահատուկ էր, որովհետեւ բոլորը գիտեին, որ գրում են մեր տիկին Նելլին եւ Ռուդոլֆ քեռին, որ մաեստրոն երաժշտության ու երգերի հեղինակ է, բայց այսպիսի մեծարանքի ու ոգեշնչման դեռ չէին արժանացել: Շնորհակալություն մեր երկար տարիների լավ բարեկամ «Ծիծեռնակ» ՀԿ-ի կանանց»:
«60-70 տարեկանից հետո, ցավոք, մարդկանց օրգանիզմում տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ, դա տարիքային փոփոխություն է: Բայց նմանատիպ յուրաքանչյուր միջոցառումից հետո նրանք մի շաբաթվա ոգեշնչման պաշար են կուտակում: Այդ պատճառով բուժանձնակազմը առաջիկա օրերին անհամեմատ ավելի հանգիստ ռեժիմով կաշխատի», միջոցառումը մասնագիտական տեսանկյունից դիտարկում է թերապեւտ Լեւոն Սիմոնյանըՙ տուն-ինտերնատի բժիշկը:
«Սա յուրօրինակ մոտեցում էր արվեստագետ մարդկանց, ասում է տուն-ինտերնատի տնօրեն Արամայիս Ալոյանը: Եթե նկատեցիք, մեր Ռուդոլֆ Սաֆրազբեկյանն ամեն մակագրումից հուզվում էր, որ իր գրքի միջոցով հանրաճանաչ է դարձել: Այս դրական լիցքերը դեռ երկար են զորացնելու այս մարդկանց` ե՛ւ օրվա հերոսներին, ե՛ւ հանդիսատեսին»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ