Ողբերգական լուրեր են հասնում Մոսկվա Թուրքիայից: Իսլամիստական կառավարությունը պատերազմ է հայտարարել... խոզերին: Ավելի ճիշտՙ խոզի մսին ու դրանից պատրաստված ուտեստներին:
Աշխարհիկ Թուրքիայում խոզերի նկատմամբ վերաբերմունքը դեռ վերջերս հանդուրժողական էր, հատկապես Ստամբուլում գործում էին խոզի մսի խանութներ: Դասական իսլամը դա այնքան էլ մեծ մեղք չէր համարում: 70-ական թվականներին Ստամբուլն սկսեցին լքել հույներն ու հայերը, պահանջարկը նվազեց:
Սակայն իսկական հակախոզային պատերազմը սկսվել է չորս տարի առաջ: Իզմիրի ռեստորաններից մեկում մոտ 40 մարդ թունավորվել են խոզեղենից: Կրոնի գործերով նախարարությունը, օգտվելով առիթից, վայնասուն է բարձրացրել, պահանջելով առհասարակ արգելել խոզի մսի «արդյունաբերությունը»: Ավելին, երբ կառավարության ականջին լուրեր են հասել, որ որոշ «զտարյուն» թուրքական ճաշատեսակներում խոզի միս է օգտագործվել, նա փակել է տվել երկու տասնյակից ավելի խոզաբուծական ֆերմաներ, բառացիորեն կյանքի իրավունքից զրկելով հարյուրավոր անմեղ ու անվնաս կենդանիների:
Խոզաբույծ ու խոզասեր անձինք հուսահատության մեջ են Թուրքիայում: Եթե արգելման գործին լծվել է իսլամիստական վերնախավը, ապա փրկության շանսերը նվազագույնն են:
Միգուցե Եվրոմիությո՞ւնը միջամտի: Թե՞ դա չի մտնում դեմոկրատիայի սկզբունքների մեջ:
Ռ. Հ.