Եվ կրկին Թեղուտի մասին
Հաշվի առնելով, որ ամեն հինգշաբթի կառավարության նիստն է, երկրից, իշխանություններից դժգոհություն ունեցողները հավաքվում են կառավարության շենքի առջեւ: Չենք պնդում, թե դժգոհելու բան չկա մեր երկրում. կա, այն էլ, ինչքան ուզես, բայց կառավարության առջեւ կազմակերպվող խրոնիկական բողոքի ակցիաներն արդեն վաղուց հոգեմաշ են դարձել: Երեկվա բողոքի ակցիան կազմակերպել էր Թեղուտի պաշտպանության շարժումը` կենսաբազմազանության միջազգային օրվա առիթն օգտագործելով եւս մեկ անգամ իր դժգոհությունը տեղ հասցնելու համար: Թեղուտի հանքավայրի շահագործման իրողությունից դժգոհողների կողքին կառավարության առջեւ հավաքվել էին տարբեր դժգոհություններ ունեցող մյուս խմբերը` Դալմայի այգիների, սեփականության խնդիրներ ունեցող Երեւանի կենտրոնական փողոցների բնակիչները: Ու բոլորն իրար հետ գոռում էին իրենց խնդիրների մասին. տեսնես նրանցից մեկը հավատո՞ւմ էր, որ այդկերպ իրենց ասելիքը տեղ կհասնի:
Վերադառնանք Թեղուտին: Ամենաշատը 20 հոգի, որոնք Թեղուտի պաշտպանության խմբի անդամներն էին, տարբեր կենդանիների պատկերներով թղթե դիմակներով, տարատեսակ պաստառներով հավաքվել էին կառավարության առջեւ` կրկին բարձրաձայնելով իրենց դժգոհությունները: Թեղուտի պաշտպանության խմբի անդամների պահանջներին եւ առհասարակ այդ հարցին մեր թերթն անդրադարձել է բազմիցս, այնպես որ շատ չենք մանրամասնում: Հիշեցնենք միայն, որ պաշտպանության խումբը պահանջում է անհապաղ դադարեցնել Թեղուտի շահագործման ծրագիրը, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում սկսված անտառահատումներն ու մյուս աշխատանքները, վերանայել հանքավայրի շահագործման վերաբերյալ կառավարության որոշումը, կասեցնել նոր հանքավայրերի հետազոտման ու արդյունահանման բոլոր գործողությունները, մշակել եւ ընդունել ընդերքօգտագործման կայուն եւ ռացիոնալ ծրագիր:
Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Արմինիան քափըր փրոգրամ» ընկերության ղեկավարությունն ավելի քան մեկ ամիս առաջ ACP բնապահպանական ՀԿ-ներին է ներկայացրել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման իր իսկ մշակած ծավալուն փաստաթուղթը: Նախօրեին հանքավայրի շահագործման վերաբերյալ հրավիրված քննարկմանը պարզ է դարձել, որ ընկերության ներկայացրած նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ստացվել: Այսինքն, մարդկանց եւ կազմակերպություններին հնարավորություն է տրվել իրենց դիտարկումները` դեմ կամ կողմ տեսակետները հայտնելու, բայց որեւէ մեկը ասելիք չի ունեցել: Առիթի դեպքում առաջարկ չներկայացնելու պարագայում ինչպե՞ս հասկանալ կառավարության առջեւ հանրային բողոքի դրսեւորումը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ