Երեկ Աբովյանում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի պատանեկան հավաքականների մրցավեճով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների ընտրական մրցաշարի էլիտար փուլի 7-րդ խմբի մրցապայքարը: Չորս հավաքականներ սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի միակ ուղեգրի համար:
Թուրքերի հետ խաղում ՀՀ հավաքականի կազմում որակազրկման պատճառով հանդես չէին գալիս Էդգար Մալաքյանը, Սարգիս Կարապետյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Հատկապես վերջինիս բացակայությունը զգալի կորուստ էր մեր հավաքականի համար, որն այնուամենայնիվ ակտիվ սկսեց հանդիպումը: Արդեն 2-րդ րոպեին Տիգրան Ոսկանյանը կարող էր բացել հաշիվը, սակայն հարմար դիրքից վրիպեց: Իսկ ահա թուրքերը բավական կազմակերպված էին գործում, հատկապես ակտիվորեն էին գրոհում աջ թեւից, որտեղից էլ 9-րդ րոպեին Յիլդիրիմը գրավեց Պրազյանի պաշտպանած դարպասը:
Մեր հավաքականի խաղը չէր ստացվում: Հայ ֆուտբոլիստները հաճախ էին սխալվում պարզ իրադրություններում, գրոհներն անավարտ էին մնում: Թվում էր, թե մինչեւ ընդմիջում նրանք այդպես էլ չեն գտնի մրցակցի դարպասի բանալին: Սակայն գրոհներից մեկի ժամանակ Տիգրան Ոսկանյանը 42-րդ րոպեին մոտ 30 մետրից հուժկու հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Այդ դրվագում թուրքերի դարպասապահը մի փոքր դուրս էր եկել դարպասից:
Իսկ 61-րդ րոպեին արդեն կոպիտ սխալ թույլ տվեց մեր հավաքականի դարպասապահ Գեւորգ Պրազյանը, որը պաշտպանի հետ ուղարկած գնդակը ձեռքով վերցրեց: Մրցավարը դարպասից 7 մ հեռու տուգանային հարված նշանակեց եւ Շենթյուրկը 2-րդ գոլը խփեց: Դա էլ վճռեց հանդիպման ելքը: Վաղը մեր ֆուտբոլիստներն Աբովյանում կմրցեն Ուկրաինայի հավաքականի հետ:
Բավականին հետաքրքրական պայքարում ընթացավ Իսպանիայի եւ Ուկրաինայի հավաքականների մրցավեճը, որ կայացավ «Միկա» ակումբի նորակառույց մարզադաշտում: Այդ խաղում թեեւ առաջինը հաջողության հասան ուկրաինացիները, երբ Անդրեյ Յարմոլենկոն իրացրեց 11 մ հարվածը, սակայն հետագայում իսպանացիները 3 գոլ խփեցին (Էմիլիո Նսուեՙ 2, Նիգուեսՙ 1) եւ խաղը շահեցին 3-1 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ