Վերջնագիծը հատեց շախմատի ԱՄՆ-ի առաջնությունը, որի մասնակիցների թվում էին հայազգի չորս շախմատիստներ: Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Յուրի Շուլմանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Ավարտական տուրում նա ոչ-ոքի խաղաց Ջորջ Ֆրիդելի հետ: Երկրորդ մրցանակակիր դարձավ Ալեքսանդր Օնիշչուկը, որը հաղթողից հետ մնաց կես միավորով: Նա 9-րդ տուրում պարտության մատնեց Յոհան Ֆյոդորովիչին: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սերգեյ Կուդրինին, որը հաշտություն կնքելով Եվգենի Պերելշտեյնի հետ, վաստակեց 6 միավոր: Վարուժան Հակոբյանը 5,5 միավորով Պերելշտեյնի եւ Ֆրիդելի հետ բաժանեց 4-6-րդ տեղերը: Ավարտական տուրում նա ոչ-ոքի ավարտեց պարտիան Խուլիո Բեսերայի հետ:
Կանանց մրցապայքարում չեմպիոնուհու կոչման համար ավելի թեժ մրցավեճ ծավալվեց: Ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներն էին Իրինա Կրաշը եւ Աննա Զատոնսկին: Կրաշն ավարտական տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Կատերինե Ռոհանյանի հետ, իսկ ահա Զատոնսկին հաղթեց Տսագան Բատերսեգին: Արդյունքում երկու շախմատիստուհիներն էլ վաստակեցին 7,5-ական միավոր: Չեմպիոնուհուն որոշելու համար նրանց միջեւ լրացուցիչ մրցախաղ անցկացվեց, որն ավարտվեց Աննա Զատոնսկիի հաղթանակով:
Տաթեւ Աբրահամյանն ու Կատերինե Ռոհանյանը 6 միավորով բաժանեցին 3-4-րդ տեղերը: Տաթեւն ավարտական տուրում անհաջող խաղաց` պարտվելով Թուվշինգթուգսին: Ավարտական տուրը հաջող էր Շուշանիկ Հայրապետյանի համար, որը հաղթելով Իրինա Զենյուկին, 2 միավորով 8-9-րդ տեղերը բաժանեց Էսթեր Էպշտեյնի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ