Կառավարության երեկ ընդունված որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցմահ թոշակ կստանաՙ իր աշխատավարձի 80 տոկոսի չափով: Միաժամանակ պետգույքի վարչությունը պետք է առաջարկ ներկայացնի սահմանված կարգով պետական բյուջեից Ռոբերտ Քոչարյանին բնակարանով ապահովելու համար գումար հատկացնելու մասին:
Էդգար Մանուչարյանին տարկետում տրվեց
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին երեկ կառավարությունը իսկական զինվորական ծառայությունից տարկետման հնարավորություն տվեց:
Ա. Մ.
Նոր հայկական դպրոց Գլենդեյլում
Ըստ «Նոյյան տապանի», Գլենդեյլում առաջիկայում կկառուցվի հայկական միջնակարգ դպրոց: Այս նպատակով հայ համայնքին 6 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել հայ բարեգործ Րաֆֆի Մանուկյանը, հաղորդում է «Կիպրահայեր» ինտերնետային պարբերականը:
Պատժաչափը 1 տարով կրճատվեց
Վերաքննիչ դատարանից հաղորդում են, որ Մարալիկ քաղաքի 36/34 ընտրական տեղամասում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հարություն Ուռուտյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Մեկ տարով կրճատվեց հյուսիսային քրեական դատարանի մարտի 12-ի դատավճռով նշանակված պատժաչափը: Հիշեցնենք, որ Հ. Ուռուտյանը մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի «Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը» հոդվածով եւ 112-րդ հոդվածի «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» մասով նախատեսված արարքները կատարելու մեջ եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: