«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2008-05-22 | #98, 2008-05-23 | #99, 2008-05-24


ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ Է ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: Նախարարը հանդիպեց համալսարանի ռազմական մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետի դասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ: Կարողացանք Շուշին ազատագրել, քանի որ բոլոր մարտական գործողություններում հրամանատարները եղել են զինվորի կողքին եւ ցույց են տվել իրենց անձնական օրինակը: Կարողացել ենք շատ կարճ ժամանակահատվածում ունենալ հզոր բանակ` մեր միասնության, մեր հրամանատարների բարեխիղճ ծառայության ու նվիրվածության շնորհիվ: Հոգեբանության մեջ տարբերակված մոտեցմանը կողմնակից լինելով, Սեյրան Օհանյանը հիշեցրեց ուսանողներին, որ կարելի է հենց այդ ձեւով մտնել զինվորի մեջ, գտնել կարմիր թելը եւ հասկանալ վերջինիս հոգեբանությունը:

Նախարարը նաեւ պատասխանեց հարցերին:

Բանակում տարվող բարեփոխումների մասին խոսելիս` նախարարը նշեց, որ 2008-2015-ի ընթացքում բանակը պետք է այնպիսի աստիճանի հասցվի, որ համապատասխանի օրվա առաջատար չափանիշներին. «Բանակի առաջընթացը կարելի է ապահովել բանակի մարտունակության ամրապնդմամբ` հաշվի առնելով կառուցվածքային կատարելագործումը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացումը: Մյուս ուղղությունը համալրման գործընթացն է, մենք ունենք պայմանագրային ստորաբաժանումներ, որտեղ ժամկետային զինծառայողների հետ մեկտեղ լուծում ենք տարբեր տեսակի խնդիրներ: Արդեն անցել ենք սերժանտական պրոֆեսիոնալ հիմունքներով համակարգին, սկսվել է երկրորդ համալրման գործընթացը: Բացի դրանից, ունենք պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, որոնք համալրված են եղել 3-4 տարի առաջ: Իսկ մանկավարժական կրթություն ունեցող սպայական կազմը այսօր բանակում մեծ է, եւ ոչնչով չեն տարբերվում կադրային, պրոֆեսիոնալ զինվորականներից»:

Նախիջեւանի սահմանն անցած գերիներին հետ վերադարձնելու հարցով նախարարը նախ հիշեցրեց, որ վերջիններս հայտնվել են այնտեղ զորամասում տեղի ունեցած ընդհարման պատճառով եւ համապատասխան բանակցություններ Ադրբեջանի ղեկավարության հետ տարվել են. «Կարծես մի պահ պատրաստակամություն հայտնեցին վերադարձնելու, հետո սկսեցին չգիտես ինչու ձգձգվել: Պատասխանը հետեւյալն է, որ համապատասխան աշխատանք պետք է տանենք եւ կվերադարձնենք»:

Անդրադառնալով «Արաբոյի» ջոկատի անհետ կորած տղաներին, նախարարը նշեց, որ մի քանի օր առաջ հրավիրել է պատանդների, գերիների հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկման հարցերից մեկն էլ եղել է այն տեսանյութը, որ հայտնվել էր ադրբեջանական ինտերնետային կայքում. «Մենք բավականին լուրջ քննարկեցինք եւ որոշակի եզրակացություններ կատարեցինք: Տարվելու են համապատասխան աշխատանքներ, որ ավելի պարզ լինի մեզ համար տեղանքի առումով, չնայած այն չեզոք գոտի է, եւ բանակցություններ պետք է տարվեն գերիներին հետ վերադարձնելու համար: Ինչ վերաբերում է մարտական գործողություններին, ապա ես ականատես չեմ եղել այդ գործողություններին, բայց հրամանատարների ասելով` բավականին լուրջ ճնշում է եղել այդ վայրում, եւ կարծես թե նրանք հայտնվել են այնպիսի մի պաշտպանության մասում` շենքի մեջ, որտեղ շրջափակումը ավելի հեշտ է եղել. տղաները կռվել են քաջաբար մինչեւ վերջին մարդը: Համապատասխան աշխատանքներ կտարվեն, ես պատրաստակամություն եմ հայտնել եւ իմ պարտքն է պարզաբանել այդ ամենը»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4