Կորուստնե՞րն ավելի շատ կլինեն, թե՞ վնասները
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու նախարարության 2008-2012 թթ. իրենց անելիքները, որոնք պետք է լինեն բնապահպանական ոլորտի տարբեր ուղղություններով: Ներկայացված գործողությունների ծրագրում հրաշալի նախաձեռնություններ եւ ձեւակերպումներ կան, օրինակ` վնասակար նյութերի արտանետումների կրճատման քայլեր, Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում, անգամ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում: Այս եւ ոչ միայն այս ուշագրավ նախաձեռնություններն են տեղ գտել նախարարության գործողությունների ծրագրում, բայց թե ինչպիսի տեղաշարժեր կլինեն բնապահպանության ոլորտում, դժվար է ասելը, քանի որ մինչ օրս մենք ավելի շատ տեսել ենք կանաչ հատվածների ոչնչացում, այգիների հատում եւ տեղում սրճարանների կառուցում ու նման օրինակներ, քան, ասենք, նոր անտառի ստեղծում: Մեզ մոտ, ինչպես բոլոր, այնպես էլ բնապահպանական հարցերը լուծվում են, երբ հասնում են տագնապային մակարդակի:
Նախօրեին երկրի խորհրդարանը քննարկել էր Սեւանից այս տարի 285 մլն խմ ջուր բաց թողնելու հարցը` ոռոգման խնդիրը լուծելու հիմնավորմամբ: Նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ օրենքի տեսակետից բոլոր ընթացակարգերը պահպանվել են, իրենք կանեն հնարավորը, որպեսզի Սեւանից բաց չթողնվի անթույլատրելի չափերի հասնող ջրաքանակ: Արամ Հարությունյանն ավելացրեց, որ Արփա գետով եւ մի քանի այլ ուղիներով ջուր է մտել Սեւան, եւ այդ գործընթացը շարունակվելու է: Այսինքն, բաց թողնված եւ Սեւան ուղղված ջրի քանակը կհավասարակշռի իրավիճակը: Սեւանի ջրի մակարդակն առաջիկա 5 տարիներին նախատեսում են տարեկան բարձրացնել 15 սմ-ով, կմաքրեն լճի ափամերձ տարածքներն ու նաեւ կհոգան լճում ձկնատեսակների պահպանման մասին. նախարարի խոսքով, միայն 1 մլն մանրաձուկ բաց կթողնվի լիճ:
Հարցին, թե Սեւանի ափին մոտեցող մարդը, որը որեւէ ծառայությունից չի օգտվում, զուտ տարածքում է գտնվում, պե՞տք է դրա համար գումար վճարի, նախարար Հարությունյանը պատասխանեց, թե Սեւանի ափամերձ տարածքներում ծրագրված է շուրջ 20 տոկոս ազատ հաճախելիության գոտի, որտեղ այցելելիս հանգստացողը չպետք է որեւէ մեկին որեւէ գումար վճարի: Այսինքն, լճափի յուրաքանչյուր հատվածում լինելու դեպքում ազատ հաճախելիության գոտու շրջանակներում հանգիստ կարող եք զբոսնել եւ որեւէ մեկին գումար չվճարել: Ինչպիսի՜ բարեսրտություն, չէ՞. մեր իսկ Սեւանի ափի 20 տոկոս գոտում կարող ենք առանց գումար վճարելու զբոսնել:
Թունավոր արտանետումների մասով եւս քայլեր պետք է ձեռնարկվեն: Նախարարի խոսքով, հայտնի է, որ մեքենաների թունավոր արտանետումներն ամենաշատը լինում են, երբ դրանք երկար կանգնում են խցանումների մեջ: Այս խնդրի համար մի քանի լուծումներ են պահանջվում, որոնցից են, օրինակ, այլ ճանապարհներով Երեւանը բեռնաթափելն ու մեքենաների խլացուցիչներում ֆիլտրող սարքեր տեղադրելը: Նախարարության գործողությունների ծրագրում տարատեսակ ուղղություններ կան, որոնց մասին կարելի է խոսել, երբ դրանք կիրականացվեն:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ