«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2008-05-23 | #99, 2008-05-24 | #100, 2008-05-27


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՆ» ԱՎԵԼԻ ԱՌԱՋ ԿԳՆԱ, ԵԹԵ ԲՈԼՈՐՍ ԼԻՆԵՆՔ ՆՐԱ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ

Ասում է պրոֆ. Անետա Երզնկյանը

- Տկն Երզնկյան, ձեր կարծիքով, ո՞րն է կինոլրագրողներ պատրաստելու եւ կինոլրագրությունը մեզանում պատշաճ մակարդակի հասցնելու նախապայմանը:

- Նախ ասեմ, որ իրոք, կինոլրագրության խնդիր ունենք եւ մտածում ենք այդ բացը լրացնելու մասին: Եթե նախկինում մեր ինստիտուտը պատրաստում էր միայն տեսաբաններ, հիմա նաեւ քննադատներ, լրագրողներ: Խորհրդային տարիներին մեզանում կար անաչառ կինոքննադատություն, երբեմն մտածում եմ, որ գուցե հիմա պահանջարկ չկա՞, բայց մյուս կողմից արդեն 5 տարի անցկացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի կողքին ավելանում են երիտասարդական, մանկական եւ այլ ֆիլմերի փառատոներ: Դա որոշակիորեն նպաստում է կինոլրագրությանը եւ, կարծում եմ, առաջիկա տարիներին դա անպայման կլինի: Կինոլրագրողների պակասը զգացվում է հատկապես փառատոնի ժամանակ եւ ահա հենց «Ոսկե ծիրանն» էլ փորձում է լրացնել այդ բացը: Մեր լրագրողները հիմնականում գրում են տարբեր թեմաների մասին, իսկ կինոն մյուս արվեստների պես պահանջում է կինոյի պատմություն խոր իմացություն, հայկական եւ համաշխարհային կինոզարգացումներին հետեւելու համառություն եւ այլն: Ծաղկաձորյան քննարկման ժամանակ համոզվեցի, որ ոչ բոլոր լրագրողներն են պատրաստ դրան, թեպետ կարծում եմ, որ նրանք ավելի հմուտ կլինեն կինոփառատոնի ժամանակ: Պետք է ավելի խորացնել շփումները կինոքննադատների ասոցիացիայի հետ, օգնել խորությամբ ըմբռնելու կինոզարգացումները: Եթե այդպիսի ըմբռնում լինի, անպայման ասպարեզ կգան մարդիկ, որոնք կգրեն կինոյի մասին, թերթերում կունենան առանձին սյունակներ եւ այդպես կկարողանան որոշակի ճաշակ ձեւավորել ու հետզհետե ուղեցույց դառնալ հանդիսատեսի համար: Խմբագրությունները պետք է այդ մասին մտածեն, որովհետեւ փառատոները մենակ ոչինչ չեն կարող անել, պետք է ունենալ հմուտ լրագրողներ, որոնք իրոք կկարողանան լուսաբանել տեղի ունեցող ամեն մի իրադարձություն:

- «Ոսկե ծիրանը» առաջիկայում կունենա կինոլրագրության եւս մեկ սեմինար, այս անգամ տարածաշրջանային, որին մասնակցող լրագրողները պետք է թղթակցեն փառատոնի օրերին լույս տեսնող թերթին: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի մեկ շաբաթվա ընթացքում ստեղծել պրոֆեսիոնալ թիմ:

- Շատ լավ է, որ «Ոսկե ծիրանն» այս տարի ունենալու է իր առանձին թերթը: Փառատոնային թերթերի համար ամենակարեւորը փառատոնի զարկերակը պահելն է, հենց դրանով է այն գրավիչ: Չպետք է մտածել, որ այդ թերթը պետք է լինի շատ խորը վերլուծական հոդվածներով հագեցած, դրանք թող լինեն մյուս թերթերում, կամ կինոամսագրերում: Փառատոնային թերթը չպետք է հավակնի լուրջ ընդհանրացումների: Ավելի շատ պետք է քրոնիկոն լինի, իհարկե 1-2 լուրջ հոդվածներով: Ինձ թվում է, այդ ֆորմատով մեր լրագրողները կկարողանան աշխատել, առավել եւս սեմինարից հետո: Հավանաբար ճիշտ կլիներ երկխոսության համար ժամանակ տալ, պարզել, թե ի՞նչ մակարդակի են հասել, ի՞նչ ճանապարհով են գնում: Ծաղկաձորյան քննարկմանը մասնակցած լրագրողների հարցերից շատ լավ երեւում էր, թե ո՞վ ավելի աշխույժ կաշխատի: Ամենակարեւորն, ըստ իս, այն է, որ մասնակիցները պատրաստ լինեն վերցնելու այն ամենը, ինչ տրվում է իրենց, մանավանդ որ կազմակերպիչները հրավիրում են հայտնի կինոգետների: Կիրիլ Ռազլոգովը մասնակցությունն արդեն իսկ երեւույթ էր մեզ համար: Եթե լրագրողների հետ փոխադարձ կապը չկայանա, շատ տխուր կլինի եւ արդյունքում չենք ունենա այն, ինչ ուզում ենք: Լրագրողները ոչ թե պետք է մտածեն, թե իրենց սպասելիքներն ավելին էին, այլ պետք է յուրացնեն իրենց մատուցած նյութն ու փորձեն առաջ գնալ: Այս սեմինարը ցույց տվեց, որ պրպտող, մի քիչ էլ դժգոհ դեմքեր կան: Երեւի դժգոհ լինելը ինչ -որ տեղ ճիշտ է, առաջ գնալու համար պետք է մի քիչ դժգոհ լինել:

Հունիսին կայանալիք դասընթացներին մեր ուսանողներից մասնակցելու են 4 հոգի, որոնք տիրապետում են անգլերենին, իհարկե, ոչ շատ բարձր մակարդակով: Անկեղծ ասած, ես մեծ սպասելիքներ ունեմ, որովհետեւ եւս մեկ քայլ ենք անում: Ասում եմ մենք, որովհետեւ ինձ չեմ տարանջատում «Ոսկե ծիրան» կինոփառատոնից, դա խոշոր երեւույթ է մեր կյանքում եւ բոլորս դրա մի մասնիկն ենք: Եթե մեզանից յուրաքանչյուրն այդ զգացումն ունենա, գործն ավելի առաջ կգնա:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4