«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2008-05-23 | #99, 2008-05-24 | #100, 2008-05-27


«ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆ ԻՐ ՄՏՔՈՒՄ ԵՂԱԾ ՖԻԼՄԸ ԲԵՄԱԴՐՈՒՄ Է ՄԵԿ ՊԱՏԿԵՐՈՒՄ»

Ասում է Վրեժ Քասունին

Վրեժ Քասունին Սիրիայից Հայաստան եկավ 1999-ինՙ մշակույթի նախարարության հրավերով մասնակցելու ծաղրանկարիչների ցուցահանդեսին եւ հենց դա էլ առիթ դարձավ մտածելու գեղանկարչական կրթություն ստանալու եւ փորձառություն ձեռք բերելու մասին: Ավարտեց Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանը, տարվեց իր երազած անիմացիայի աշխարհով եւ մոտ 8 տարի մուլտիպլիկացիայում աշխատելուց նկարահանեց իր առաջին կարճամետրաժ ֆիլմըՙ «Սեր կամ ,,,», որն օրեր առաջ ցուցադրվեց Կաննի միջազգային փառատոնի արտամրցութային ծրագրերից մեկում: «Ես միշտ ասել եմ, որ գեղանկարիչը նաեւ բեմադրիչ է, իր մտքում եղած ֆիլմը նա բեմադրում է ընդամենը մեկ պատկերում: Հալեպում քանդակներ էի անում, գրում էի փոքր սցենարներ, պատմվածքներ, սակայն երբեք չէի մտածում հրատարակելու մասին: Ֆիլմ նկարահանելու ցանկություն ունեցա Հարավային Կովկասի անկախ կինոգործիչների միության կազմակերպած դասընթացներին մասնակցելուց հետո: Ուղղակի որոշեցի փորձել կարողություններս, որեւէ փառատոնի ուղարկելու նպատակ չունեի: Ֆիլմը չկայացած սիրո պատմություն է այն մասին, որ մեր կյանքում առիթներ ենք ունենում մեծ սեր ունենալու, բայց մեր իսկ ձեռքով կորցնում ենք: Նաեւ այն մասին է, որ սերը հավասարազոր է կյանքին, եթե կորցնում ես սերդ, կորցնում ես նաեւ կյանքդ, իհարկե, ոչ ֆիզիկապես, պարզապես դառնում ես ստվեր եւ ապրում աննկատ: Այսինքնՙ սեր կամ ոչինչ: Օպերատոր Հակոբ Կարանֆիլյանի հետ ֆիլմը նկարահանեցինք ընդամենը 3 օրում, ընտրեցինք ոչ պրոֆեսիոնալ դերասանների, որոնցից մեկը Անուշ Եզեգելյանն է», պատմում է Վրեժ Քասունին:

Ֆիլմին ստեղծմանը աջակցել է «Ազդ» ստուդիայի հետ ղեկավար Հայկ Հարությունյանը, տրամադրելով կինոխցիկ եւ նկարահանման համար անհրաժեշտ բոլոր պարագաները: Կաննի կինոփառատոն ուղարկելուց առաջ Քասունին ֆիլմը ցուցադրեց Դուբայի փառատոնում, մասնակցելով անկախ պրոդյուսերների համար անցկացված դասընթացներին: «Ֆիլմը հավանության արժանացավ, բայց խորհուրդ տվեցին մի քանի շտկումներ անել: Ոգեւորվեցի եւ սկսեցի աշխատել մոնտաժի եւ երաժշտության վրա: Քանի որ ֆիլմում երկխոսություն չկա, երաժշտությունը չափազանց կարեւոր էր: Թավջութակահար Արտյոմ Մանուկյանն այդ աշխատանքը հրաշալի կատարեց ֆիլմի կադրերը դիտելով եւ հենց տեղում իմպրովիզացիա անելով: Ֆիլմն ավարտելուց հետո ցուցադրեցի կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին, որ ինձ ոգեւորություն ներշնչեց իր խորհուրդներով ու խոստացավ աջակցել ֆիլմը տարբեր փառատոներ ուղարկելով: Մարտի վերջին ֆիլմն ուղարկեցի Կաննի կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմանկյուն» արտամրցութային ծրագրին: Ծիծաղելին այն է, որ ուղարկելուց հետո գրեթե մոռացել էի, երբեմն մտածում էի, թե որեւէ ծրագրում չի ընդգրկվել: Կաննից ստացել եմ մի քանի հազար էլեկտրոնային նամակ, գրում են, որ գեղեցիկ եւ էմոցիոնալ ֆիլմ է: Անչափ ոգեւորված եմ եւ արդեն իսկ մտածում եմ ֆիլմի մյուս 2 մասերը նկարահանելու մասին: Շատ եմ ցավում, որ վիզայի ուշացման պատճառով չկարողացա գնալ»:

Կաննի ծրագրերում ընդգրկված մյուս բոլոր ֆիլմերի պես Քասունու ֆիլմը եւս կցուցադրվի «Ոսկե ծիրան» 5-րդ կինոփառատոնում: «Սեր կամ ...» ֆիլմը կընդգրկվի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4