Հայաստանի էներգետիկայի նախարարը հավաստիացրեց, որ շինարարությունը կավարտվի 2 տարում
Ճապոնիայի կառավարությունը եւս 10,4 մլրդ իեն (մոտ 100 մլն դոլար) կհատկացնի Հայաստանի կառավարությանը Երեւանի ՋԷԿ-ի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով աշխատող ժամանակակից էներգաբլոկ կառուցելու համար: Այդ մասին երեկ համապատասխան պայմանագիրը ստորագրեցին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յասուո Սաիտոն:
Ստորագրման արարողությունից հետո Հայաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալություն հայտնելով ճապոնական կողմին, հիշեցրեց, որ 2005-ին այս ծրագրի իրականացման համար Ճապոնիայի կառավարությունը տրամադրել էր 16 մլրդ իեն (150 մլն դոլար) վարկ արտոնյալ պայմաններովՙ 0,75 տոկոսով եւ 40 տարի ժամանակահատվածով, որից 10 տարին արտոնյալ ժամանակաշրջան է: Տրամադրված գումարով կառուցվելիք համակցված շոգեգազային էներգաբլոկը պետք է ունենար 205 մվտ հզորություն: Այն պետք է արտադրեր համեմատաբար էժան էլեկտրական էներգիա, 2-2,5 անգամ ավելի քիչ գազ օգտագործելով եւ կրկնակի նվազ արտանետումներով:
Երեւանի ՋԷԿ-ի տարածքում նոր էներգաբլոկի կառուցման համար մինչ այժմ հայկական կողմն անցկացրել էր գլխավոր կապալառուի մրցույթը, որը դարձել է «Միցուի ինջիներինգ» կոնսորցիումը: Սակայն նկատի ունենալով վերջին 2-3 տարիներին համաշխարհային շուկայում սարքավորումների, շինարարական եւ մոնտաժային աշխատանքների գների զգալի աճը, ինչպես նաեւ առավել ժամանակակիցՙ 241 մվտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նպատակահարմարությունը, Հայաստանի կառավարությունը դիմել է Ճապոնիայի կառավարությանը լրացուցիչ 10 մլրդ իեն (100 մլն դոլար) հատկացնելու խնդրանքով:
Ճապոնիայի դեսպանն իր ելույթում նշեց, որ իր երկրի կառավարությունը լրացուցիչ 100 մլն դոլարը հատկացրել է ծածկելու համար գների բարձրացման հետեւանքով առաջացող լրացուցիչ ծախսերը: Նա հայտնեց նաեւ, որ Ճապոնիայի կառավարությունը մի շարք այլ ծրագրերով եւս համագործակցել է Հայաստանի կառավարության հետ եւ ընդհանուր առմամբ այդ ծրագրերի արժեքը կազմում է 375 մլն դոլար: Այդ գումարի գերակշիռ մասըՙ ավելի քան 300 մլն դոլարը ուղղվել է էներգետիկայի ոլորտին: Մասնավորապես 250 մլն դոլարը Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը, 35 մլն դոլարը 110 կվ ենթակայանների վերականգնման եւ 12 մլն դոլարը էներգահամակարգի կառավարման բարձր արդյունավետության SCADA կապի համակարգի ներդրման ծրագրերին:
Նկատի ունենալով, որ 2005-ին կնքված համաձայնագրի հիման վրա Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը պետք է կառուցված լիներ 2008-ին, հարց ուղղեցինք էներգետիկայի նախարարին, թե այժմ ի՞նչ փուլում է ծրագրի իրականացումը եւ ե՞րբ է նախատեսվում ավարտել: Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ աշխատանքներն արդեն սկսված են եւ քանի որ նախատեսված գումարները չէին հերիքում, խնդիր կար հավելյալ ֆինանսավորման: Ըստ նրա, հավելյալ 100 մլն դոլարը հնարավորություն կտա 2 տարում ավարտելու նոր էներգաբլոկի շինարարությունը:
Որքա՞ն էլեկտրական էներգիա կարտադրի նոր կայանը եւ ի՞նչ կարժենա նրա արտադրած էլեկտրական էներգիան հարցերի առնչությամբ էներգետիկայի նախարարը պատասխանեց, որ նախ այժմ հնարավոր չէ ասել, թե ինչ կարժենա գազի գինը 2 տարի հետո եւ ըստ այդմ էլ, թե ինչ կարժենա էներգաբլոկի արտադրած էլեկտրական էներգիան, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան տարեկան կկազմի 1-1,5 մլրդ կվտ/ժ:
Հիշեցնենք, որ 2005-ին, երբ ստորագրվում էր 150 մլն դոլարի տրամադրման պայմանագիրը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրել էր, որ նոր էներգաբլոկի արտադրված էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի 7-8 դրամ եւ կբավարարի այն ժամանակվա պահանջարկի մեկ վեցերորդը:
Գազի գնի վերաբերյալՙ 2-3 ամիս հետո
Լրագրողների այն հարցին, թե Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ ի՞նչ պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ «Գազպրոմի» նախագահ Միլլերի Հայաստան այցելելուց հետո գազի գնի բանաձեւի վերաբերյալ համատեղ որոշման գալու համար Հայաստան է ժամանել ռուսական աշխատանքային խումբը. որի հետ բանակցություններ են ընթանում: Նախարարի կարծիքով, այդ բանակցությունները կտեւեն 2-3 ամիս, որից հետո հնարավոր կլինի գազի գնի մասին տեղեկություն հայտնել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ